Աղակալումը սպառնում է վերածվել անապատացման
Սա՞ է մարզի գյուղերի ապագան:
Արարատյան դաշտավայրի հողագործները դժգոհ են ընթացիկ գյուղատնտեսական տարուց: Տարին ավարտվում է, մինչդեռ նրանց ծախսերի բերած եկամուտների հետքն անգամ չի երեւում: Եթե նախորդ տարիներին շուկայի թեժ պահին՝ աշնանը, գյուղմթերքի գները շուկայում տատանվում էին կգ-ը 50-100 դրամի սահմաններում, ապա այժմ սկսում են 100 դրամից: Գյուղացիների ասելով՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին, որ թույլ չտվեցին առատ եւ որակյալ բերք ստանալ: Իսկ այն ամենը, ինչ կարողացել են փրկել, թանկ են վաճառում:
Իսկ ահա Արմավիրի մարզի Շենավան գյուղի հողագործներն այս տարի շուկա հանելու գրեթե ոչինչ չունեն: Փոխարենը պարտքեր ունեն բանկերին՝ վարկ էին վերցրել ու «կրակն ընկել»: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի փոխանցմամբ, ողջ գյուղի պարտքը բանկերին՝ $1, 8 միլիոն է:
Եթե շենավանցիները գիտեն, որ իրենց նյութական կորստի պատճառը կարկտահարությունն է, ապա Լուսագյուղ, Գայ, Ջրառատ, Ապագա գյուղերի բնակիչները դժվարանում են կոնկրետ պատճառներ նշել: Այս համայնքներում գյուղատնտեսական տարին թեեւ վատ չէր մեկնարկել, բայց արդյունքը գոհացուցիչ չէ: «Բա Արարատյան դաշտի գյուղացի՞ն էլ պոմիդորն ու վարունգը շուկայից գնի: 1000 քմ բանջարեղեն եմ ցանել, բայց ոնց ցանել՝ ըտենց էլ թափում եմ: Պատկերացնո՞ւմ եք՝ էնքան չունենանք, որ մեր ուտելու համար շուկայից ենք առնում»,- ասաց լուսագյուղցի Արմենակ Մարտիրոսյանը: Նույն գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանն էլ դժգոհում էր, որ նախորդ տարի հեկտարից 50-60 տոննա սմբուկ էր ստացել, այս տարի՝ 20 տոննա հազիվ է հավաքել: «Պտուղը քոլի վրա չորանում է: Թանկ ու կրակ փող եմ տվել՝ պարարտանյութ ու թունաքիմիկատ եմ առել, ժամանակին պարարտացրել, մշակել եմ, որ իմ աճեցրած բերքով քաղաքացուն կերակրեմ, ես էլ՝ եկամուտ ստանամ: Բայց դեռ ծախսս էլ չեմ հանել: Հլա որ մինուսով եմ գնում: Մենակ ինձնով չի. ամբողջ գյուղում է էս վիճակը: Ասում են, իբր ալրացող հիվանդություն է: Եթե էդպես է, թող մի բան անեն: Ինչի՞ են սպասում»,- զայրանում-զարմանում ու սիրտ է «թեթեւացնում» գյուղի աշխատավորը:
Գայ գյուղի բնակիչ, գյուղատնտես Երջանիկ Ասլանյանի կարծիքով էլ, բույսերի փտումը, որոշ տեղերում էլ՝ վաղաժամ չորացումը աղուտային հողում աճելուց է: Գյուղատնտեսի փոխանցմամբ՝ Գայի եւ հարակից մի շարք համայնքների ստորգետնյա ջրերի մակարդակն այնքան բարձր է, որ լուրջ վտանգ է հողերի աղակալման համար: «Ջուրը բարձրանում է վերեւ՝ գոլորշիանում, իսկ աղը մնում է հողի երեսին ու հողն աղակալում է: Անզեն աչքով երեւացող աղուտ հողում գյուղացին վաղուց ոչինչ չի ցանում, իսկ բերրի կոչվող հողերը, որոնք միշտ մշակել է, արդեն սկսել են աղուտվել: Հողի երեսի շերտին աղը չի նկատվում, բայց իր գործն անում է ստորին շերտերում՝ բույսի արմատը հասնում է աղակալած շերտին ու չորանում»:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սանասար Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ միայն Արմավիրի մարզում 5000 հեկտար հող կրկնակի աղակալման վտանգի տակ է: «Եթե առաջիկա 5-6 տարում այդ վտանգը չկանխվի, կգնանք անապատացման»,- ասաց Սանասար Բաղդասարյանը:
Անապատացումը կանխելու արդյունավետ տարբերակներ են կիրառվել դեռեւս խորհրդային տարիներին. հողերը աղից մաքրել են քիմիական եղանակով, ինչից հետխորհրդային Հայաստանում հրաժարվել են՝ թանկ լինելու պատճառով:
Ստորգետնյա ջրերի հեռացման արդյունավետ տարբերակներ են եղել նաեւ փակ եւ բաց դրենաժային համակարգերը, որոնք տասնյակ տարիներ գործել են Արարատյան դաշտավայրում: Փակ համակարգը վաղուց արդեն չկա՝ խափանվել է: Դրա վերականգումն ու շահագործումը հսկայական ծախսեր է պահանջում, ինչին երկրի բյուջեն դեռ պատրաստ չէ: Մնում է միայն ջրահեռացման ու չորացման բաց համակարգը, որը թեեւ գործում է, բայց օգտակար գործողության գործակիցը դեռ մոտ է զրոյին եւ հեռու՝ գոհացուցիչ լինելուց: