Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում էլի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել

Սեպտեմբեր 19,2009 00:00

Երեկ Իրանում նշվել է հակաիսրայելական՝ պաղեստինցիների հետ համերաշխության կամ, այլ կերպ ասած՝ Երուսաղեմի օրը: Իրանի ընդդիմությունն այդ օրը յուրովի է նշել: BBC-ի փոխանցմամբ, Իրանում նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում պարտություն կրած, բայց միաժամանակ դրանց արդյունքները վիճարկող Մուսաֆիի կողմնակից հազարավոր ցուցարարներ պատեհ առիթն օգտագործել եւ երեկ նորից դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Աղբյուրը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացնում է, որ ցուցարարները Մուսաֆիին աջակցության կարգախոսներ են վանկարկել, թեեւ նախօրեին իշխանությունները նրանց կոչ էին արել ձեռնպահ մնալ հակակառավարական ելույթներից, իսկ Իսլամական հեղափոխության պահապանները հայտարարել էին, թե վճռականորեն կկասեցնեն ընդդիմության բողոքի ակցիաների ցանկացած փորձ: Ենթադրվում էր, որ երեկվա հանրահավաքում ելույթ կունենա նախագահի նախկին թեկնածու Մուսաֆին: «Ասոշիեյթեդ պրեսի» մատուցմամբ, բողոքի ակցիաները սկզբում խաղաղ բնույթ են կրել, բայց հետո՝ երթի ժամանակ, վերածվել են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների: Իրանի իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք Մուսաֆիին աջակցելու կարգախոսներ են վանկարկել: Իրանի անվտանգության ուժերը երկրի ամբողջ տարածքում բերվել են հատուկ պատրաստության վիճակի:

Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, օրվա առիթով ելույթ ունենալով Թեհրանի համալսարանում, տեղի ունեցած աղոթքի ժամանակ դարձյալ կասկածի տակ է դրել «Հոլոքոստը» եւ հայտարարել, թե՝ իսրայելական պետության ստեղծման նախադրյալները կեղծիք են. «Սիոնիստական ռեժիմի ստեղծման նախադրյալները սխալ են: Դա սուտ է, որը հիմնված է ոչ հավաստի եւ միֆոլոգիական պնդումների վրա: Իսրայելին դիմակայելը ազգային եւ կրոնական պարտք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել