Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավորում՝ սուբյեկտիվ, ընդհանուրում՝ օբյեկտիվ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Երեկ այսպես որակեց ՄԻ պաշտպանը Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը, որի կազմմանը, մեր տեղեկություններով, որոշակի մասնակցություն է ունեցել նաեւ ինքը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ լրագրողներին է ներկայացրել Մարտի 1-2-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնական եզրակացության վերաբերյալ իր գնահատականները: «Սկզբից մինչեւ վերջ փորձել են խնայել դատախազությանը, նրանց մասին ընդհանրապես որեւէ խոսք չկա: Բացասական օրինակները բերված են միայն ընդդիմությունից, այսինքն՝ այստեղ հավասարակշռությունը պահպանված չէ: Որեւէ խոսք չկա, որ արտակարգ դրությունը հիմնականում տարածվեց ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: 10 մահվան դեպքերի հետ կապված՝ շատ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել: Չեն անդրադարձել քննիչների տարբեր աղաղակող խախտումներին»,- ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների, ասել է Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենի կարծիքով, զեկույցում ներառվել են բոլոր այն թերությունները, որոնք ինքը ժամանակին նշել էր իր զեկույցում: Հանձնաժողովի եզրակացությանը օմբուդսմենը տվեց, իր ասելով՝ ընդհանուր գնահատական. «Մասնավորում՝ սուբյեկտիվ, ընդհանուրում՝ օբյեկտիվ»:

ՄԻ պաշտպանը նաեւ տարակուսանք է արտահայտել այն կապակցությամբ, որ թեպետ մի շարք հայտնի խոշտանգումների վերաբերյալ դատախազությունը խոսք էր տվել, որ կլինեն արդյունքներ եւ կհրապարակվեն, սակայն մինչեւ այժմ այդ բանը չի արվել, եւ հանձնաժողովն էլ դրանց լրջորեն չի անդրադարձել:

Եզրակացության մեջ Արմեն Հարությունյանին դուր չի եկել նաեւ այն, որ. «Որեւէ խոսք չկա, թե արտակարգ դրության ռեժիմը հիմնականում տարածվեց ընդդիմադիր զանգվածային լրատվական միջոցների վրա։ Մենք ինքներս դրա ականատեսն ենք եղել»: Ըստ օմբուդսմենի, հանձնաժողովի եզրակացության մեջ, զեկույցում չկա «կոնկրետիկա»: Ըստ պարոն Հարությունյանի, շեշտադրումները, եզրակացությունները ճիշտ են, բայց դա արված է «աբստրակտ» ձեւով, եւ եթե փորձել են կոնկրետացնել, հիմնական օրինակները բերել են ընդդիմությունից։ Արմեն Հարությունյանի կարծիքով, հանձնաժողովի զեկույցում ճիշտ է ներկայացվել մարտի 1-ի դեպքերի պատճառահետեւանքային կապը։ Որպես դրական նշվել է այն, որ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեղ են գտել քաղաքացիների նկատմամբ բռնությունները, որ Ազատության հրապարակում ոստիկանության հայտնաբերած զենքերը չեն վերագրվել ընդդիմությանը, որ նշվել է, թե մարտի մեկի պատճառը երկրում մի խմբի արտոնություններ տալն էր, օլիգարխիկ համակարգի ձեւավորումը: «Այդ ամենի պատասխանատուն իշխանություններն են»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ի տարբերություն հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ում կարծիքով՝ մարտի 1-ի էջը փակված է նրանց համար, ովքեր չեն ցանկանում, որ դա կրկնվի, Արմեն Հարությունյանը կարծում է, որ իրենք ոչ այդ էջը փակողն են եւ ոչ էլ բացողը. «Մենք ձեզ հետ ոչ Մարտի 1-ի էջը փակողն ենք եւ ոչ էլ բացողը: Մարտի 1-ը մեր պատմության տխուր էջերից է, որից պետք է դասեր քաղել»: Նա նաեւ վստահ է, որ հանձնաժողովի եզրակացությունից հետո նոր էջ է սկսվում, քանի որ նոր միջոցառումներ են անհրաժեշտ այն վերջնականապես բացահայտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել