Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում
(Շարունակություն)
Իրավիճակից դուրս գալու ելքը
Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից: Դա չարվեց, եւ, անհարմար վիճակից դուրս գալու համար, Ղարաբաղի ղեկավարությունը բավարարվեց հակամարտության կարգավորման գործընթացում իր մասնակցության անհրաժեշտության մասին արված արտաքուստ սկզբունքային, բայց իրականում դատարկ հայտարարություններով: Ղարաբաղի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սիրում են տեղի-անտեղի կրկնել, որ հավատում են Սերժ Սարգսյանին եւ համոզված են, որ նա փաստաթուղթ չի ստորագրի կամ, իրենց խոսքով ասած, Ղարաբաղը չի տա։ Հավատն, անշուշտ, հարգանքի արժանի զգացում է, բայց, դժբախտաբար, ո՛չ քաղաքական կատեգորիա: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հավատաց թուրքերին, բայց դա չխանգարեց, որ վերջիններս հուսախաբ անեն նրան։ Ուստի, թող ներվի ասել, ղարաբաղցիների հավատն այս հարցում հավատ չի ներշնչում:
Բանականությունը հուշում է, որ Ղարաբաղի ղեկավարների վարքագծի հիմքում բոլորովին այլ դրդապատճառներ են թաքնված: Սերժ Սարգսյանը չէր կարող ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացրած չլինել կարգավորման ծրագրի ողջ բովանդակությունը: Հետեւաբար, եթե տեղեկացված լինելու պարագայում անգամ, ղարաբաղցիները որեւէ շոշափելի քայլ չեն ձեռնարկում սեփական խնդրի անցանկալի լուծումը կանխելու ուղղությամբ, ապա դա նշանակում է, նրանք համաձայն են այդ լուծմանը։ Իսկ եթե, համաձայն չլինելով հանդերձ, չեն ուզում հակադրվել Սերժ Սարգսյանին, ապա դա է՛լ ավելի վատ բան է նշանակում, այն է՝ նրանց համար ավելի կարեւոր է ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը, այլ Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության պահպանումը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգավորման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախադրյալներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը։ Լեգիտիմ իշխանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւ նահանջելու հայկական կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով։ Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է։
Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով։ Առաջին եւ ամենամեղմ ճանապարհը Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականն է։ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանամերձ շրջանակներում շշուկներ են պտտվում, թե անկախ իր պահվածքից ու կատարած հայտարարություններից, միեւնույն է, Սարգսյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ եթե այնուամենայնիվ հարկադրված լինի ստորագրել, ապա հրաժարական կտա։ Պնդողներ կան, որ վերջինս ինքն էլ անձնական զրույցներում բազմիցս հաստատել է Ղարաբաղի խնդրի անընդունելի լուծման պարտադրանքի պարագայում հրաժարական տալու իր մտադրությունը։ Այդուհանդերձ, այդ շշուկներն, իմ կարծիքով, հիմքեր չունեն եւ տարածվում են ընդամենը Ղարաբաղի ճակատագրով մտահոգվածների մտավախությունները թեկուզ ժամանակավորապես փարատելու նպատակով։ Սերժ Սարգսյանն այնքան է խճճվել իր լեգիտիմության ճանաչման դիմաց միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների ցանցում, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող չստորագրել իրեն առաջարկված վերջնական համաձայնագիրը։ Միջազգային հանրությունը բազմաթիվ լծակներ ունի այդ բանը Սարգսյանին թույլ չտալու համար՝ սկսած նրա լեգիտիմության խնդրի եւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի արծարծումից, ավարտած նրա դեմ կուտակած վարկաբեկիչ նյութերով, այլ կերպ ասած, կոմպրոմատներով։
Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով։ Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ Ազգային Կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը։ Ժամանակն ու տեղը չեն ներում կրկնել այդ ելույթի բոլոր փաստարկները։ Ցանկացողները կարող են դրանց ծանոթանալ «Վերադարձ» վերնագիրը կրող վերջերս հրատարակված իմ գրքում։ Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւ հետեւողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջը։ Ուրիշ ոչ ոք առայժմ նման պահանջով հանդես չի եկել։ Դա ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխանափոխությունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամաձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի բախտը։
Ուրեմն, մնում է եզրակացնել, որ ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ Ղարաբաղը մնացյալ քաղաքական ուժերին պետք չեն։ Ընդ որում, պետք չեն ոչ միայն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին, այլեւ համակարգի բարիքներից օգտվող գրպանային քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավին, հայրենասիրությամբ զբաղվող նոմենկլատուրային մտավորականությանը, գիտությունների ակադեմիայի նախագահությանն ու ակադեմիական ինստիտուտների տնօրեններին, պետական բուհերի ռեկտորներին, ինչպես նաեւ բազմաթիվ լրագրողների ու քաղաքագետների։ Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք հայտնի են բոլորիդ։ Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում։ Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղարաբաղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւ։ Թե՞ կարծում են, որ զրկանքներն ու զոհողություններն ուրիշների բաժինն են, իսկ իրենք կոչված են միայն հայրենասիրություն խաղալու եւ փափուկ կյանք վայելելու։
Հայ Ազգային Կոնգրեսն ապացուցելու կարիք չունի, որ հանուն ժողովրդի իղձերի իրականացման պատրաստ է ցանկացած զոհողության ու զրկանքի։ Սակայն դժբախտաբար, մինչեւ բոլոր նշածս ուժերը ոտքի չկանգնեն եւ բացահայտ կերպով Սերժ Սարգսյանից հաշիվ չպահանջեն Ղարաբաղյան կարգավորման բնագավառում վարած կործանարար քաղաքականության համար, Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը։ Այս դառը ճշմարտությունը ոմանց կասկածելի է թվում, եւ Կոնգրեսին երբեմն մեղադրում են, թե խուսափելով վճռական գործողություններից, նա սպասում է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի ձախողմանը, որպեսզի դրանից հետո, ժողովրդական ընդվզման անխուսափելի ալիքի վրա, տիրի Հայաստանի իշխանությանը։ Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչու նման պարագայում Կոնգրեսի քննադատներն իրենք ոտքի չեն հանում ժողովրդին, այդ կասկածներին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով հայտարարում եմ.
ա. Հայ Ազգային Կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռք բերված իշխանություն պետք չէ.
բ. Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի.
գ. Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք, եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կատարել այդ դերը։
Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։ Կախված այդ ուժերի արձագանքից, մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը։ Ես ընդհանրապես չեմ սիրում խնդիրներն անձնավորել, բայց երբ անուններ չեն հնչում, բոլորը ձեւացնում են, թե խոսքն իրենց չի վերաբերում։ Ուստի եթե արձագանք չլինի, ապա հաջորդ հանրահավաքում, թերեւս, ստիպված լինեմ նաեւ անուններ տալ։ Հարկ եմ համարում ավելացնել, որ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելու որոշումը պայմանավորված է նաեւ մի այլ ծանրակշիռ հանգամանքով։ Ի զարմանս ողջ հասարակության, վերջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխանությունները հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաք։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Ըստ երեւույթին երկու բան. կա՛մ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստից առաջ իշխանություններն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում վերացված են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման սահմանափակումները, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրագրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին մենք, բնականաբար, տուրք տալու իրավունք չունենք։
Իսկ այժմ՝ բարի երթ եւ մինչ նոր հանդիպում։