Հիփոթեքային ընկերության կապիտալին ավելացավ եւս 60,5 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունը գումարը տրամադրել է ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա ներկայացմամբ՝ ֆինանսական հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունը շինարարական ընկերությունների վարկավորման համար պետական երաշխիքներ է տրամադրում, բացի այդ, ֆինանսավորում է Հիփոթեքային ընկերությանը, որպեսզի վերջինս էլ մատչելի վարկեր տրամադրի առեւտրային բանկերին: Ըստ պարոն Արամյանի, Հիփոթեքային ընկերությունն արդեն 15 մլրդ դրամ վարկ է տրամադրել բանկերին: Փոխնախարարը առեւտրային բանկերին հորդորել է «չսպասել վարկառուների», այլ անցնել ավելի ճկուն մարքեթինգային քաղաքականության՝ տնտեսվարող սուբյեկտների ներգրավման նպատակով:
Վ. Արամյանի խոսքերով, ակնկալվում է, որ 2009 թվականի արդյունքներով տնտեսական անկումը կկազմի պակաս, քան 18,5%-ը, իսկ սղաճը՝ 3-4%: ՀՆԱ-ում պետբյուջեի դեֆիցիտը 2009թ. կկազմի 7-7,5%: