Հերթական տնօրենին մեղադրում են ապօրինությունների մեջ եւ, ինչպես բոլորը՝ նա էլ է ժխտում այդ մեղադրանքները
Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, նույն գյուղի միջնակարգ դպրոցի ծնողներից մեկը: Նրա համոզմամբ, Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցը տնօրինվում է քրեական անցյալ ունեցող, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Տիգրան Գուլաբյանի կողմից: «Դպրոցը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, որը գտնվում է դատվածության մեջ: Դատված տնօրենն ուղղակի բարոյապես իրավունք չունի ոտք դնելու դպրոց»,- նեղսրտում է ծնողը:
Ըստ վերջինիս՝ Տիգրան Գուլաբյանը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել դպրոցի գումարները յուրացնելու, սեփական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու մեղադրանքով. «Տնօրենը դպրոցի աշխատակազմում մարդկանց է գրանցել աշխատանքի, որոնք երբեւէ դպրոց չեն այցելել, սակայն պաշտոնապես համարվել են դպրոցի աշխատող, իսկ նրանց աշխատավարձերը ստացել է տնօրենն ու յուրացրել այդ գումարները: Օրինակ՝ իր սեփական աղջիկը՝ Քրիստինե Գուլաբյանը, Նամիկ Քեշեշյանը՝ որպես տնտեսվար, նրա հարազատները՝ Իրինա Հակոբյան, Նինա Օհանյան, Լիանա Դավթյան. սրանք այն անձինք են, որոնք երբեք դպրոց ոտք չեն դրել, բայց այնտեղ գրանցված են որպես պետական աշխատող եւ նրանց հասանելիք աշխատավարձը հափշտակվել է նույն տնօրենի կողմից: Դրա համար տնօրենի դեմ հարուցվել է քրեական գործ: Փաստացի ապացուցվել է նրա մեղքը՝ պետական գումարներ յուրացնելու մեջ, ըստ որի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ երկու տարի ժամանակով»: Մեր զրուցակցի փոխանցմամբ, փաստերի հավաքմամբ անձամբ է զբաղվել. «Ես եմ բացահայտել պետական գումարներ շորթելը, յուրացնելը: Ինչպես նաեւ շատ ծնողներ, դպրոցի ուսուցիչներ վկայություն են տվել, որ տնօրենի աղջիկը՝ Քրիստինե Գուլաբյանը, ուսումնական տարվա ընթացքում դպրոց չի մտել»: Չնայած, ըստ մեր զրուցակցի՝ տնօրենը խոստովանել եւ ընդունել է իր մեղքը, այնուամենայնիվ, ներկայացրած փաստաթղթերից երեւում է, որ ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի ընդունած որոշման համաձայն, Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Գուլաբյանը ազատվել է պատժից:
Ի դեպ, պետք է նկատենք, որ մեր այցելուի ներկայացրած փաստաթղթում տարօրինակ բան կար՝ կամ վրիպակ, կամ թյուրիմացություն: Ըստ այդմ, այն գրության մեջ, որը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժ/պ, ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանի ստորագրությունն է կրում՝ Տիգրան Գուլաբյանը 12.03.2009 թ. Արարատի եւ Վայող ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 07.07.06թ. ընդունած որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ՝ ազատվել է պատժից: Այսինքն, ստացվում է, որ մարդը 2009-ին դատապարտվել է, իսկ դրանից 3 տարի առաջ՝ 2006-ին՝ համաներվե՞լ… Ավելի հետաքրքիր է Ս. Քոչարյանի գրության հաջորդ պարբերությունը. «Միաժամանակ հայտնվում է, որ ոստիկանության Արարատի բաժնում Տ. Գուլաբյանի վերաբերյալ վարքաբեկիչ (գուցե՝ վարկաբեկի՞չ- խմբ.) նյութեր չկան, համաձայն ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ վերջինս նախկինում դատապարտված չի եղել: Թիվ 26104608 քրեական գործով 24.12.08 թ. ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից, սակայն դատական քննության արդյունքների մասին տեղեկություններ չկան»:
«Նրան համաներում տվեցին եւ նա մինչեւ այսօր շարունակում է աշխատել»,- հավելեց ծնողը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ դպրոցին հատկացված ջեռուցման գումարը նույնպես յուրացվել է Տ. Գուլաբյանի կողմից. «Ողջ ձմեռ դպրոցը չի ջեռուցվել, սակայն պետությունը դրա համար հատկացրել էր գումար՝ մոտ 1,5-2 միլիոն: Ծնողներով զարմանում էինք, թե ինչպես հարեւան գյուղերի դպրոցներում ջեռուցում կա, իսկ մեր դպրոցում՝ ոչ: Ողջ ձմեռ մեր երեխաները դպրոցում դասեր են պարապել փոքրիկ էլեկտրական սալիկներով»:
«Առավոտին» դիմած ծնողը վրդովված պատմեց. «Ըստ տարիֆիկացիայի, դպրոցում անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից նախատեսված էր պարապել երկու աշխարհագրություն՝ Հայաստանի եւ ռեգիոնալ: Հայաստանի աշխարհագրություն աշակերտները պարապել են, իսկ ռեգիոնալ՝ ոչ. առարկան հաստատվել է, բայց դպրոցի տնօրենը աշակերտներին չի տրամադրել ուսուցիչ: Ծնողների եւ աշակերտների բողոքների արդյունքում Արարատի մարզի կրթության վարչության պետը, դպրոցը ստուգող վարչության պետը, որոնք դպրոցի տնօրենի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են, գիտակցելով իրենց մեղքը, տարվա երկրորդ կիսամյակի մարտի 1-ից տրամադրեցին առարկայի համար ուսուցիչ եւ ազատ դասաժամեր: Փաստորեն, այդ ամբողջ ընթացքում, ըստ տարիֆիկացիայի, հաստատված առարկայի դասաժամեր գրանցված եղել են, սակայն պարապող չի եղել, իսկ դրա դիմաց տրամադրվող գումարը գնացել է չգիտեմ ում գրպանները»:
Տնօրենը նկատողություն է ստացել նաեւ դպրոցի կարգապահության խախտման համար. «Արարատի մարզպետի կողմից աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տված բաղթողումների համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»: Ծնողը դժգոհում է՝ «Այսքանից հետո կարգապահության ենթարկված եւ պետական գումարները հափշտակած, պետական դիրքի չարաշահման փաստով դատապարտված տնօրենը շարունակում է մնալ տնօրենի աթոռին: Իմ եւ ողջ դպրոցի ծնողական կազմի անունից պահանջում ենք դպրոցի տնօրենի հեռացում: Եթե մարդ դատապարտված է եւ այդպես դուրս է գալիս աշակերտների մեջ, ինչ պետք է ընդօրինակեն աշակերտները, ինչ պետք է սովորեն տնօրենից… Հասկացանք, որ ՀՀԿ անդամ լինելն ու Արալեզ գյուղի Հանրապետական կուսակցության նախագահ լինելու փաստը խանգարում է նրան տնօրենի պաշտոնից հեռացնել… Բայց դե չի կարելի, չէ՞: Բավական է»:
«Առավոտը» կապվեց Արալեզի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացված մեղադրանքների առնչությամբ ասաց. «Նման բան գոյություն չունի: Ներկայացված փաստերն ու փաստաթղթերը անհիմն են: Այո, իմ դեմ բողոք է ներկայացվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, եղել է դատական քաշքշուկ: Դա մեկ մարդու ձեռքի գործ է, որը եղել է դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը: Ուսուցչական պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով հեռացվել է աշխատանքից: Սա մոտավորապես 3-4 տարվա պատմություն է»:
Ներկայացված փաստաթղթերի առնչությամբ տնօրեն Գուլաբյանը մեկնաբանեց. «Դրանք անհիմն փաստաթղթեր են: Այն մարդը, ով ներկայացրել է այդ բողոքները, իր ձեռքով էլ գնացել եւ ետ է վերցրել դրանք: Այդ ամենը ուռճացված հորինվածք է, դրանցում ինչպես կարող է հիմք լինել: Դպրոցում գոյություն ունի ծնողկոմիտե, եթե լինեին դժգոհություններ, ծնողկոմիտեի կողմից կհնչեին: Եթե այդ ամենը համապատասխաներ իրականությանը՝ ես այժմ կկրեի իմ պատիժը»:
«Առավոտը» զրուցեց նաեւ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանի հետ, որը նույնպես հերքեց տնօրենի դեմ շրջանառվող բողոքների, դատական քաշքշուկների առկայությունը. «Դպրոցը ամեն անգամ ստուգվում է կրթության վարչության տեսուչների կողմից, չի կարող նման բան լինել: Ինչպես կարող են դպրոցում գրանցված լինել ուսուցիչներ, որոնք երբեք մուտք չեն գործել դպրոց, բայց ստացել են աշխատավարձ: Ամեն անգամ ուսուցիչներն աշխատավարձ ստանալիս ստորագրում են, ինչպես կարող է նկատած չլինեն անծանոթ անուն-ազգանուններ, որոնք ստանում են աշխատավարձ: Չեմ ժխտում, մարզպետի կողմից դպրոցի տնօրենը ենթարկվել է նկատողության զուտ աշխատանքային պարտականությունները աչքաթող անելու համար: Իսկ ինչ վերաբերում է դատարանի դիմումին, այն մարդը, ով ներկայացրել է բողոքը, նա էլ գնացել եւ ետ է վերցրել դիմումը»: