Տրանսֆերտների հույսին ապրող մարզերի բնակիչները ստիպված են գյուղեգյուղ ընկնել, փոստ ման գալ՝ դրսի իրենց հարազատների ուղարկած գումարները ստանալու համար:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրենների խորհուրդը որոշել է մինչեւ այս տարեվերջ Հայաստանում եւս 17 մասնաճյուղ փակել: «Առավոտի» հետ զրույցում դա հաստատեց բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արեն Ապրիկյանը: Հաշվի առնելով, որ «ՎՏԲ-Հայաստանը» նախկին «Հայխնայբանկն» է, նշենք, որ այս բանկի հետ կապված ցանկացած խնդիր մեր երկրում շատ ցավոտ է ընդունվում, առավել եւս, որ բանկի տնօրենների խորհուրդը այդպես էլ չենթարկվեց մեր կառավարության խնդրանքներին՝ բանկի մասնաճյուղերի փակման մասին դեռեւս մի քանի տարի առաջ կայացած որոշումը վերանայելու: Վերջին 2 տարիների ընթացքում «ՎՏԲ»-ն մեր երկրում փակել է մոտ երեք տասնյակ մասնաճյուղ: Հայկական շատ գյուղերում «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղերը բանկային ծառայություններ մատուցող միակ կառույցներն են, ուստի յուրաքանչյուր մասնաճյուղի փակումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մարզերի բնակիչների համար, որովհետեւ նրանք հիմնականում ապրում են իրենց հարազատների՝ դրսից ուղարկած փողերով, ու եթե բանկը հերթով փակի այդ գյուղերի մասնաճյուղերը՝ շատ ընտանիքներ մեծ դժվարությունների առաջ կկանգնեն եւ չեն կարողանա օգտվել բանկային ծառայություններից:
Օրերս Ազատության 2 հասցեում՝ Մոնումենտի տարածքում գործող ՎՏԲ-ի մասնաճյուղի հետ կապված լուրեր էին շրջանառվում, որ այն եւս փակելու են, քանի որ ոչ շատ հեռու՝ Ազատության 20 հասցեում՝ Զեյթունի ոստիկանության դիմաց, եւս մի մասնաճյուղ կա, ուստի իրենց հաճախորդները կարող են օգտվել այդ մասնաճյուղից: Սա մեծ խուճապ էր առաջացրել հատկապես թոշակառուների շրջանում, վերջիններս դժգոհում էին, որ առողջական խնդիրներ ունեն եւ ձմռանը չեն կարողանա այդքան հեռու գնալ: Շուրջ 415 թոշակառու ստորագրահավաք էր կազմակերպել ու նամակով դիմել Կենտրոնական բանկի նախագահին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրենների խորհուրդը դեռ վաղուց էր հայտարարել, որ իրենք մտադիր են փակել Հայաստանում գործող շուրջ 40 մասնաճյուղ: Եթե 2007-ին բանկի մասնաճյուղերի թիվը մեր երկրում հասնում էր 100-ի, շուտով դրանց թիվը դառնալու է ընդամենը 61: Բանկի սեփականատերերի համոզմամբ՝ այդ մասնաճյուղերի մեծ մասը եկամտաբեր չէ, ուստի պետք է կրճատել: Հենց այս հանգամանքով պայմանավորված՝ բանկի 30%-ի բաժնետեր, «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, չհամաձայնելով խորհրդի կազմի նման քաղաքականության հետ, վաճառեց իր բաժնեմասը: Չնայած դրան, «ՎՏԲ-Հայաստանի» գլխավոր բաժնետերերը՝ «Վնեշտորգբանկի» ղեկավարությունը, շարունակում է մասնաճյուղերի օպտիմալացման գործընթացը:
Արեն Ապրիկյանի խոսքերով՝ «Մասնաճյուղերի կրճատումը մեզ հնարավորություն կտա մնալ հայաստանյան հզոր կապեր ունեցող բանկ եւ աշխարհագրական առումով հասանելի լինել հանրապետության բոլոր մարզերում եւ քաղաքներում: Փակվելու են փոքր մասնաճյուղերը, որոնք չեն համապատասխանում բիզնեսի նոր ստանդարտներին եւ գտնվում են դժվար հասանելի վայրերում ու անարդյունավետ են»: Նրա համոզմամբ՝ մասնաճյուղերի կրճատման հետեւանքով իրենց բանկից սպասարկվող հաճախորդների թիվը չի նվազի. «Մասնաճյուղերի կրճատմամբ, մենք որոշել ենք, որ չենք հեռանալու ոչ մի քաղաքից, իսկ բիզնեսն ու հաճախորդներին կտեղափոխենք մոտակա մասնաճյուղեր: Կարծում ենք, որ հաճախորդների համար լուրջ անհարմարություններ չեն առաջանա, եւ նրանք կմնան մեզ հետ: Փակվելու են այն մասնաճյուղերը, որոնց հարակից վայրերում գործում են այլ մասնաճյուղեր»: Բացի այն, որ բանկի մասնաճյուղերի փակումը խնդիրներ է ստեղծելու մեր ազգաբնակչության համար, փաստորեն, 40 մասնաճյուղի օպտիմալացման արդյունքում բանկի տասնյակ աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ներկայումս բանկն ունի 811 աշխատակից: Այս առնչությամբ պարոն Ապրիկյանը պարզաբանեց. «Այո, բայց դրանից շահելու է բանկի արդյունավետ գործունեությունը: Մասնաճյուղերի ցանցի կրճատման արդյունքում՝ նախատեսվում է բանկի որոշակի գործառույթների կենտրոնացումը գլխավոր գրասենյակում, սա կնպաստի բանկի նոր ու ավելի արդյունավետ գործունեությանը՝ կկրճատվեն ծախսերը եւ կբարելավվեն բիզնես գործընթացները»: