Օրերս հերթական քաջագործությամբ էջմիածինցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց Մայր աթոռի սպասավոր տեր Հարություն Քեսաբյանի որդին՝ Նարեկ Քեսաբյանը: Նարեկը ապակյա շշով հարվածել է Էջմիածին քաղաքի բնակիչ Մ.Հ.-ին՝ պատճառելով լուրջ վնասվածքներ: «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ ընդունարանից «Առավոտին» ասացին, որ իրենց մոտ նման վնասվածքներով քաղաքացի չի ընդունվել, հետեւաբար՝ դեպքն արձանագրված չի նաեւ ոստիկանությունում: Փոխարենը գործի են անցել տուժողի «շահերից հանդես եկող» հեղինակությունները՝ Նարեկ Քեսաբյանին գտնելու եւ նրա հետ «դաստիարակչական աշխատանքներ» տանելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոգեւորականի ընտանիքում մեծացած Քեսաբյան տղաներից ավագը՝ անչափահաս Հակոբ Քեսաբյանը եւս դատական գործընթացների մեջ է: Նա էլ անցած ուսումնական տարում, դասամիջոցին դանակահարել էր դասընկերոջն ու սառնասրտորեն հեռացել: Քեսաբյանների երկրորդ որդու՝ Նարեկի «սխրանքը» զայրացրել է քաղաքի բնակիչներին: Որդիների անվտանգությունն ապահովելու համար Քեսաբյան ընտանիքը ժամանակավորապես լքել է քաղաքը՝ մինչեւ կրքերը կհանդարտվեն, իսկ Աստվածաշունչը պատգամում է՝ «Սիրիր մերձավորիդ»: