Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Նոր ակունք» ընկերությունը հերքում է մարզպետարանի տարածած տեղեկությունները

«Առավոտի» օգոստոսի 29-ի համարում՝ «Արմավիրի ջուրը ջուր չէ» հրապարակմամբ անդրադարձել էինք Արմավիրի մարզի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին: Հենվելով բացառապես մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ «Նոր ակունք» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները: Այս ամենը ասվել էր մարզպետարանում քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Նոր ակունքի» ներկայացուցիչ Ա. Թորոսյանը: Մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկար, թե այդ քննարկմանը ինչ է ասել «Նոր ակունքի» ներկայացուցիչը՝ ի պատասխան «մեղադրանքների», բայց մեր հրապարակումից հետո ստացել ենք «Նոր ակունքի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռիքհոֆի նամակը, ուր նա պնդում է, որ բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Գրվել էր, որ Տարոնիկ գյուղի խմելաջրի ներքին ցանցը մինչեւ օրս չի շահագործվել: «Նոր ակունքի» տնօրենը պարզաբանում է, որ 2000-2006 թվականներին ընկերությունը այս գյուղում 11 108 գծամետր ջրագիծ է կառուցել եւ նոր խորքային հոր հորատել: «Հետագա աշխատանքների իրականացմանը համայնքի բնակիչների կողմից մշտապես խոչընդոտելու հետեւանքով՝ ֆինանսավորող բանկի կողմից աշխատանքները դադարեցվել են»,-ասում է տնօրենը:

Գրվել էր, որ ընկերությունը Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք համայնքների խմելաջրի խնդիրներն էլ չի լուծել: Ալեքսանդր Ռիքհոֆը պարզաբանում է, որ խոսքը միայն մեկ համայնքի՝ Մյասնիկյան գյուղի մասին է, ուր կառուցվել է ջրամբար, քլորակայան, 16 045 գծամետր ցանց, 500 ջրաչափ է տեղադրվել, եւս 350-ը կտեղադրվի եւ ջրամատակարարման հարցը կլուծվի:

Գրվել էր, որ «Նոր ակունքը» չի լուծում Նորապատ գյուղի հինգ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման հարցը: Ընկերությունը պարզաբանում է, որ նման պարտավորություն չունի:

Գրվել էր, որ մարզկենտրոն Արմավիրում խմելու ջրի որակը այնքան վատն է, որ բնակչության մեծամասնությունը այն չի օգտագործում եւ ջրավաճառ շրջիկ մեքենաներից խմելու ջուր է գնում: Ընկերությունը տեղեկացնում է, թե քաղաքի ջրամատակարարումը ապահովում է խորքային հորերով, հորատումից առաջ ստացվել է դրական եզրակացություն, իսկ առողջապահության նախարարությունն էլ ջրի որակի մշտական հսկողություն է իրականացնում:

«Նոր ակունքը» նաեւ պնդում է, որ շրջիկ մեքենաներից ջուր գնելու հարցը լուրջ հետաքննության է կարոտ, քանի որ «ջուրը վաճառվում է սանիտարական նորմերին չհամապատասխանող ավտոտարաներով եւ անհայտ է ջրի ծագումը: Նշված ջուրը չի վնասազերծվում եւ կարող է դառնալ համաճարակի աղբյուր»:

Հ. Գ. Ինչպես ասվեց, մենք հենվել էինք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության վրա: Այնպես որ, սպասում ենք մարզպետարանի եւ մեկ էլ շրջիկ ջրավաճառների պարզաբանումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել