Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏԱՆԵԿԱՆ» ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԻԶՆԵ՞Ս

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Բուդկաչու» հոգեբանությամբ դիվանագետներ

Արդեն 10 տարի է, ինչ ընտանիքով՝ ամուսնուս եւ 3 երեխաներիս հետ, ապրում ենք Լոս Անջելեսում: Մեր ԱՄՆ տեղափոխվելն ուներ այդ տարիների հայաստանյան իրականության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. անգործություն, անպատժելիություն, անկանխատեսելի գալիք օր եւ այլն: Միգուցե շատ-շատերի նման ես ու ամուսինս անհրաժեշտ կամք եւ ուժ չունեցանք այդ դժվար օրերին Հայաստանում մնալու եւ «դուրս եկանք»:

Բայց այս նամակիս առիթը Հայաստանում կրթություն ստացած ու իր ոլորտի մեջ գրեթե բացառիկ մասնագետի (ամուսինս ծրագրավորող ինժեներ է, ես՝ բժիշկ)՝ լոսանջելեսյան բազմազգ խառնարանում ինքնահաստատման պատմությունը չէ, այլ ցավը, որը ապրում ես, երբ խոսքն ու վիրավորանքը վերաբերում է Հայրենիքիդ:

Երկար տարիներ դրսում ապրող յուրաքանչյուր հայ գործի բերումով առնվազն 1-2 անգամ այցելած կլինի տեղի հայկական դեսպանություն կամ հյուպատոսություն. անձնագիր ես փոխում ու երկարաձգում, նոտարական գործեր, վիզա եւ այլն:

Այս տարիների ընթացքում տարբեր առիթներով բազմաթիվ անգամ ենք գնացել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն ու միշտ գրեթե հանդիպել ենք բարեկիրթ վերաբերմունքի:

Մոտ երկու ամիս առաջ աղմուկ հանած պատմությունը՝ կապված նախկին հյուպատոս Ն. Ղալումյանին, հյուպատոսության նախկին աշխատակից Հ. Հովհաննիսյանին ու եւս 3 անձանց ներկայացված մեղադրանքի հետ, բավական մեծ ցնցում էր համայնքի համար: Ասում ենք աշխարհը փոքր է, բայց Լոս Անջելեսը կամ Գլենդեյլն ու Հոլիվուդն ավելի փոքր են. բոլորն (հայերս) իրար ճանաչում են ու ցավալի էր, որ մարդկանց, ում տեսել ես կամ ծանոթացել ես որպես քո պետության ներկայացուցիչ, հերիք չէ, որ այսօր օտար երկրում մեղադրում են քրեական հանցանքի մեջ, այն էլ՝ օգտագործվում ու շահարկվում է Հայրենիքիդ անունը: Այս պատմությունը դեռ երկար կմնա տեղաբնակներիս կենցաղային խոսակցություններում, առավել եւս՝ քանի դեռ դատավճիռ չի կայացվել, ու մանավանդ Գլենդեյլում մեզ օտարները դեռ երկար ժամանակ կշարունակեն հարցնել. «իսկապե՞ս ձեր հյուպատոսը հանցագործներից դրամ է վերցրել ու օգնել է մնալ այս երկրում»:

Սա վիրավորական է եւ մտահոգող: Բայց, ինչպես ասում են. «Աստված ավելի վատից ազատի»:

Մի քանի շաբաթ առաջ հարեւանուհուս հետ գնացել էինք հյուպատոսություն, որը մի քանի ամիս է՝ ինչ Գլենդեյլ է տեղափոխվել: Ես լիազորագիր էի վերցնելու, հարեւանուհուս անձնագրի ժամկետն էր ավարտվել: Ասեմ, որ գրեթե անհնար էր օրվա մեջ հեռախոսով կապվել հյուպատոսություն, ուստի չգիտեինք պահանջների մասին: Չնայած սրահում հավաքված էր մոտ 2 տասնյակ մարդ, պատուհանի հետեւից սպասարկող միակ աշխատակցուհին կոտրտված հայերենով մի կերպ փորձում էր պատասխանել իրեն ուղղված հարցերին: Մեզ էլ տեղեկացրեց պահանջվող փաստաթղթերի մասին, տվեց անհրաժեշտ բլանկները, որ լրացնենք ու մի բիզնես քարտ, որ գնանք «այդ օֆիսից money order՝ չեկ բերենք»: Խնդրեցի իմ չեկով վճարել, քանի որ շոգ էր ու հարեւանուհիս էլ վատառողջ էր: Տիկինն ասաց, որ «չէ, չենք կարող ձեր չեկն ընդունել: Գնացեք այդ օֆիսից առեք»: Օֆիսը հյուպատոսության դիմացի շենքում էր: Փոքրիկ սենյակում նստած երիտասարդ կինը ասաց, որ յուրաքանչյուր չեկի համար որպես սպասարկման վարձ պետք է ավելի վճարել երկուական դոլար: Ես մեկ չեկի կարիք ունեի, հարեւանուհիս՝ երեք: Նրա գրած չեկերը նույն բանկից էին, ինչ իմ չեկերը: Երբ վրդովված հարցս ուղղեցի հյուպատոսության աշխատակցուհուն, թե ինչու իմ չեկը չվերցրեցիք եւ ես նույն բանկի չեկի համար ստիպված էի ավելի վճարել, նա պատասխան չուներ… Պատասխանը պարզ էր, քանի որ իմ չեկի համար ավելի գումար չէին գանձելու:

Հարցը ավելի գանձված ութ դոլարը չէր, բայց կատարվածը տհաճ նստվածք թողեց մեջս: Բայց ավելի տհաճ էր, երբ մեկ շաբաթ անց գնացի հյուպատոսարանից լիազորագիրս վերցնելու, վերելակի մոտ հանդիպեցի նույն չեկերից ձեռքին բռնած, վերեւ բարձրացող տղամարդու: Հարցիս, «ձե՞զ էլ ուղարկեցին էդ օֆիսից չեկ առնելու…», նա պատասխանեց. «Հա քուր ջան, շատ լավ ա: Մեր ընկերոջ՝ Առնյոկի, օֆիսն ա: Էդ իրա կինն ա օֆիսը աշխատացնում»: Առնյո՞կն ով է հարցիս՝ մարդը արդեն ցածրաձայն ավելացրեց. «հյուպատոսի մոտիկ ընկերը, հեսա ինքն էլ ա հյուպատոս դառնալու»: Ո՞վ, Առնյո՞կը՝ հարցս միայն հայացքով հավանության արժանացավ: Արդեն հյուպատոսարանի ընդունարանում էինք… Գլենդեյլի սեպտեմբերյան շոգն ու փոշին, մի քանի օր վառվող անտառների ծուխը չէր, որ խեղդում էր կոկորդս: Այլ՝ առնյոկների ու նրանց ընկեր հյուպատոսների՝ «բուդկաչու» հոգեբանությամբ դիվանագետների գոյությունը, որ երկու դոլար աշխատելու համար երկրիդ հյուպատոսությունը վերածում են ընտանեկան բիզնեսի, որ վաղն իրենք են նորիկների ու հակոբների նման Հայաստանի անունը օտար Լոս Անջելեսում խայտառակելու առիթ դառնալու: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ նույն «բուդկաչու» հոգեբանությամբ դիվանագետներն են որոշելու մեր արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները, Ղարաբաղի հարցն ու մնացածը…

Քանի որ «բուդկաչիների» կոմիսիոն վճարը երկու դոլար է:

Հ. Գ. Չէի գրի այս պատմությունը, եթե մի քանի օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից ծանոթս, որ հիմա ԱՄՆ-ում է ապրում, չհաստատեր, որ «Առնյոկ» ասվածը ԱԳՆ նախկին աշխատակից Հայկ Ավետիսյանն է եւ հյուպատոս Գ. Հովհաննիսյանի մտերիմ ընկերոջ եղբայրն է, որին դեռ Երեւանում ամիսներ առաջ Հովհաննիսյանը խոստացել էր գործի վերցնել: Ծանոթս հաստատեց նաեւ, որ հյուպատոսությանը կից «SU VI» օֆիսն իսկապես Ավետիսյանինն է, իսկ վերջինս շուտով աշխատանքի է անցնելու Լոս Անջելեսի Հայաստանի հյուպատոսարանում:

Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես: Բայց չգիտեմ, թե ում է ձեռնտու դիվանագիտական հիմնարկը ընտանեկան բիզնեսի վերածելը: Երկուական դոլարից մինչեւ նորիկա-հակոբական երեսունհինգ հազարները շատ կարճ ճանապարհ է այստեղ՝ Լոս Անջելեսում: Իսկ հեռավոր Երեւանում ԱԳՆ պաշտոնյաները հանցավոր լռում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել