Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ Է ՊԵՏՔ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Ասում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ «Սիվիլիթասի» երեկ կազմակերպած քննարկմանը ներկա էին ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի դեսպանները, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՀՅԴ ղեկավարները եւ այլք: Եվ այս հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե տվյալ փաստաթղթերով «թուրքերին միանշանակ ու միանվագ տրվում է այն, ինչ նրանք ցանկացել են վերջին 17 տարիների ընթացքում»: Նաեւ նշեց. «Այս փաստաթղթում ես պարտվողականություն եմ տեսնում»:

Առկա իրավիճակը նա խիստ բացասաբար գնահատեց. «Սփյուռքն ու Հայաստանը երբե՛ք այսքան հեռու չեն եղել միմյանցից: Մեր հասարակությունը երբե՛ք այսքան բեւեռացված չի եղել: Եվ մեր ժողովուրդը, մեր հասարակությունն այդքան անհույս չի եղել իր երկրի, իր ապագայի նկատմամբ: Եվ այսօր նորից մեզ ասվում է, որ եթե չլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը, եթե չբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ուղղակի այս երկիրը հեռանկար չունի: Այսօր ես կարող եմ առավել մեծ համոզումով ասել, որովհետեւ մենք այս ճանապարհը անցել ենք, որ դա այդպես չէ, որ այս երկիրը դեռեւս մեծ ներուժ ունի զարգանալու»:

Հայաստանի ԱԳ նախարարության շուրջ 10 տարվա ղեկավարի ինքնախոստովանությամբ՝ դեռ կա մի ոլորտ, ուր թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանությունը չի համարձակվել ոտք դնել. շատ քիչ բան է արվել քաղաքական բարեփոխումների բնագավառում. «Դժբախտաբար մեր պետությունը շատ հեռու է ժողովրդավարական պետություն լինելուց: Մինչդեռ այդ բառից է կախված, մեր ամբողջ ապագան եւ անվտանգությունը: (Ավելի ուշ հարցուպատասխանի ընթացքում նշեց, թե նույնիսկ ավելի կայուն վիճակում շատ բարդ կլիներ տվյալ խնդրի հանգուցալուծումը. «Ուր մնաց թե՝ այսօր, երբ դեռ մարտիմեկյան հարցերը չեն լուծվել, բանտերում մարդիկ կան, ընտրության հետ կապված դեռ խնդիրներ կան, տեսնում եք՝ ընդդիմությունը հազարներով ցույցեր է անում, պահանջներ են դնում».- Ա. Ի.) Մենք իսկապես լուրջ ներդրումներ չենք արել մեր ժողովրդավարական հաստատություններն ամրագրելու»: Հավելեց. «Չենք ստեղծել խաղի հավասար պայմաններ, չունենք դեռեւս իրավական հասարակական հիմք՝ պաշտպանելու այդ իրավունքները, որը հնարավորություն է բացում նաեւ տնտեսական բարգավաճման: Բայց սահմանի փակ լինելը չի եղել խոչընդոտը այդ արժեքների ներմուծման եւ կիրառման: Խոչընդոտը եղել է մեր նախորդ եւ այսօրվա իշխանությունների դժկամությունը, իսկապես, սերմանելու այն հիմքը, որը պետք է հաստատի ժողովրդավարությունը այս երկրում»:

Ակնարկելով, թե մեր ներքին խնդիրների լուծումը փնտրվում է դրսում՝ Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Մեր խնդիրները ներսո՛ւմ են: Այդ խնդիրների լուծումները նույնպես ներսում պետք է փնտրել: Այդ փաստաթղթերի ստորագրումը մեր ներքին խնդիրները չի լուծելու: Ընդհակառա՛կը՝ դրանք նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ են ծնելու, որոնք կարող է դիմագրավել միայն ու միայն միակամ, ուժեղ, ազատ եւ հույսով լի հասարակությունը»:

Այս ամենով հանդերձ՝ նա դրվատանքի վերապահ խոսքեր էլ ասաց նախաստորագրված արձանագրությունների մասին, նշելով, թե դրանք իրենց «բոլոր վիճելի, ժխտելի ձեւակերպումներով թերեւս կարելի է ընդունել, եթե ընդամենը չլինի, իմ կարծիքով, մի նախադասություն եւ մի քանի բառ: Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթն այս ձեւակերպումներով մեզ համար ընդունելի չէ»: Եվս մեկ անգամ շեշտեց. «Արձանագրությունն այնպես է գրված, որ ոչ միայն մենք համաձայնում ենք հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլեւ մենք հաջորդ նախադասությամբ համաձայնում ենք միանգամից զիջել մեր պատմական իրավունքները: Մենք նույնիսկ փակում ենք պատմական արդարության վերականգնման թեկուզ եւ տեսական հնարավորությունը»: Գրեթե լացակումած էր Վարդան Օսկանյանի ձայնը, երբ հայտարարեց. «Այս փաստաթուղթն այս բովանդակությամբ ոչ ոք հայ ժողովրդի մեջ իրավունք չունի՛ ստորագրել»:

Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ, ավելի վաղ, ասուլիսում հակադարձել էր նախկին ԱԳ նախարարի՝ այս արձանագրությունների եւ Էդվարդ Նալբանդյանի հասցեին քննադատությանը, նշելով. «Օսկանյանի հոգեբանական վիճակը ես շատ լավ հասկանում եմ։ Կա հայտնի ասացվածք. ոչինչ այդքան դաժան չէ, քան պաշտոնից հրաժարումը: Կարող է այդ հոգեբանական բաների հետ է կապված: Կարծում եմ, ավելի կոռեկտ կլինի, եթե մեր նախկին արտգործնախարարն իր գործընկերոջ եւ ղեկավարած գերատեսչության մասին մի քիչ ավելի կոռեկտ եւ զուսպ գտնվեր… Եթե իրեն թվում է, որ ինքն ավելի հայրենասեր է, քան այսօրվա արտգործնախարարը՝ չարաչար սխալվում է»: Ու թերեւս այս հայտարարությունը նկատի ուներ պրն Օսկանյանը, երբ քննարկման ժամանակ նշեց. «Իմ քննադատությունները լսելով՝ որոշ անձինք ինձ մեղադրում են նախանձախնդրության մեջ: Կարծում եմ՝ սա արվում է, որ շեղվեն իսկական, բովանդակային քննարկումներից: Հարցն այսքան պարզեցնելով՝ նրանք ուզում են ընդհանրապես անտեսեն: Բայց ուզում եմ մի խոստովանություն անել՝ ինձ մոտ իսկապես կան նախանձախնդրության պահեր, բայց թուրքակա՛ն դիվանագիտության նկատմամբ: Ես երբե՛ք ռիսկ չէի անի այդպիսի փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ: Ես երբե՛ք այդպիսի փաստաթուղթ չէի ստորագրի եւ վստահեցնում եմ ձեզ՝ չեմ նախանձում այն մարդուն, որը շուտով այս փաստաթղթերը կստորագրի»:

Քիչ անց նաեւ խոստովանեց. «Շատ եմ տանջվում այս հարցում. ուզում եմ «այո» ասել սահմանի բացմանը, բայց խիղճս չի տանի այս փաստաթղթին «այո» ասել, հաջորդ սերունդների առաջ իմ խիղճը չի տանի»:

Պատասխանելով «Նոր Հայաստան» կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանի հարցին, թե ինչ է պետք անել, որ չստորագրվեն այս արձանագրությունները՝ Վարդան Օսկանյանն ասաց, թե ժողովրդական ալիք պետք է լինի. «Դա պետք է արտահայտվի, որ իշխանությունը զգա, որ գնում է ժողովրդի կամքին հակառակ»: Նաեւ պատրաստակամություն հայտնեց լինել այդ ժողովրդական ալիքի առաջատար դիրքերում. «Պատրաստ եմ քաղաքական ուժերի հետ քննարկել, ներգրավվել եւ իմ մասնակցությունը բերել այս բոլորին»: Բայց երբ հարցրին, թե հնարավո՞ր է պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ պատասխանեց. «Մեկը մյուսի հետ ոեւէ կապ չունի»:

Հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթացը հենց պրն Օսկանյանի ԱԳ նախարար պաշտոնավարման օրոք է սկսվել՝ ներկա ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք իրեն մեղավոր ու պատասխանատու չի՞ համարում: «Մենք պատրաստ չենք եղել Ղարաբաղի հարցում 10 տարի բանակցելուց հետո ինչ-որ փաստաթուղթ դնել մեր ժողովրդի առաջ: Դրա համար էլ ես ո՛չ ամաչելու, ո՛չ ինչ-որ վատ զգալու բան չունեմ,- ասաց Վարդան Օսկանյանը:- Մեր գնահատականը պետք է տրվի այնքանով, որ մենք թուրքերի եւ ադրբեջանցիների հետ՝ երկու ուղղությամբ էլ համաձայնության չենք հասել, քանի որ մեր նշաձողը եղել է բարձր, եղել է համապատասխան մեր ազգային շահերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել