ԱՄՆ-ում գործող հայկական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե վերջին ամիսներին Կալիֆոռնիայի հայկական հեռուստաալիքները անընդհատ գովազդում են «American Global» ընկերության ծառայությունները։ Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով, գովազդում էլ ասվում է, թե Հայաստան մշտական բնակության մեկնողները Հայաստանում ազատվում են իրենց անձնական իրերի, կահույքի ու ավտոմեքենաների համար մաքսատուրքի վճարումից։ Ըստ ԱՄՆ հայկական ԶԼՄ-ների, միայն այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում եւ միայն «American Global»-ի միջոցով Հայաստան են ուղարկվել շուրջ 100 ընտանիքների իրերն ու ավտոմեքենաները՝ մոտ երկու անգամ ավելի, քան նախորդ տարվա հունվար-օգոստոս հատվածում։
Սակայն ընկերության՝ Հայաստան բ եռնափոխադրումներ իրականացնող բաժնի տնօրեն Էդգար Կոտոյանը հայտարարել է, որ Հայաստան գնացածների որոշակի մասը՝ 100-ից 20-ը, որոշ ժամանակ անց վերադառնում է ԱՄՆ։ Ոմանց, մասնավորապես՝ նախկին հայաստանցիների դժգոհությունը սկսվում է հենց առաջին պահից, երբ պարզվում է, որ նրանք, այնուամենայնիվ, պետք է Հայաստան տարվող իրենց ունեցվածքի համար մաքսատուրք վճարեն։
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ից Հայաստան մեծամասշտաբ ներգաղթի տվյալներ չկան: Ներգաղթողներ, իհարկե, կան, որոնց գույքի հետ կապված խնդիրներ՝ իրոք առաջանում են: Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Հայաստան մշտական բնակության եկող սփյուռքահայը իր անձնական գույքի համար որեւէ մաքսատուրք չի վճարում: Սա օրենքի պահանջն է, բայց դրա կիրառումը որոշակի խնդիրներ է առաջացնում: Օրենքով այս արտոնությունը գործում է Հայաստան գալուց հետո վեց ամսվա ընթացքում, մյուս կողմից մշտական բնակություն հաստատելու համար հարկ է լինես քաղաքացի կամ կացության հատուկ կարգավիճակ ունեցող: Իսկ այս կարգավիճակները ստանալու համար ժամանակ է պահանջվում: «Սա վերին աստիճանի ցավոտ հարց է, մենք բողոքներ ստանում ենք»,- հայտարարեց Գագիկ Եգանյանը: