Ինչպես հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության edu.am կայքէջը՝ երեկ ԿԳՆ-ում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացրեցին ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցում էին մարզային փուլում հաղթող ճանաչված ուսուցիչները, դաստիարակները եւ տնօրենները՝ 34 մանկավարժ ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից:
2009 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա «Ուսուցչի օրը»՝ Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում: «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ: Սահմանվել են նաեւ հետեւյալ անվանակարգերը.
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում՝ «Ներշնչանքի եւ մանկավարժական վարպետության համար», «Ազատությունը եւ ժողովրդավարական արժեքները կրթության մեջ», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Ավանդույթները եւ նորարարությունը մանկավարժության մեջ»: «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», «Ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն փորձի համար», «Դպրոցը երեխաներին սիրելի օջախ դարձնելու համար», «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»:
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ «Նվիրում երեխաներին», «Նորարարությունը մանկավարժությունում», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար»: Սահմանվել է նաեւ «Պատմության լավագույն ուսուցիչ» մրցանակ: Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգեւատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ՝ ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալով»: