1997-ին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել էր հայ-վրացական սահմանը կա՛մ ականապատել, կա՛մ դրա երկայնքով փոսեր փորել
Որ վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում լարվածություն է առաջացել՝ փաստ է: Իսկ վերջին սրացումների պատճառն այն էր, որ օգոստոսի վերջերին հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ էին եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին, ովքեր այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ ունեն, արգելել էին մշակել հողը: Խնդիրը հատկապես սրվել էր Բավրա գյուղի շրջանում, որի բնակիչները զրկվել էին մոտ 3 կմ երկարությամբ եւ 408 մետր լայնությամբ սեփական հողատարածքները մտնելու հնարավորությունից:
ՀՀ կառավարությունում ստեղծվեց հայ-վրացական սահմանի հստակեցման հանձնաժողով, որի գործունեության արդյունքները դեռ հայտնի չեն, թեեւ սահմանների հստակեցման հարցը երկու պետությունների միջեւ նոր խնդիր չէ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանն արձանագրեց, թե վրացիներն այսօր արդեն «բառիս բուն իմաստով գրավել, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ զավթել են Հայաստանի 850 հազար քմ կամ 85 հա տարածքը»: Նրա ասելով, թեեւ մինչեւ վերջերս վրացական կողմից Հայաստանի տարածքը զավթելու գործնական փորձեր չէին եղել, այդուհանդերձ, դեռ տարիներ առաջ կանխատեսելի էր, որ հայ-վրացական սահմանին առնչվող լարվածություն մի օր պիտի լիներ, ու դրանում, որքան էլ զարմանալի է, նա մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին: «Սրա արմատները գնում, հասնում են 1997 թվական: Այն ժամանակ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն, այսպես կոչված՝ տեսչական այց էր կատարել Բավրա, իսկ ավելի ուշ՝ նաեւ Սադախլո, որտեղ մաքսային ծառայության ղեկավարները բարձրացրել էին նաեւ հայ-վրացական սահմանի վրա մաքսանենգության հարցը»,- ներկայացրեց Ե. Աբգարյանը: Նրա ասելով, երբ նախկին վարչապետ Քոչարյանին տեղեկացվել էր, որ սահմանի վրա մաքսանենգությունը շատ է, նա առանց երկար-բարակ մտածելու միանգամից առաջարկել էր՝ սահմանն ականապատել: «Այս մարդը իրականում չի հասկացել, թե ինչ է նշանակում սահման: Երբ մաքսային ծառայության աշխատակիցները մի կերպ, քաշվելով հասկացրել էին, որ դա նպատակահարմար չի կամ անթույլատրելի է, Քոչարյանը երկրորդ առաջարկն էր արել՝ էքսկավատորներով փորել ամբողջ սահմանի երկայնքը: Այդպես էլ արել էին»,- ասաց Աբգարյանը:
Ու քանի որ անմիջականորեն սահմանի եզրով փորել չէր կարելի, որովհետեւ սահմանը, հասկանալի է՝ երկկողմանի է, եւ մի կողմը ընդհանրապես սահմանին ձեռք տալու իրավունք չունի, ուստի՝ «խրամատները» փորվել էին Հայաստանի տարածքում: Աբգարյանի մատուցմամբ, հենց դա էլ ակամա դարձել էր սահման, որից օգտվել են վրացիներն ու քիչ-քիչ առաջ են եկել: «Ես այդ վտանգի մասին թերթերից մեկում ահազանգել եմ դեռ տարիներ առաջ: Գործնականում հայ-վրացական սահմանը տեղաշարժվել է ոչ միայն Բավրայի հատվածում, այլեւ՝ Հայաստան-Վրաստան ողջ սահմանում: Վրացիները սահմանի փեշերով մինչեւ այդ փորված «խրամատները» անընդհատ անտառատնկումներ են արել եւ սահմանն արհեստականորեն առաջ են բերել դեպի Հայաստանի տարածք: Բավրայի սահմանի մոտ անտառներ չկան, բայց վրացիներն այստեղ էլ 85 հա՝ ըստ այդ փոսի, գրավել են: Կալինինոյի շրջանում եւս նման խնդիր կա»,- փաստեց Ե. Աբգարյանը:
Մեր հացին, թե՝ վրացիների կողմից այդ հարցում արդյոք դիտավորություն կա՞, Ե. Աբգարյանը պատասխանեց. «Դիտավորություն կա, թե չկա՝ այլ խնդիր է: Եթե առաջ գալու հնարավորություն կա, եւ առիթն էլ դու ես տվել, ոչ մի պետություն դրա առաջ չի կանգնի եւ առաջ կգա»: Նրա ասելով, ինքը հայ-վրացական, նաեւ հայ-թուրքական սահմանների հստակեցման հարցը բարձրացրել է ՀՀ խորհրդարանում դեռ 1998թ.-ին, երբ հարց է ուղղել այն ժամանակ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, բայց այդպես էլ խնդիրը տեղից չէր շարժվել. «Ես դեռ այն ժամանակ ասացի, որ հարկավոր է սահմանները հստակեցնել, որովհետեւ այն ժամանակ մի կողմից՝ Արաքսի ջրերն էին ողողում ձախ ափը, մյուս կողմից՝ ավազն էր փորվում, եւ սահմանը տեղաշարժվում էր դեպի Հայաստանի տարածքը: Ոչինչ չարվեց: Հիմա Քոչարյանի շնորհիվ վրացիները հիմք ստացան ամբողջ սահմանը առաջ քաշելու մինչեւ այդ փորած փոսերը, թեեւ պետք է հասկանային, որ դա փոխադարձ համաձայնությամբ չի արված, ու հետեւաբար՝ փոսը չէր կարող հիմք լինել առաջ գալու համար: Հիմա ասում են՝ սահմանի 70 տոկոսն, իբր, արդեն հստակեցված է, բայց մնացած 30-ի մասով վրացիներն էլի առաջ են գալիս, թեեւ դա բոլոր տեղերում չէ, որ երեւում է»:
Ի դեպ, վերջերս ռուս քաղաքագետներից մեկը հայ- վրացական սահմանի շուրջ տեղի ունեցող երեւույթները փորձել էր բացատրել երրորդ ուժի, իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիայի ներգործությամբ: Ի պատասխան այս դիտարկմանը՝ պարոն Աբգարյանն ասաց. «Անկախ երրորդ կամ չորրորդ ուժի առկայությունից, ես մի բան գիտեմ՝ եթե պետություն կա, պետությունը պարտավոր է իր սահմանները պահել: Դեմարկացիայի պրոցեսն արդեն տարիներով է ձգձգվում, եւ փաստն այն է, որ վրացիներն այսօր էլ աշխատում են հայկական կողմից պոկել այնքան, որքան հնարավոր է»: