Երեկ «Դիսկ պլանետ» ձայնասկավառակների խանութ-սրահում կայացավ երիտասարդ երգչուհի Լուսինայի առաջին «LUCINA» ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Դեռ մանկուց երգչուհու կարիերիայի երազանք ունեի, բայց անհայտ ուղիներով ընկա ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետ: 2005-ին, ավարտելով ուսումս, տեղափոխվեցի Նյու Յորք՝ երազանքս իրականացնելու ակնկալիքներով եւ հենց այնտեղ սկսեցի կարիերաս: Երկար ու բարդ ճանապարհ եմ անցել՝ աշխատելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Գի Մանուկյանը, Ուայքլիֆ Ջինը, Ջերի Ուոնդանը եւ Իեր Քենդին: Այսօր քաղում եմ արդյունքը՝ առաջին ձայնասկավառակս»,- խոստովանեց երգչուհի Լուսինան: Ի դեպ, ինչպես նկատում է երգչուհին, նրա եւ Ուայքլիֆ Ջինի համագործակցության արդյունքում ստեղծված «On Tour» երգը իրեն բերեց հաջողություն: Նշենք, որ Լուսինան այն միակ հայաստանցի արտիստն է, ում հաջողվել է պայմանագիր կնքել EMI Records-ի հետ: Առաջին «LUCINA» ալբոմն էլ թողարկվել է հենց EMI Records-ի կողմից:
Երգչուհու պրոդյուսեր, երաժիշտ-գործիքավորող Գի Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Լուսինայի հետ աշխատելը շատ աղվոր բան մը կլիներ, ինքը լավ անձ է: Արդեն նկարել է շատ բարձր մակարդակի 4 կլիպ: Նրա ալբոմն արդեն ամեն աշխարհում գցած է…»:
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն էլ երիտասարդ երգչուհու մասին այսպես արտահայտվեց. «Լուսինային շատ վաղուց եմ ճանաչում, ես համոզված էի, որ նա մեծ հաջողությունների է հասնելու: Այն ոճը, այն ուղղությունը, որ ընտրել է Լուսինան՝ հաջողություն կունենա, սակայն Հայաստանում թերեւս ավելի դժվար, քանի որ մենք սովորել ենք այլ երաժշտության, բայց դրսում նրա հաջողությունն արդեն առկա է: Այն, ինչին նա հասել է միջազգային շուկայում՝ արդեն բավարար է Հայաստանի համար: Այստեղ նա կարիք չունի ինքնահաստատվելու, քանի որ դրսում, ըստ իս, հանդես կգա միայն բարեգործական միջոցառումներով՝ ինչը մեր ազգը ներկայացնելու համար բավական լուրջ գործոն է»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ նշեց. «Լուսինայի գործունեությունը շատ հստակ արվեստ կոչել չեմ կարող, բայց նա ունի բոլոր նախադրյալները արվեստի հասնելու՝ լավ ձայնային տվյալներ, կենդանի կատարողականություն, գրագետ անգլերեն եւ շրջապատված է լավ երաժիշտներով»: