Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԽԵՆԹԱՆՈՑԻ» ՀՆԱԲՆԱԿԸ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Շուրջ 60 տարի Մայր թատրոնում է դիմահարդար Ռիմա Չիլինգարյանը

«… Կզարմանաք, թե ոնց եղավ, որ ես մի հեռո՜ւ, կորած շրջանի (Նոյեմբերյան) անտառի մեջ թաքնված փոքրիկ գյուղից, տասնամյակս դեռ չավարտած, հայտնվեցի Երեւանում եւ ոչ ավել, ոչ պակաս՝ աշխատանքի ընդունվեցի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում…»,- հուշատետրում իր գրառումներն այսպես է սկսում Մայր թատրոնի շուրջ 60 տարվա դիմահարդար Ռիմա Չիլինգարյանը:

Ռիման հիշում է ամենքին ու ամեն ինչ. ի՜նչ հետաքրքիր պատմություններ գիտի՝ կապված մեծ դերասանների հետ: «Օրինակ, «Օթելլո» ներկայացման ժամանակ գինու շշի խցանները վառում էինք, մանրում, փոշի դարձնում, բացում գարեջրով: Վահրամ Փափազյանը սկզբից մատը թաթախում էր մրի մեջ, ճակատին խաչ քաշում, աղոթում, հետո սկսում քսել դեմքը: Էդ օրը ձեռքը տարավ աչքին ու գոռաց. «աղջիկս, աչքս բան մը մտավ…»: Ես ուզեցի նայել, ձեռքը թաթախեց մրաջրի մեջ եւ ամբողջ երեսս մրեց: Հուզվեցի, քիչ էր մնում լաց լինեի, բոլորը ծիծաղեցին, ես միացա նրանց: Հիշում եմ, 6 լեզուներով «Օթելլո» էր խաղում Փափազը, աշխարհով մեկ շրջում էր, որ վերադառնում էր, մեր դահլիճում տեղ-դադար չէր լինում. ի՜նչ դերասան էր»,- հիացմունքով հիշում է Ռիման:

«Գիտե՞ս, որ Փափազյանը թատրոնը խենթանոց էր համարում,- ժպտալով ասում է Ռիման եւ ավելացնում,- մի օր պարետատանը սպասում էինք, ռայոնական ներկայացման էինք գնալու: Հեռախոսի զանգ եղավ, Փափազը վերցրեց, երեւի հարցրին՝ թատրոնի՞ց է. «Ոչ, ասիգա խենթանոցից է»,- ասաց: Նորից զանգեցին, նորից նույն պատասխանը տվեց: Ես հարցրի. Վարպետ, ինչո՞ւ եք այդպես ասում: «Է՜, աղջիկս, որ խենթ չըլլանք, դերասան չենք ըլլա»: Մի անգամ էլ «Օթելլոյի» ժամանակ վերջին կտորն էր խաղում. հա մռնչում էր ու դես ու դեն գնում: Հուշարարը հենց իմացավ՝ դերը մոռացել է, սկսեց վրա-վրա նույն նախադասությունը հուշել: Վերջը Փափազյանը հետ դարձավ, գոռաց. «Այ լակոտ, ձայնդ կտրի, է՛…»: Դահլիճում մի հռհռոց դրին, մի հռհռոց… ետ դարձավ, նայեց դահլիճին, անմիջապես լռություն տիրեց»:

Փափազյանից անցնում է Հրաչյա Ներսիսյանին, ապա Գուրգեն Ջանիբեկյանին, Ավետ Ավետիսյանին, Մհեր Մկրտչյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Բաբկեն Ներսիսյանին եւ, իհարկե, Վարդան Աճեմյանին: «Կներես, թե ժամանակ ունես, մի բան էլ պատմեմ,- էլի ոգեւորվում է Ռիման եւ առանց պատասխանի սպասելու շարունակում. «Քաոս» ներկայացման մեջ Մետաքսյան Շուշանիկ էր խաղում, Բաբկեն Ներսիսյանը՝ Միքայել: Հրդեհի տեսարանում գնում էի Մետաքսյայի մազերը մի քիչ խառնում: Բաբկեն Ներսիսյանը նրան գրկած դուրս էր բերում, դնում հատակին ու գնում հորը բերելու: Այդ անգամ երեւի անզգույշ էի խառնել մազերը. Շուշանիկը հենց որ տեղից բարձրանում է՝ մազերը մնում են հատակին: Ժողովուրդը ծիծաղում էր ու ծափ տալիս: Ծիծաղելու բան չկա, գրիմանոց է մտնում Մետաքսյան՝ մազերը ձեռքին բռնած: «Առ, էս ծափերը քեզ են վերաբերում»,- ասաց՝ ինքն էլ ծիծաղելով: Ի՜նչ ծիծաղ ուներ Մետաքսյան, որ սկսում էր կչկչալ, էլ վերջացնել չկար: Գիտե՜ս ինչ կոմեդիա էր «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը,- անմիջապես անցում է կատարում Մհեր Մկրտչյանին,- Լուսյա Հովհաննիսյանը Ֆրունզի կինն էր խաղում, տղաներս էլ երեխաներն էին: Որ օրը քեֆը լավ էր լինում, երբ տղաս վազում էր «հայրիկ» գոռալով, հրում էր, ասելով՝ «Դուն իմ տղան չես, Հայաստանը փափախ է արել», ու դահլիճը պայթում էր ծիծաղից»:

Ռիման հպարտությամբ ու թախծոտ կարոտով է խոսում թատրոնի լավ օրերի մասին, պատմում, թե ինչքան շատ ներկայացումներ էին խաղում. «Կիրակի օրը երեք ներկայացում էինք խաղում, մի հատ ցերեկային, մի հատ երեկոյան, մի հատ էլ՝ շրջաններում: Նույնիսկ դեկտեմբերի 31-ին էինք խաղում: Մի դեկտեմբերի 31-ի էլ «Փորձադաշտ» էին դրել: Այդ օրը զինվորներ էին եկել, դահլիճը լեփ-լեցուն էր. խաղում էին Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետիսյանը, Արուս Ասրյանը եւ ուրիշներ: Այդ օրը կրճատումներով խաղացին, որ շուտ ավարտեն, գնան Նոր տարվա նախապատրաստություններ անելու: Արագ-արագ իջանք պարետատուն, տեսանք մի պալկովնիկ՝ կնոջ թեւը բռնած կանգնած է: Շատ դժգոհ ասաց. «Ես շատ նեղացել ու զայրացել եմ, ներկայացումը կիսատ-պռատ խաղացիք. ես սա շուտ նայել էի, կնոջս բերեցի, որ նա էլ տեսնի, հաճույք զգա, ուրախանա, իսկ դուք…», Ջանիբեկյանը չթողնելով ավարտի խոսքը, մի քանի քայլ առաջ եկավ ու վրա տվեց. «Քաք ես կերել, որ եկել ես, կնոջդ էլ բերել ես. տո, դու քամբախ չունես, որ Նոր տարվա գիշերը եկել ես, որ մենք մայմունություն անենք, ձեզ ծիծաղեցնենք, դուրս գնա…»: Ռիման ավարտում է խոսքն ու անմիջապես ուզում է ուրիշ մեկի մասին պատմել, բայց ես ընդհատում եմ. ավելի լավ կլիներ դիմահարդար Ռիմայի հուշերը գիրք դառնար, թե չէ սա մի փոքրիկ շնորհավորանքի խոսք է նրա 80-ամյակի առիթով:

Զրուցելով Ռիմայի հետ, զարմանում ես նրա պայծառ հիշողության, աշխույժ պատմելաձեւի վրա. տարիքը բացարձակ չի զգացվում: Հիշում է բոլոր ներկայացումները՝ հեղինակով, բեմադրող ռեժիսորով, բոլոր դերակատարներով, առանձնապես կանգ առնելով հետաքրքիր դրվագների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել