Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:
Տնտեսություն
Թե ինչ է կատարվում տնտեսության բնագավառում, հայտնի է բոլորին: Չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահավիժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով: Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար–ապրիլ՝ 9.3%, հունվար–մայիս՝ 15.7%, հունվար–հունիս՝ 16.3%, հունվար–հուլիս՝ 18.5%։ Եթե սրան գումարենք նաեւ արտաքին առեւտրի, մանավանդ արտահանման ծավալների շարունակվող կրճատումը, կապիտալի չդադարող արտահանումը, արտասահմանյան ներդրումների եւ բյուջեի հարկային եկամուտների անընդհատ նվազումը, ապա Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման այլ չափանիշ փնտրելու կարիք չի լինի:
Էլ որտեղ, եթե ոչ նշված մակրոտնտեսական ցուցանիշներում պետք է արտացոլվեր միջազգային վարկերի եւ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, ինչը, սակայն, իսպառ բացակայում է։ Իսկ սա նշանակում է, որ կա՛մ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կա՛մ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կա՛մ էլ՝ դրանք պարզապես մսխվում են։ Մի բան ակնհայտ է, որ այդ միջոցներից համարյա ոչինչ չի հասնում արդյունաբերողներին, մանր ու միջին բիզնեսին եւ գյուղատնտեսությանը, որոնց խթանման հետ է կապված, առաջին հերթին, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման հույսը։ Ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռք բերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից։ Հրատապ միջոցներ ձեռք չառնելու պարագայում մանր ու միջին ձեռնարկատիրությունը մեկ տարի հետո պարզապես կդադարի գոյություն ունենալ, եւ երկրի ողջ տնտեսությունը կհայտնվի մոնոպոլիաների, իսկ ավելի ճիշտ, քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում։
Իսկ ճգնաժամի խորացմանն ու սոցիալական դրության վատթարացմանը զուգընթաց, առաջիկա ձմռանը ժողովուրդը կզգա նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով իր վրա ընկած լրացուցիչ բեռի ծանրությունը։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությունն այլ կերպ, քան ոչ արհեստավարժ կամ հանցավոր, կամ էլ՝ անմեղսունակ, չի կարելի համարել։ Ընդ որում, խնդիրն ամենեւին անձերին չի վերաբերում, որովհետեւ նրանց փոփոխությունն անզոր է որեւէ կերպ ազդելու իրականության վրա։ Քոչարյանի եւ Սարգսյանի ձեւավորած ավազակապետական համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությունը եւս նրանցից ոչնչով չի տարբերվելու։ Այնպես որ, անիմաստ է որեւէ հույս կապել վարչապետի եւ կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել։ Դա, իհարկե, բացառված չէ, քանի որ Սերժ Սարգսյանին ինչ-որ պահի անպայման քավության նոխազ պետք է գալու։ Բայց այդ առթիվ ո՛չ պետք է ուրախանալ, ո՛չ էլ տխրել, քանի որ, ինչպես ասացի, դրանից ոչինչ չի փոխվելու։
Կարող է թվալ, թե ես մռայլ գույներով եմ ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը։ Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը։ Պատահական չէ, որ «Ա1+» գործակալության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 83%-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, իսկ 58%-ը պատրաստ է մշտական բնակություն հաստատել արտասահմանում։ Ես ո՛չ աղետ եմ գուժում, ո՛չ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել։ Բայց չեմ կարող նաեւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին։ Մեր ուժը եւ միակ զենքը ճշմարտությունն է, այլապես ժողովուրդը շուրջ երկու տարի չէր գա մեր ետեւից։ Որեւէ շեղում այս ճանապարհից՝ մեզ չի ներվի, եւ ժողովուրդը երես կթեքի մեզանից։ Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել։
Ժողովրդավարություն եւ օրինականություն
Տնտեսականից ավելի անմխիթար վիճակում է շարունակում մնալ ժողովրդավարության եւ օրինականության բնագավառը՝ ավելի անմխիթար բացառապես այն պատճառով, որ վերջինս, ի տարբերություն տնտեսության, կախված է միայնումիայն իշխանությունների կամքից։ Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որոշել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդդիմություն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տեռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում, իսկ իրական հանցագործները՝ ավազակապետության հենարանը հանդիսացող քրեական հեղինակությունները, կաշառակեր պաշտոնյաները, հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը, պաշտոնատար անձանց եւ օլիգարխների ձեռքի տակ գործող զինված բանդաները, մարդասպաններն ու խուլիգանները պետք է զերծ մնան պատասխանատվությունից, ինչի վկայությունն են համարյա բոլոր աղմկոտ սպանությունների, կողոպուտների, ներիշխանական հաշվեհարդարների կանոնավոր պարտակումները։
Այս ամենի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ չարժե դրա վրա առանձնապես ծանրանալ։ Սակայն չեմ կարող շրջանցել հետեւյալ երկու կոնկրետ իրողությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի պայմանավորման, հետեւաբար, հույժ հրատապ քաղաքական բովանդակության առումով.
1. Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւս շարունակում է մնալ բանտերում։ Նրանց ներկայացված են նույն շինծու մեղադրանքները, որոնցով դատապարտված էին համաներմամբ ազատ արձակված մնացյալ քաղբանտարկյալները։ Ի՞նչն է, արդ, պատճառը, որ նույն մեղադրանքներով ամբաստանված մարդկանցից ոմանց վրա տարածվեց համաներումը, իսկ մյուսների վրա՝ ոչ։ Պատճառներից մեկը ես նշել եմ իմ նախորդ ելույթներից մեկում. դա Սերժ Սարգսյանի քինախնդրությունն է, իշխանություն բանեցնելուց ու ցավ պատճառելուց ստացած հաճույքը, մեծահոգի գործ կատարելու անընդունակությունը, եթե կուզեք՝ սադիզմը։
Սակայն եթե այս պատճառը նողկալի է մարդկային առումով, մանավանդ պետական այրի պարագայում, ապա մյուսն ավելի նենգ ու դավադրական է քաղաքական տեսակետից։ Տասնինը հոգին պատանդ են պահվում Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման առթիվ սպասվող ժողովրդական հուզումները զսպելու կամ նվազեցնելու նկատառումով։ Վարչախմբին թվում է, թե եթե վերջիններս մնան բանտերում, մարդիկ կզգուշանան մասնակցել բողոքի ցույցերին՝ նրանց բախտին չարժանանալու համար։ Ավելորդ է նշել, իհարկե, որ սա սին հույս է, քանի որ, երբ քաղբանտարկյալներն անգամ շատ ավելի բազմաթիվ էին, միեւնույն է, այդ հանգամանքը չվախեցրեց մարդկանց, որոնք մեկուկես տարի շարունակ չլքեցին պայքարի առաջին գիծը։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ քանի դեռ վերջին քաղբանտարկյալը տուն չի վերադարձել, խնդիրը, ինչպես նախկինում, մնալու է Կոնգրեսի եւ Համաժողովրդական շարժման գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը բխում է թե՛ հասարակության, թե՛ պետության եւ թե՛ Ղարաբաղի շահերից՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանցից շատերը Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներ ու հերոսներ են։ Ուստի իշխանությունների հապաղումն այս հարցում ոչ միայն հակարդյունավետ է, այլեւ քաղաքականապես անհեռատես ու վտանգավոր, եթե չասենք՝ դավաճանական։
2. Մյուս ցավոտ, բայց չլուծված խնդիրը մնում է մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտումը եւ նրա բուն պատասխանատուների նկատմամբ արդարադատության իրականացումը։ Պատրանքներ չպետք է փայփայել. հակառակ հասարակական պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին, ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվելու, եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու։ Դա ապացուցելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում, որովհետեւ բոլորիս աչքի առջեւ, մեկուկես տարի շարունակ, Հայաստանի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը եւ դատարանները ցինիկաբար զբաղված են կատարված հանցագործությունները կոծկելու, հետաքննության ընթացքը շեղելու, վկաներին ահաբեկելու կամ կաշառելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ ոչնչացնելու գործով։
Սակայն ինչ էլ անեն, միեւնույն է, կեղծիքի այս հանցավոր մեքենան մշտապես կանգնած է լինելու հետեւյալ կոնկրետ հարցերին պատասխանելու հարկադրանքի առջեւ. ովքե՞ր են սպանությունների հեղինակները եւ ի՞նչ պատժի են ենթարկվել նրանք։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում, գոնե բուն կատարողներին դատելով, իշխանությունները կարողացան, թեկուզ ժամանակավորապես, իրենց զերծ պահել պատասխանատվությունից։ Մարտի 1-ի դեպքում դա շատ ավելի դժվար, գրեթե անհնար է լինելու։ Ուստի կարծում եմ, սպանությունների գծով իշխանությունները վերջիվերջո դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի եւ դրանով խնդիրը փակված համարելու։ Արդյոք դա կբավարարի՞ միջազգային հանրությանը, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Բայց որ Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկածում։
Համենայնդեպս, Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարներին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւ Հաագայի դատարան։ Կոնգրեսին, «Ժառանգություն» կուսակցության համագործակցությամբ, արդեն իսկ հաջողվել է Փաստահավաք խմբի միջոցով ապշեցուցիչ ու անհերքելի բացահայտումներ կատարել, որոնք շուտով կհասցվեն ավարտի, եւ մարտի 1-ի եղկելի ոճրագործության ողջ պատկերը պարզ կդառնա յուրաքանչյուր բանական մարդու համար։ Եթե Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին թվում է, թե իրենք մարտի 1-ը մարսելու են, ապա նրանք չարաչար սխալվում են։
Հայ–թուրքական հարաբերություններ
Անցնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների քննությանը, բնականաբար, մենք պետք է կանգ առնենք հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վրա։ Հայ–թուրքական հարաբերություններում ամեն ինչ պարզ է։ Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը։ Հայաստանն, ըստ այդմ, մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական դերակատարության։
Ներկայումս մեր երկրում քննարկվող ամենագլխավոր թեման Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելու հարցն է դարձել, կարծես ավելի կարեւոր հարց գոյություն չունի կամ դրանից ինչ-որ բան է կախված։ Հայ Ազգային Կոնգրեսն, ի դեմս Լեւոն Զուրաբյանի եւ Աշոտ Սարգսյանի, արդեն տվել է այս հարցի սպառիչ պատասխանը, որը, մասնակի լրացումներով, հարկ եմ համարում կրկնել ավելի լայն լսարանի առջեւ, որպիսին սույն հանրահավաքն է։ Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ Հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու եւ այն սակարկության առարկա դարձնելու հարցում։ Ուստի ո՛չ մեկնելով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ։
Ինչպես ձեզ հայտնի է, վերջերս Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարել է, որ Թուրքիա կմեկնի միայն մի պարագայում՝ այն է, եթե սահմանը մինչ այդ բացված լինի։ Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում։ Առաջին, որ, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը։ Եվ երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով։ Այնուամենայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաեւ այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին։ Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ «շեմ» բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ։
Սակայն սա չէ էականը, այլ այն, թե ինչու է, այնուամենայնիվ, Սարգսյանը նեղացել թուրքերից։ Որ քեզ խաբե՞լ են։ Է՛հ, թող չխաբվեիր։ Մի՞թե պարզ չէ, որ եթե ոչ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության մեջ, որքան էլ բարոյական առումով մերժելի, մեղավորը ոչ թե խաբողն է, այլ խաբվողը։ Ուստի եթե խաբվել ես, ապա պիտի նեղանաս, առաջին հերթին, քեզանից։ Կամ էլ, եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեիբաց հայտարարել այդ մասին եւ ճշգրտումներ մտցրու քո քաղաքականության մեջ։ Ինչեւէ, սրանք զուտ հռետորական հարցեր ու բացականչություններ են, քանի որ միեւնույն է, Սերժ Սարգսյանը ուզի-չուզի գնալու է Թուրքիա՝ նախ, որովհետեւ հակառակը նրան թույլ չեն տա, եւ երկրորդ, նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել։ Իսկ չմեկնելու պարագայում, որը քիչ հավանական է, Սարգսյանը ավելի մեծ վնաս կպատճառի մեր երկրին եւ ավելի նվաստացուցիչ ու ծիծաղելի վիճակի մեջ կդնի իրեն։ Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ–թուրքական արձանագրություններին, ապա առայժմ բավարար համարելով Հայ Ազգային Կոնգրեսի ձեզ ծանոթ պաշտոնական գնահատականը, չեմ բացառում, որ մի այլ առիթով դրանց անդրադառնամ ավելի հանգամանորեն։
Այս պահին հարկ եմ համարում շեշտել միայն հետեւյալը. նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ արտահայտված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք։ Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլեւս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել։ Ես մեծ մտավախություն ունեմ, որ հակառակ Կոնգրեսի հնչեցրած մշտական ահազանգերին, նույնը տեղի է ունենալու նաեւ Ղարաբաղի պարագայում. մի օր արթնանալու են, տեսնեն ամեն ինչ ստորագրված-վերջացած է, ու դրանից հետո սուգուշիվան անեն։
Լեռնային Ղարաբաղ
Եթե հայ–թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը։ Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ–Ալիեւ–Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.
2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը։ Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է։ Բայց սա չէ կարեւորը։ Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի։
Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման կտրուկ եզրակացություն կատարելու։ Առաջին հերթին, անշուշտ, նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունը, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը։ Նման բան, սովորաբար, տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը։
Նույնքան նշանակալի է նաեւ հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից հետեւյալ վեցը.
– Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
– Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ.
– Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
– Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով.
– Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք.
– Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ։
Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն։ Ալիեւն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւ Ֆասիեի պարագայում։ Վիճելն անիմաստ է, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը։ Դատելով պաշտոնական արձագանքից, Ադրբեջանը կարծես թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավորման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայտումներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը եւ Լաչինը՝ հինգ–վեց տարի հետո։
Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա պաշտոնական քարոզչամեքենան զերծ է մնում մանրամասների բացահայտումից եւ առանց որեւէ խանդավառության թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատում եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում։ Այժմ տեսնենք՝ երեք նախագահների հայտարարության պարունակած սկզբունքները հաստատո՞ւմ են այս պնդումները, թե՞ ոչ։ Սակայն մինչ այդ նշենք, որ հայտարարությունը շարադրված է եզովպոսյան լեզվով, այլաբանությունների եւ եւֆիմիզմների առատ գործածությամբ, ինչը նպատակ է հետապնդում հեշտացնել հակամարտող կողմերի պատասխանատուների գործը, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ուզածի պես մեկնաբանելու վերոհիշյալ սկզբունքները եւ դրանք մատուցելու սեփական հասարակություններին։ Դիվանագիտության մեջ այսպիսի հոգեբանական հնարքների կիրառումն ամենեւին հազվադեպ չէ։
Ինչեւէ, ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի համաձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Թվում է, գերտերությունների նախագահների հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կետում նշված է. «Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ»։ Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռեւս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղապահ գործողություն» անորոշ արտահայտության։ Արդյոք սա պատահական վրիպում կամ մանրո՞ւք է. չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետեւյալը։ Հանդիպելով բարդությունների եւ համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւ ներկա պահին գտնել մի ձեւակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանությունների։ Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել։ Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլեւ կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով։
Նույնքան կասկածելի ու երերուն է «Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը։ Թեեւ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը։ Մասնավորապես պարզ չեն հետեւյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանցքի կարգավիճակը, ի՞նչ լայնություն է ունենալու այն, եւ վերջապես, ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվելու նրա տարածքը։ Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը։ Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում։ Ժամանակին Մինսկի խմբի համանախագահները շրջանառության մեջ էին դրել Լաչինի միջանցքի հարցի լուծման երեք տարբերակ.– այն փոխանակել Մարդակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանի կողմից գրավված տարածքների հետ, շուրջ 400 քառ. կմ մակերեսով.– միջանցքի տարածքը 99 տարվա ժամկետով վարձակալության հանձնել Հայաստանին.– նույն ժամկետով միջանցքը դնել միջազգային վերահսկողության տակ։ Խնդիրն այն չէ, թե որքան ընդունելի էին նշված առաջարկները, այլ այն, որ միջանցքի կարգավիճակի սահմանումը օրակարգի հարց էր դեռեւս տարածքների վերադարձին նախորդող փուլում։ Մինչդեռ այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ազատ տրանզիտի ապահովման գաղափարին։ Եվս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ եւ նրա կարգավիճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջեւան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձեւակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա այն ավելի հանգամանալից բացատրության կարիք է զգում։ Այս պնդման հիմքն, ակնհայտորեն, միջնորդ երկրների երեք նախագահների հուլիսի 10-ի հայտարարության հետեւյալ կետերն են – ա. «Հիմնական սկզբունքներն արտացոլում են բանական փոխզիջում, հիմնված Հելսինկյան վերջնական ակտի՝ Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության եւ Ժողովուրդների հավասար իրավունքների ու Ինքնորոշման սկզբունքների հիման վրա» – բ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»։ Քանի որ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն ի բնե հակասում են միմյանց, ապա առաջին կետն ունի զուտ հոգեբանական նշանակություն, հետեւաբար, անիմաստ է նրանից քաղաքական եզրակացություններ կատարել։ Փաստաթղթում այդ կետը տեղ է գտել միայն այն նպատակով, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունը տվյալ փուլում սեփական հասարակություններին կարողանա համոզել, թե իբր Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագայում լուծվելու է կողմերից յուրաքանչյուրի ակնկալած սկզբունքի հիման վրա։
Առաջին հայացքից ավելի առարկայական է թվում մյուս կետը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման որոշման ամրագրում։ Սակայն անհասկանալի է մնում, որ եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը։ Հանրաքվե նշանակելու համար պետք է օգտագործվեր գոնե «ժողովրդի կամարտահայտություն» կապակցությունը։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է «հանրաքվե» բառից խուսափելու համար։ Ինչո՞ւ։
Հիշեցնեմ, հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, Պրահյան գործընթացում եւ ապա տեղ գտել Մադրիդյան առաջարկներում։ Այնուհետեւ հանդիպելով ադրբեջանական կողմի դիմադրությանը, համանախագահներն ստիպված եղան այդ բառը փոխարինել «պլեբիսցիտ» կամ «ժողովրդական հարցում» բառերով։ Երբ դա էլ չգոհացրեց ադրբեջանցիներին, հայտնվեց, ահա, «կամարտահայտություն» անորոշ ձեւակերպումը, ինչը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողությամբ։ «Կամարտահայտությունն», այո՛, կարող է մեկնաբանվել որպես հանրաքվե, սակայն ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաեւ Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային ժողովի որոշումը։ Դատելով զարգացումներից, պետք է արձանագրել, որ խնդիրը, դժբախտաբար, վերջիվերջո հանգելու է նման իրողության։
Այդուհանդերձ, նույնիսկ սա չէ էականը։ Եթե կարգավորման սկզբունքներում թեկուզ հստակորեն նշված լիներ «հանրաքվե» բառը, ապա դա դեռեւս ոչինչ չէր նշանակի, որովհետեւ առանց որոշակի պայմանների հստակեցման, այն կմնար որպես դատարկ հնչյուն։ Այդ պայմանները, որոնք ես ներկայացրել եմ իմ նախորդ ելույթներից մեկում, հետեւյալն են.– ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը.– ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն.– ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն.– ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին.– ինչպե՞ս է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը.– ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն։ Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ «հանրաքվե» բառն է օգտագործված։
Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում։ Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված եւ պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն։
Հարց է առաջանում. եթե պիտի վերադառնայիք փուլային տարբերակին, ապա ինչի՞ համար էր այս տասը տարվա կորուստը, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության նվազում, ուժերի հարաբերակցության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացում եւ այլն։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Մյուս, ավելի ցավալի կողմն այն է, որ 1997թ. փուլային տարբերակը հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր էր, քան այսօրվա լուծումը, թեկուզ միայն շնորհիվ այն բանի, որ նրանում հստակորեն երաշխավորված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը եւ խոսք չկար ադրբեջանցի փախստականների բուն Ղարաբաղ վերադառնալու մասին։
Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին։ Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից։ Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին։ Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար։ Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով։ Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական։
Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է։ Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին։ Այսինքն, 1999 թվականից սկսած, Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռք բերված այդ կարգավիճակը։ Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով։ Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա։
Ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ նպաստավոր մոտալուտ հանգուցալուծման մյուս պատճառը, որքան էլ պարադոքսալ թվա, ավազակապետության կողմից Հայաստանի ազգային հարստության սանձարձակ կողոպուտն է, որի մեջ ներքաշված են ինչպես ողջ պետական համակարգը, այնպես էլ քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը։ Ես առիթներ ունեցել եմ կոնկրետ փաստերի հիման վրա հայտարարելու, որ վերջին տասը տարիների ընթացքում բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ իշխանությունների հովանավորությունը վայելող խոշոր ձեռնարկատերերի կողմից հափշտակվել է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին, միլիարդավոր դոլարների հասնող մի գումար, որը մեր հայրենասեր «ընտրյալների» ձեռքով կա՛մ ծախսվել է վայելքների, ցոփությունների ու շքեղությունների վրա, կա՛մ էլ արտահանվել օտար երկրներ։ Կարելի է տարակուսել, թե ինչ կապ կա այդ երեւույթի եւ Ղարաբաղի հարցի միջեւ։ Կապն ուղղակի եւ ակնհայտ է։ Դա ես բացահայտել եմ դեռեւս 2007թ. հոկտեմբերի 26-ի իմ ելույթում, նշելով հետեւյալ պարզ ճշմարտությունը. «Եթե այդ գումարը ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ»։ Անկախության մասին ասվածը թերեւս չափազանցություն է, բայց որ այդ պարագայում Արցախն այսօր բազմամարդ ու ծաղկուն երկիր կլիներ, հետեւաբար, իրադարձությունների վրա ազդող լուրջ քաղաքական գործոն կհանդիսանար, կասկածից վեր է։
Իսկ երրորդ պատճառը թերեւս կարիք էլ չկա հիշեցնելու, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու իրողությունն է, ինչը նրան ստիպում է միջազգային հանրությանը հաճոյանալու եւ դրա շնորհիվ որոշ լեգիտիմություն ձեռք բերելու նպատակով անհարկի զիջումներ կատարել թե՛ հայ–թուրքական հարաբերությունների եւ թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Որքան էլ փորձենք, այս հարցերում նրա դրսեւորած տարօրինակ վարքագծի այլ բացատրություն դժվար է գտնել։ Լեգիտիմության խնդիր չունենալու պարագայում նրան ոչինչ չէր ստիպում հայտարարել, որ սահմանի բացման դիմաց պատրաստ է համաձայնել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը կամ խիստ զիջողական դիրք գրավել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Տպավորություն է ստեղծվում, որ հանուն իր բռնազավթած իշխանության լեգիտիմացման, նա պատանդ է դարձել այնպիսի անխախտելի պայմանավորվածությունների, որոնցից ետ կանգնելու որեւէ հնարավորություն չունի։ Ընդ որում, այդ պայմանավորվածություններն, ըստ երեւույթին, ձեռք են բերվել դեռեւս նախագահական ընտրություններից առաջ։ Այլապես անհնար է բացատրել միջազգային հանրության ընդգծված հանդուրժողական վերաբերմունքը ինչպես կեղծված ընտրությունների, այնպես էլ մարտի 1-ի ոճրագործության եւ ընդդիմության ու ժողովրդի դեմ կիրառված բռնությունների նկատմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարակշռվածությունը։ Փաստերի վերը կատարված վերլուծությունը ցույց է տալիս, սակայն, որ կարգավորման ներկա ծրագրում խախտված է հենց այդ սկզբունքը. Ադրբեջանը ստանում է շատ ավելին, քան Ղարաբաղը եւ Հայաստանը։ Այլ կերպ արտահայտված, Սերժ Սարգսյանը, անընդունելի նկատառումներով, գնում է մի լուծման, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հայկական կողմի համար, իսկ ավելի խիստ՝ վտանգի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի գոյությունը։ Հնարավո՞ր է, արդյոք, շրջել իրադարձությունների զարգացման ընթացքը կամ ինչ-որ կերպ ազդել նրա վրա։ Այս հարցերի քննությանն է նվիրված, ահա, ելույթիս վերջավորությունը։
Շարունակությունը՝ Իրավիճակից դուրս գալու ելքը