Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՆՔ, ՈՐ ՕԳՆԵՔ

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Հեյֆեր Հայաստանը» նպաստում է ե՛ւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ե՛ւ համերաշխության ձեւավորմանը

Եթե սովորաբար գյուղական համայնքներում մայրաքաղաքից եկած ղեկավարներին դիմավորում են աղուհացով, ապա Նալբանդյանում՝ առատ սեղաններով ու երգ-պարով: Արմավիրի մարզի այս գյուղը մեկն է այն հարյուրավորներից, որի համագործակցությունը «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության հետ՝ արդեն 10 տարվա կենսագրություն ունի: Նպատակը պարզ է. առարկայական նվիրատվությամբ՝ կով, խոզ, հավ, մեղու եւ այլն, օգնել սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ ոտքի կանգնել: Վերջիններս էլ, այդ նվիրատվությունը իրար փոխանցելով, պետք է օգնեն դրացուն՝ նրան եւս ծանր պայմաններից դուրս բերելու համար: Արդյունքում՝ ստացվում է ցանցային օժանդակություն, որին ակամա մասնակցում է ողջ համայնքը: «Սա տիպիկ ներհամայնքային համերաշխության օրինակ է, երբ բնակիչներն իրենց բուծած կենդանիներն իրար փոխանցելով՝ սոցիալական խնդիր են լուծում»,- ասաց «Հեյֆեր Հայաստան» գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը, ում համոզմամբ՝ աստվածաշնչյան «բաժանիր ունեցվածքդ» գաղափարն իրենք ոչ թե խոսքով, այլ գործով են ապացուցում:

Նալբանդյանում կազմակերպությունն արդեն 107 շահառու ընտանիք ունի, որոնք, շնորհիվ նվիրատվությունների, ոչ միայն կարողացել են հաղթահարել սոցիալական դժվարությունները, այլեւ՝ ոմանք նույնիսկ փոքրիկ ֆերմերային տնտեսության հիմքեր են դրել:

Յուրա Սարգսյանի ընտանիքը, օրինակ, մեկ կովից մի ողջ տնտեսություն է հիմնել: «Այնքան դաժան պայմաններում էինք ապրում, որ նույնիսկ գոմ չունեինք: Տանս մի մասը առանձնացրի կենդանի պահելու համար: Էդ մի կովով կամաց-կամաց ոտի կանգնեցինք… Հիմա, փառք Աստծո, վիճակներս այնքան լավ է, որ կովերը բազմացրել եմ, առանձին գոմ եմ սարքել: Կաթնամթերք ենք արտադրում. ճիշտ է՝ առայժմ ընտանիքիս ու մեր հարազատների համար, բայց ծավալներն ընդլայնելու նպատակ ունեմ: Համոզված եմ, որ էդ ժամանակը սարերի ետեւում չէ»,- ասաց նորաթուխ ֆերմերը:

Սոցիալական դրությունը բարելավելուց հետո, Սարգսյան ամուսինները նույնիսկ իրենց նվիրական երազանքն են իրականացրել. երկու դուստրերից հետո արու զավակ են ունեցել, որը իրագործել չէին համարձակվում՝ մինչեւ առաջին նվիրատվությունն ու առաջին լուրջ արդյունքը:

«Նվիրատվություն ստացող ընտանիքի ընտրությունը կատարում են իրենք՝ շահառուները, որովհետեւ յուրաքանչյուր գյուղ իր կարիքավորին ավելի լավ է ճանաչում: Իսկ մենք այցելում ենք արդեն ընտրված շահառուներին՝ ընտրության օբյեկտիվության մեջ համոզվելու համար: Եթե շահառուն չունի կերային բազա, տնտեսապես ակտիվ ընտանիք չէ, չունի կենդանուն պահելու շենքային պայմաններ, նրա հետ պայմանագիր չենք կապում: Կա նաեւ գլխավոր պայման. ընտանիքը պարտավոր է իր համաձայնությունը տալ՝ երեք տարի բազմացնելուց հետո մայր կովը պահել, իսկ սերունդը փոխանցել այլ շահառուի: Հակառակ դեպքում՝ նրա հետ եւս պայմանագիր չի կապվի»,- ասաց «Հեյֆեր Հայաստանի» համակարգող Քնարինե Ղազանչյանը:

Նալբանդյանցի Տանյա Ղազարյանի բազմանդամ ընտանիքն էլ պակաս ոգեւորված չէր նվերից: Հղի կովն իրենց է փոխանցվել անցած տարի, իսկ իրենք պարտավորվում են 2012-ին հորթը փոխանցել այլ շահառուի: «Մեծ սիրով եմ դա անելու. հոգիս փառավորվում է հենց այն մտքից, որ ես էլ եմ մի ընտանիքի օգնության ձեռք մեկնում»:

Նվեր ստացած կովը կերակրում է ոչ միայն Լարիսա եւ Հմայակ Գեւորգյան ընտանիքին, այլեւ՝ նրանց հարեւաններին: Տիկին Լարիսան պատմեց, թե ինչպես են հարեւանների երեխաներն իրեն «անհանգստացնում», երբ կաթը մի քիչ ուշացնում է:

Անասնապահությունը Նալբանդյան համայնքում նոր թափ է ստանում: «Հեյֆեր Հայաստանն» այստեղ նույնիսկ ակումբ է հիմնել, որտեղ գյուղատնտեսական դասընթացներ են անցնում համայնքի 10-16 տարեկան երեխաները: «Նրանք պոտենցիալ ֆերմերներ են, որոնցից յուրաքանչյուրն իրեն վստահված հորթն ունի եւ մեծի պես գլուխ է հանում դրա խնամքից ու պահպանումից»,- ասաց ընկերության ծրագրերի պատասխանատու Վահե Սարդարյանը:

Ընկերությունը նաեւ կալիֆոռնիական որդերից օրգանական պարարտանյութ է ստանում, որի պատրաստման գործընթացն իրականացնում են պատանի ֆերմերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել