«Վէմ» հանդեսի երկրորդ ծնունդը
Մեր օրերում, երբ ընթանում են ազգի հոգեմտավոր կառուցվածքի խաթարմանն ուղղված լուրջ գործընթացներ եւ ինտելեկտուալ ընթերցողի պահանջները մամուլի էջերում հաճախ են անտեսվում, համահայկական գիտական հանդեսի տպագրությունը կարեւոր իրադարձություն է: «Վէմը»՝ իբրեւ այդպիսին, շարունակությունն է 1930-ական թվականներին Փարիզում Սիմոն Վրացյանի խմբագրությամբ լույս տեսած նույնանուն հանդեսի: Սփյուռքի հայության հիմնախնդիրները խորապես գիտակցող Ս. Վրացյանը, դեռեւս այդ տարիներին նախաձեռնելով մշակույթի եւ պատմության երկամսյա հանդեսի հիմնադրումը, «Վէմի» համար իբրեւ ղեկավար սկզբունք առաջադրում էր «գիտական առարկայականությունն ու ճշմարտությունը»: Սա նշանակում էր ընդլայնել հայագիտության զարգացման հորիզոնները եւ ազգային հոգեբանությունն ու մտածողությունը համահարաբերակցել ժամանակի գիտության պահանջներին:
Ուրախալի է, որ առաջին խմբագրի սկզբունքների իրագործմանը լրջորեն հետամուտ են նաեւ հանդեսի մերօրյա նախաձեռնողները։ Հանդեսի ներկա խմբագրի՝ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանի կողմից իբրեւ նպատակ առաջադրվում է հետեւյալ հիմնախնդիրը. «Հայոց հավաքական հիշողության մեջ ամրագրված՝ Հայոց հայրենիքի ամբողջականության եւ Հայոց պատմության ու մշակույթի զարգացման շարունակականության ու անընդհատության աշխարհայացքային զույգ մեկնակետերի հիման վրա նպաստել ազգի գիտական ինքնաճանաչողության որակապես նոր մակարդակի ձեւավորմանը եւ նրա գոյության հիմքերի՝ վեմերի հետագա ամրապնդմանը» («Մեր խոսքը», էջ 7):
«Վէմի» բաժինները կառուցվածքային ուշագրավ փոխկապակցվածություն ունեն, ինչը ներքին դինամիկա (հարաշարժություն) եւ ինքնատիպ դիմագիծ է հաղորդում հանդեսին: Մասնավորապես «Հիմնաքարեր» խորագրի ներքո զետեղված կոնցեպտուալ հոդվածներին (սրանցից առաջինը (հեղինակ՝ Է. Լ. Դանիելյան) նվիրված է հայոց բնապատմական միջավայրի պաշտպանության առաջադրանքի գիտական հիմնավորմանը, երկրորդը (հեղինակ՝ Հ. Ա. Գեւորգյան)՝ Հայաստանի պատմության եւ մշակույթի իմաստասիրական մեկնաբանությունը՝ ժամանակակից պատմագիտական եւ քաղաքագիտական տեսությունների լույսի տակ) հաջորդում են «Պատմություն» եւ «Գրականություն» խորագրերը, որոնք նախանշում են մի դեպքում Հայոց ցեղասպանության պետական ծրագրի երեք փաստաթղթերի, մյուս դեպքում՝ հայ դասական գրողի եւ անգլիացի վիպասանի երկերի համեմատական վերլուծությունը՝ համապատասխանաբար պատմական եւ գրական իրողությունների լույսի ներքո (Ռ. Սաֆրաստյան, «Հայոց ցեղասպանության պետական ծրագիրը», Ա. Մակարյան, Հ. Շարուրյան, «Լեւոն Շանթի «Հին Աստվածները» եւ Վ. Գոլդինգի «Սրաձողը»):
Նախորդ դարի պատմական եւ մշակութային մի շարք արժեքների յուրօրինակ իմաստավորումն է տրված նաեւ «Հիշողություն» եւ «Վավերագրեր» բաժիններում: Այստեղ հրապարակված նյութերի զգալի մասը առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ եւ, անկասկած, կհետաքրքրի Հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվողներին (ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում մասնավորապես Ս. Հովհաննիսյանի, Ա. Հարությունյանի, Գ. Ավագյանի, Ա. Հակոբյանի գիտական հրապարակումների վրա):
Կառուցվածքային առումով սահուն է անցումը արդիական խնդիրներին նվիրված «Տնտեսություն» եւ «Մշակույթ» խորագրերին: ՀՀ տնտեսության հիմնախնդիրների վերլուծությունը համաշխարհային ճգնաժամերի փորձի համատեքստում (հեղինակ՝ Ա. Մարգարյան) եւ հայ մշակութային կյանքը ներկայացնող երկու դրվագների գեղագիտական քննությունը (հեղինակ՝ Լ. Լաճիկյան) մատուցված են թարմ շնչով: Հանդեսը եզրափակվում է «Վէմի» 1933-1939թթ. համարներում տպագրված հոդվածների մատենագիտությամբ:
Իրենց բովանդակային ամբողջության մեջ հանդեսի նյութերը առավելապես հակված են գիտականորեն իմաստավորելու ազգային արժեհամակարգի մի շարք կողմերը՝ անցյալի իրողությունների հենքի վրա: Եվ դա բնական է. պատմական փաստերը, գիտական հիշողությունն ու վավերագրերը սերունդների առաջ միշտ էլ նորովի բացահայտվելու խնդիր ունեն: «Վէմի» առաջին համարը նաեւ այդ առաքելության կրողն է: Հուսանք, որ հետագա համարներում հեղինակների հայացքը սեւեռուն ուղղվածությամբ կփորձի վեր հանել ներկա իրողությունները նույնպես՝ ի շահ ազգի «ամբողջական ինքնաճանաչողության»: