Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ 15 ՐՈՊԵՈՒՄ 3 ԱՆԳԱՄ ԿԱՐԾԻՔԸ ՓՈԽԵՑ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Իսկ Վահան Հովհաննիսյանը երեկ հրաժարվեց նախօրեին մարտի 1-ի վերաբերյալ արած հայտարարությունից

Իսկ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի դատավորները տարբե՞ր էին

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթում Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ակնհայտորեն տեղի է ունեցել իշխանությունը բռնազավթելու փորձ՝ պետական հեղաշրջման փորձ։ Եվ այդ փորձը իրականացրել են մարդիկ, որոնք չունեին դրա բարոյական իրավունքը: Օգտվելով ժողովրդի արդար դժգոհությունից (հասկանալի է, որ մեր երկրում ժողովուրդն արդար դժգոհության հիմքեր ունի)՝ մարդիկ, որոնք այդ դժգոհության պատճառն են եղել ու հիմքերը ստեղծել՝ ժողովրդավարության հետ որեւէ առնչություն չունեցող, ժողովրդավարության թշնամի՛ հանդիսացող մարդիկ տարել են ժողովուրդը պետական հեղաշրջման»:

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Առավոտը» պրն Հովհաննիսյանին այս կապակցությամբ հարց ուղղեց:

– Անգամ «մարտի 1»-ի գործերով դատաքննություններում ի վերջո դատարանի վճռով չհաստատվեց, թե տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ. այս պայմաններում՝ ինչպե՞ս եք անում նման հայտարարություն: Եվ բացի այդ՝ այդ ո՞ր ուժերն են, որ բարոյական իրավունք են ունենում կազմակերպել պետական հեղաշրջման փորձ: 1995-ին, երբ Ձեզ առաջադրվեց նման մեղադրանք՝ կարծում եք, թե ունեի՞ք դրա բարոյական իրավունքը:

– Այն մեղադրանքը, որն ինձ առաջադրվեց 1995-ին՝ դատարանով չհաստատվեց: Մեղադրելը մի բան է, դատարանով հաստատվելը՝ մեկ ուրիշ:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ բարոյական իրավունքի մասին է խոսքը՝ ես չեմ ասել, թե բարոյական իրավունքը վերաբերում է հեղաշրջում կատարելուն (նկատենք, որ մենք պրն Հովհաննիսյանի ելույթից այդ մեջբերումն արել ենք առանց խմբագրման՝ բառացի, եւ այն նույն կերպ շարադրել էր նաեւ «Հայոց աշխարհը».- Ա. Ի.): Ես ասել եմ, որ բարոյական իրավունք չունեին ժողովրդին այդ տեսակի ժողովրդավարությանը եւ մնացած բաներին կոչ անելով բարձրացնելու: Սա, այո՛, չունեին, եւ ես հիմա էլ այդ կարծիքին եմ: Հեղաշրջում անելու իրավունք՝ բարոյական, իրավական կամ որեւէ այլ, չունի ոչ ոք, սակայն ժողովուրդն, իհարկե, իր իրավունքները պաշտպանելու իրավունք ունի. դա ամրագրված է միջազգային օրենքով:

Բայց ամենակարեւորը Ձեր հարցի մեջ (մնացածը հարցին «անտուրաժ» տալու համար է ասվում՝ ես հասկանում եմ) եւ հիմնականն այն է, որ մեր դատարանները չկարողացան ապացուցել: Ճիշտ է, չկարողացա՛ն, որովհետեւ վա՛տ են աշխատում: Եվ հանձնաժողովը հենց դա էլ հաստատեց, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները եւ դատարաններն իրենց մակարդակի, բարձրության վրա չեն: Եվ քանի որ սա հաստատված է՝ այլեւս հանձնաժողովի եզրակացությամբ ես իրավունք ունեմ անելու քաղաքական իմ եզրակացությունը, որը եւ անում եմ:

«Քաղաքական մեկնություններ»

Եթե ՀՅԴ խմբակցության ղեկավարն այս ճեպազրույցում, մեղմ ասած՝ փորձեց խմբագրել իր միայն մի հայտարարությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնը կարճ ժամանակում արեց 3 անգամ: Ընդ որում՝ այդ ընթացքում ի ցույց դրեց, որ ծանոթ չէ ոչ միայն ԱԺ այն որոշմանը, որով ստեղծվել է «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովը, այլ նաեւ, որ չի կարդացել այդ մարմնի վերջնական եզրակացությունը:

Այսպես՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես էին նա եւ ՀՀԿ այլ պատգամավորներ այդքա՜ն դրվատալից խոսքեր ասում այդ եզրակացության մասին, երբ նույն ժամանակ ԱԺ պատերի տակ հանձնաժողովի դեմ բողոքի ցույց էին անում մարտի 1-ի զոհերի հարազատները, ընդ որում՝ ոչ միայն զոհված ցուցարարների ծնողները, այլ նաեւ զոհված զինվորի՝ Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը. «Խնդիրը հետեւյալն է, որ մամուլը հանձնաժողովի կազմավորման օրվանից հասարակության միտքը շեղեց այն իմաստով, որ հանձնաժողովը լիազորություն ունի նաեւ հետաքննելու՝ իրավապահների դերը կատարելու, եւ մարդիկ մտածել էին, թե սա այն հանձնաժողովն է, որ բացահայտումներ պիտի իրականացնի: Բնականաբար, հանձնաժողովն այդ լիազորությունները չուներ եւ չէր էլ կարող ունենալ: Երեւի դա էր պատճառը, որ մարդիկ հավաքվել էին,- ի պատասխան ասաց Գալուստ Սահակյանը:- Մարդիկ պահանջում էին, որպեսզի բացահայտումներ լինեն, որը բնավ ԱԺ-ի կամ հանձնաժողովի խնդիրը չէր»: Հարցրինք, թե ինչպե՞ս է հայտարարում, որ մամուլն է շեղել եւ դա հանձնաժողովի խնդիրը չէր, երբ այդ կառույցը ստեղծելու մասին ԱԺ 2008 թ. հունիսի 16-ի որոշմամբ հստակ սահմանված է, որ հանձնաժողովի խնդիրն է նաեւ «զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն անմիջապես փոխեց խոսքը. «Իհարկե, հանձնաժողովն այդ խնդիրն ուներ, բայց հանձնաժողովը աշխատել է համապատասխան նյութերով: Գործառույթը հետեւյալն է եղել, եւ դա այդպես էլ պիտի լիներ՝ այն նյութերը, որոնք եղել են ոստիկանությունում, դատախազությունում՝ այդ բոլոր նյութերը վերլուծել, համադրել է հանձնաժողովը: Զոհերի գործով որեւէ պարզաբանում, տեղեկանք հանձնաժողովը չի ստացել եւ չէր էլ կարող ստանալ, որովհետեւ բացահայտման որեւիցե ինֆորմացիա համապատասխան պատկան մարմինը չունի»: Քիչ անց՝ ի պատասխան «Panarmenian.net»-ի հարցի, պրն Սահակյանն արդեն նոր մեկնաբանություն տվեց. «Հանձնաժողովի վրա չի դրված մահվան հանգամանքները պարզել: Հանձնաժողովի վրա դրված է, որպեսզի մահվան հանգամանքներին քաղաքական մեկնություններ անեն»:

Նկատենք, որ չնայած Գալուստ Սահակյանի բազմակի պնդումներին, թե հանձնաժողովը «Որեւէ տեղեկանք, որեւէ փաստաթուղթ չի ստացել այդ զոհերի առումով»՝ եզրակացությունը լեցուն է նախաքննական մարմնից ստացած փաստաթղթերի մասին հիշատակումներով: Որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի ընթերցել 138 էջանոց այդ փաստաթուղթը՝ երեւաց նաեւ այնժամ, երբ փորձեց հերքել մեր պնդումը, թե եզրակացության մեջ նշված է. «Կատարվածում իրենց մեղքի բաժինն ունեին թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը»: Այս մասին հիշեցմանն ի պատասխան՝ ժխտեց, թե իշխանության մեղքի մասին պնդում կա, եւ հայտարարեց, թե մեղքը ուղղորդողներինն է եղել. «Իսկ պատասխանատվությունը՝ իշխանությանը»:

Գալուստ Սահակյանից փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ ՀՀԿ խմբակցության անունից իր ելույթում հետեւյալ զուգահեռի կապակցությամբ. «Մարտի 1-ը դա ձեռագիր էր՝ հիշեք Մասիսի դեպքերը, կայարանի դեպքերը, ՀԱԲ-ի դեպքերը, 1996 թվականի դեպքերը»: Մեր հարցին, թե ի՞նչ կապ կամ ընդհանրություն կա «մարտի 1»-ի եւ, ասենք, ՀԱԲ-ի ապօրինի զինված ջոկատները զինաթափելու կամ 1996-ին Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմության՝ ԱԺ գրոհի միջեւ, նա պատասխանեց. «Այդ բոլոր երեւույթներում զոհեր են եղել»: Մեր ճշտող հարցին՝ 1996-ին զոհե՞ր են եղել՝ Գալուստ Սահակյանը դեռ մեզ մեղադրեց. «Մեկ մի բան եք ասում՝ մեկ ուրիշ բան: Ես ընդամենն ասում եմ, որ նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունների գործողությունները կա՛մ իշխանությունը զավթելու խնդիրներով է առաջ գնացել, կա՛մ իշխանությունը պահպանելու: 1996-ին իշխանությունը պահպանելու խնդիր ուներ»: Մեր կողմից հավելենք՝ ինչպես նաեւ 2008-ի մարտի 1-ին իշխանությունն ուներ այդ խնդիրը:

Հ. Գ. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք որոշման նախագիծ են դնելու շրջանառության մեջ եւ առաջարկելու, թե քանի որ «մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվել, ուստի անհրաժեշտ է նոր հանձնաժողով, որը կունենա իրական լիազորություններ եւ պատվիրակված հնարավորություն՝ իրականացնելու նաեւ հետաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել