Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"«Շիկահող» պետարգելոցի բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ծրագիրը կնպաստի արգելոցի հարակից գյուղերի զարգացմանը:

«Առավոտը» տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրելու: Էկոլոգիայի ոլորտում ծրագրի իրականացման համար սա աննախադեպ մեծ գումար է: «Շիկահողի» պետարգելոցի հիման վրա Սյունիքի մարզում կենսոլորտային պահպանավայր ստեղծելու գաղափարը ՀՀ բնապահպանության նախարարությանն է: Պահպանավայրի ստեղծումը կընթանա 2 փուլով:

Այս շաբաթ Կապանում էին Գերմանիայի զարգացման եւ կառուցման բանկի ներկայացուցիչները, որոնց այցի նպատակը ծրագրի մեկնարկային փուլի խնդիրներին տեղում ծանոթանալն է: Կապանում «Օրհուս» կենտրոնում բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների հետ ծրագրի քննարկումներից հետո, խումբը ուղեւորվեց պետարգելոց՝ տեղում ծանոթանալու տարածաշրջանի գյուղերի բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Նախնական ուսումնասիրությունների հիման վրա կկազմվի ծրագրի տեխնիկատնտեսական առաջադրանքը: Գերմանիայում կայանալիք մրցույթից հետո արդեն շահած կազմակերպությունը կվերսկսի ուսումնասիրությունները՝ առաջադրանքը կատարելու համար: Ինչպես նշեցին գերմանացի մասնագետները, աշխատանքները կմեկնարկեն 2010 թվականին եւ այդ ուսումնասիրությունների արդյունքներից էլ պարզ կլինի՝ ծրագիրը իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ գերմանացիների, ծրագրի իրականացման հնարավորությունները մեծ են, բայց ամեն ինչ կախված է ուսումնասիրությունների դրական արդյունքից: Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման բուն ծրագիրը կսկսվի 2011 թվականից ոչ շուտ: Առաջին փուլի համար 150-180 հազար եվրո է նախատեսվում:

«Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը հայեցակարգը համարում է արդիական, որն իր մեջ կներառի մի կողմից «Շիկահող» պետարգելոցի, մյուս կողմից՝ նրա հարակից 5 գյուղական համայնքների ներգրավվածությունը՝ արգելոցի տարածքի պահպանման աշխատանքներին»,- նշեցին հյուրերը:

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը կարեւորում է այն փաստը, որ կենսոլորտային պահպանավայրը եվրոպական մոդել է, Հայաստանում առաջին անգամ է իրականացվում եւ իրենից ներկայացնում է բնապահպանական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների համահունչ զարգացում: «Ծրագրի իրականացման բուն նպատակն է՝ «Շիկահող» պետարգելոցի հարակից 5 գյուղերի բնակչությանը բացատրվի, որ «Շիկահողը» արգելավայր է եւ այնտեղ թույլատրվում է միայն իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, գիտաճանաչողական սահմանափակ զբոսաշրջություն եւ արգելավայրից օգտվելն անթույլատրելի է: Գերմանացիների ծրագիրը իր մեջ ընդգրկում է ներդրումային ծրագրեր՝ գյուղերում այս կամ այն ուղղվածությունը զարգացնելու համար, դա կլինի անասնապահության, մեղվաբուծության կամ այլ ուղղվածություն: Հաշվի կառնվեն գյուղի հնարավորություններն ու գյուղացիների կարծիքները, թե իրենց գյուղի ապագան ինչպես են տեսնում: Գյուղաբնակները վաղը կհամոզվեն, որ զբոսաշրջության զարգացումից ավելի մեծ եկամուտներ կարող են ստանալ, քան արգելոցի անտառներից, ծառերից օգտվելով»,- նկատեց Արամ Աղասյանը:

Ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնել:

Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար որպես միջուկ հանրապետությունում հենց «Շիկահող» պետարգելոցն ընտրելու գաղափարը մեծապես ոգեւորել է պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանին: Պարոն Մկրտչյանն ասում է, որ իրենցից կախված հնարավոր ամեն ինչ կանեն, որ ծրագիրն անպայման հաստատվի, քանի որ այն մեծ հաջողություններ կբերի ոչ միայն տվյալ տարածաշրջանին, այլ նաեւ ողջ մարզին:

«Պատահական չէ, որ ընտրվել է մեր արգելոցը, քանի որ այս տարիների ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ հասել ենք որոշ հաջողությունների, մեր արգելոցը միջազգային ճանաչում ունի: Բացի դա, հաշվի է առնվել նաեւ, որ պետարգելոցը սահմանամերձ տարածք է: Բոլորիս ձգտումն է, որ արգելավայրի հարակից 5 գյուղերը այնպիսի մակարդակի հասնեն, թե՛ ֆինանսական, թե՛ մտածելակերպի առումով, որ իրենք էլ ձգտեն օգտակար լինել արգելոցին, նպաստել պահպանման աշխատանքներին, իսկ արգելոցն էլ միջնորդում է, որ այդ գյուղերը զարգանան»,- նշում է պետարգելոցի տնօրենը:

Պարոն Մկրտչյանը ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի «Շիկահողում» անտառախախտման եւ որսագողության ոչ մի դեպք չի եղել, իսկ նախորդ տարի գրանցվել էր որսագողության երեք եւ նույնքան էլ անտառխախտման դեպք: Ուրախանալու այլ առիթ էլ կա. Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ կենդանատեսակների եւ թռչունների թվի ավելացում է արձանագրվել պետարգելոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել