Երեկ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանեց panorama.am-ի հարցին՝ կապված Էրդողանի վերջին հայտարարությունների հետ: Նա, մասնավորապես, ասաց. «Փորձելով կապել այդ երկու գործընթացները (հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման – խմբ.), կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը: Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել եւ վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին եւ նպատակներին հակառակ: Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը եւ նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է: Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները՝ առաջ գնալու համար: Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների եւ նրանց զավակների հանդեպ»: