«Երեւան» միջազգային կանանց ասոցիացիան երեկ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր տարբեր ժողովուրդների ազգային հուշանվերների եւ կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք: Հայաստանի մշակույթը ներկայացնող հուշանվերների շարքում ներկայացված էին նաեւ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին եւ անչափահաս դատապարտյալների փայտե, կավե-խեցեգործական աշխատանքները: Երեկ այդ կապակցությամբ մինչեւ ժ.18-ն «ազատ էին ազատվել» դատապարտյալ Սիլվա Ասատրյանն ու անչափահաս Կարենը: Նրանց կողքին էր վարպետը՝ տիկին Ժասմենը: Սիլվան, որը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մահափորձի կազմակերպման գործով, ներկայացրել էր զարդատուփեր, նռներ, իսկ խեցուց պատրաստված նրա աշնան գունազարդ տերեւների շարքը անկրկնելի էր: Ի դեպ, ցուցահանդեսին ներկա ՀՀ նախկին նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը, ոչ միայն գնեց Սիլվայի աշխատանքներից, այլեւ դատապարտյալից ստացավ նրա պատրաստած աշխատանքներից: