Սեպտեմբերի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կուսակցությունների ղեկավարների «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» թեմայով խորհրդակցությունից հետո ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ի պատասխան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հարցի՝ հեգնել էր. «Եթե սահմանները չընդունեինք էլ, երեւի դուք կամավոր մի ջոկատ ունեք, հա՞, որ պիտի գնար Վանը վերցներ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցում նման զուգահեռ տարավ. «Եթե տեղյակ եք՝ հին ժամանակներում թատրոններում կիրառվում էր «կլակա» երեւույթը, երբ անտաղանդ բեմադրիչներն ու դերասանները նախապես դահլիճում նստեցնում էին իրենց հավատարիմ ընկերների խումբը, որոնց, որպես կանոն, վճարում էին, եւ դրանք ծափ էին տալիս՝ կազմակերպում բուռն ծափահարություններ, որպեսզի այդ խայտառակ բեմադրությունն այնուամենայնիվ թողնի դրական տպավորություն: Եվ ես նկատեցի, որ ցավոք սրտի, մեր ԱԺ որոշ պատգամավորներ իրենց հստակ պահեցին որպես այդ տեսակի մի «կլակա»: Նման երեւույթ նկատվեց նաեւ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ինչի մասին ես զգուշացնում էի՝ ասելով, որ «ադաբրյամսի» տոկոսը բարձր է լինում: Իհարկե, նաեւ զավեշտական պահեր եղան: Օրինակ՝ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այս տեսակի արձանագրությունների ոգուն ինքը կողմ է եղել 60-ական թվականներից: Ինչը ենթադրել է տալիս, որ 1965 թվականին, երբ ամբողջ ժողովուրդը հրապարակներում կանգնած էր «Վերադարձրեք մեր հողերը» լոզունգով՝ պարոն Մանուկյանի ձեռքում այլ լոզունգ էր: Հավանաբար նրա լոզունգի վրա գրված էր. «Ճանաչե՛նք Կարսի պայմանագիրը» կամ՝ «Փակե՛նք այս էջը, մոռանա՛նք Ցեղասպանությունը»: Կամ էլ կարող է ուրիշ բան լինել: Ես հասկանում եմ, երբ մարդիկ նյարդայնանում են, որովհետեւ հասարակությունը կարող է կապել նրանց դիրքորոշումն այսօրվա զբաղեցրած պաշտոնի հետ, եւ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, նաեւ մարդկանց ուշադրությունը շեղվի այդ տեսակ «կլակային» հավատարմություն արտահայտելուց՝ նրանք սկսում են խոսել իրենց անցյալի հայացքների մասին եւ այլն: Բավականին, իմ կարծիքով, տհաճ տպավորություն էր»:
Հիշեցնենք, որ 1996-ին ՀՅԴ-ն սատարում էր Վազգեն Մանուկյանին: