Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորվենք մեր ապագան վտանգող քայլերի դեմ

Սեպտեմբեր 19,2009 00:00

ՀՅ Դաշնակցության մամուլի հաղորդագրություն

Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դեմ ՀՅ Դաշնակցության կազմակերպած բողոքի գործողությունների հանդեպ մի շարք քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների վերաբերմունքը բացահայտում է մեր քաղաքական դաշտի բուն էությունը: Բուն էությունը, որովհետեւ սա մի հիմնախնդիր է, որը պարտադրում է յուրաքանչյուրին ինքնադրսեւորվել՝ ելնելով սեփական արժեհամակարգից ու գաղափարախոսությունից:

Բնական է՝ հիշյալ փաստաթղթերի հանդեպ տարբեր ուժերի կարծիքներն ու մոտեցումները պետք է տարբեր լինեն: Սակայն ուշագրավն այն է, որ քաղաքական դաշտի հակոտնյա որոշ ուժերի ու նրանց տեսակետները սպասարկող լրատվամիջոցների մոտեցումներն ու մեկնաբանությունները Դաշնակցության կազմակերպած միջոցառումների նկատմամբ համընկնում են եւ փոխլրացնելով՝ հետապնդում միեւնույն նպատակը: Այն է. վարկաբեկել ու քարկոծել Դաշնակցության մոտեցումները կամ նենգափոխելով եւ խեղաթյուրելով՝ առնվազն նսեմացնել դրանց իմաստն ու կարեւորությունը:

Արմատական ընդդիմության գործիչների եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցների արձագանքների բնույթը եւ նպատակադրումները հստակ են. հանրության գիտակցության մեջ ամրագրել այն ընկալումը, թե միակ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է, իսկ ընդդիմության միակ նպատակը՝ արագ իշխանափոխությունը: Այս դիտանկյունից՝ ցանկացած այլ գործընթաց նրանք համարում են հասարակության ուշադրությունն իրենցից եւ իրենց նպատակադրումից շեղելու քայլ եւ անհաշտ պայքար մղում դրա դեմ: Դրանով իսկ դրսեւորվում է այն իրողությունը, որ փաստորեն ազգային այս կարեւորագույն հարցի կապակցությամբ այսօրվա արմատական ընդդիմությունը իշխանության հետ գաղափարական հարթության վրա լուրջ տարաձայնություններ չունի:

Դաշնակցության դիրքորոշումները խեղաթյուրող եւ նենգափոխող ուժերը եւ նրանց տեսակետներն արտահայտող՝ հիմնականում իշխանական լրատվամիջոցները այլ բան են ասում: Նրանք փորձում են հանրությանը համոզել, թե Դաշնակցությունն ընդհանրապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը: Սրանով փորձ է արվում ետին պլան մղել կամ անտեսել նախաստորագրված փաստաթղթերում առկա՝ Հայաստանի ու հայության շահերը վտանգող ձեւակերպումների, ըստ էության՝ մեզ պարտադրվող նախապայմանների հիմնախնդիրը, ինչով էլ պայմանավորված է ՀՅԴ կեցվածքը:

Ոչ պակաս վտանգավոր են այն ձեւակերպումները, որ դրսեւորվում են վերջին օրերին քաղաքական դաշտի մեկ այլ հատվածից: Այն է. Ցեղասպանության հետապնդման հարցը պետք է թողնել Սփյուռքին: Այս հարցում Հայաստանին պետական մակարդակով լոկ դիտորդի կարգավիճակում տեսնողները հրաժարվում են «Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականություն», «հայկական աշխարհ», «համաշխարհային ազգ» ձեւակերպումներից եւ իրականացնում ազգի մասնատման, տարբեր հատվածների հակադրման խիստ վտանգավոր քաղաքականություն:

Այս բոլոր մոտեցումները, փոխլրացնելով միմյանց, լուրջ սպառնալիք են մեր ազգային-պետական շահերի ու անվտանգության համար: Մենք կրկին կոչ ենք անում պատասխանատու բոլոր ուժերին, անհատներին, երիտասարդությանը. միավորվենք մեր ձեռքբերումներն ու ապագան վտանգող կեցվածքների ու քայլերի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել