Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐՁԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 23,2009 00:00

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը Լոս Անջելեսում հեռարձակվող հայկական հիմնական հեռուստաալիքներից մեկով՝ ARTN-ով (հայաստանյան «Շանթ» հեռուստաընկերության՝ ԱՄՆ-ում պաշտոնական գործընկեր), հեռարձակվող «Փարոս» հեռուստահաղորդման ընթացքում կտրուկ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման համար եւ պնդել, որ հայաստանյան մամուլը եւ մասնավորապես հեռուստաընկերությունները տեղեկատվական շրջափակման մեջ են: Հովսեփյանը մեղադրել է նախագահին «հապճեպ» եւ «գաղտագողի» հայ-թուրքական համաձայնության հասնելու մղման մեջ: Այդ հարցազրույցին հաջորդած մեկ այլ հարցազրույց-հաղորդման ընթացքում ՀՅԴ Արեւմտյան ափի կոմիտեի անդամ Հովհան Թասչյանը կոչ է արել Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսներին հանդես գալ հստակ դիրքորոշմամբ եւ ընդդիմանալ «Սերժ Սարգսյանի ստրկամիտ եւ զիջողական, պարտվողական եւ նվաստացուցիչ քաղաքականությանը»: «Պատմությունը մի անկյուն ունի, որ վերապահված է իր նմանների համար, եւ նա նզովքի է արժանանալու»,- հայտարարել է Թասչյանը: Շուրջ մեկ ժամ տեւած հաղորդման եւ «թեժ գծի» ընթացքում Թասչյանը ամենակտրուկ բնորոշումներով է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին եւ հասկացրել է, որ հոկտեմբերի 13-ին հայ-թուրքական համաձայնագիր ստորագրելու պարագայում ՀՅԴ-ն պահանջելու է ոչ միայն Էդվարդ Նալբանդյանի, այլեւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք, որ Լոս Անջելեսում հեռարձակվող տարբեր հեռուստաալիքներով ՀՅԴ-ն կոչ է ուղղում տեղի հայ համայնքին՝ մասնակցելու սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում հրավիրվող հանրահավաքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել