Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ»

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"Ճիշտ այս ոգով էին երեկ ավարտվում ընդդիմության հանրահավաքում հնչած բոլոր ելույթները: Դրանք բոլորն էլ, ի վերջո, եզրափակվում էին գործող իշխանության հեռանալու պահանջով:

Երեկ քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի ծննդյան օրն էր, ու հենց նրան ուղղված շնորհավորանքով էլ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մոտ նախաձեռնած հանրահավաքը, որը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հույս հայտնեց, թե շուտով ազատության մեջ կլինեն նաեւ մյուս բոլոր 19 քաղբանտարկյալները:

«Այսօր, այստեղ, մեզ հետ միասին պետք է լիներ նաեւ Խաչատուր Սուքիասյանը, բայց մի քանի ժամ առաջ Հատուկ քննչական ծառայությունից նրան հրավիրել են հարցաքննության: Իշխանությունները ցանկացած էժանագին հնարքի կդիմեն՝ միայն թե խանգարեն այն, ինչ ծրագրված է մեր կողմից: Հուսով ենք, որ այդ հարցաքննությունը երկար չի տեւի, եւ Խաչատուր Սուքիասյանը կմիանա մեր հանրահավաքին»,- իր ելույթն այսպես սկսեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թեեւ Սուքիասյանն այդպես էլ չկարողացավ մասնակցել ո՛չ հանրահավաքին, ո՛չ էլ երթին: Իսկ Լ. Զուրաբյանը, որը ընդամենը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանդիպել է նաեւ լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցների հետ, ասաց, թե իր հանդիպումներն ու զրույցները հայ համայնքի ներկայացուցիչների հետ «ցույց տվեցին, որ այդ հսկայական համայնքն այսօր ամբողջությամբ կանգնած է մեր՝ Հայ ազգային կոնգրեսի, բռնապետության դեմ պայքարող մեր ժողովրդի կողքին»: Նրա մատուցմամբ, Լոս Անջելեսի հայերն էլ նույնքան անհամբեր են, որքան Հայաստանում ապրող մարդիկ, եւ նույն հարցն են տալիս՝ ե՞րբ ենք անցնելու վճռական գործողությունների: Այս հարցադրմանը հավաքված բազմությունն ինքը պատասխանեց՝ երկար ժամանակ վանկարկելով «Հիմա» կարգախոսը: ՀԱԿ համակարգողն ասաց, թե նման գործողությունները, կարծես, արդեն հասունանում են, բայց դրանց արդյունավետությունը չափազանց շատ է կախված պահի ճիշտ ընտրությունից: «Մենք իրավունք չունենք ո՛չ «անժամանակ սկզբի» եւ ո՛չ էլ ուշացնելու: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերություններում եւ Ղարաբաղի հարցում գործարքի գնալու խոստումներով ձեռք է բերել միջազգային ժամանակավոր աջակցություն, ինչը նա ցանկանում է օգտագործել ընդդիմությանը ջախջախելու նպատակով: Եթե նման բան լինի, այլեւս ոչինչ չի զսպի նրան՝ թե՛ այդ գործարքները իրականացնելու, թե՛ բռնապետությունը հավերժացնելու գործում: Ընդդիմությունը պետք է շատ հստակ հաշվարկի իր քայլերը եւ վճռական գրոհի անցնի այն ժամանակ, երբ ե՛ւ ամբողջ հասարակության, ե՛ւ միջազգային հանրության համար պարզ կլինի ռեժիմի սնանկությունը»,- ասաց Լ. Զուրաբյանն ու հավելեց, թե սա նյարդերի նրբագույն պայքար է, «եւ ինչպես միշտ, նման դեպքերում հաղթելու է նա, ում նյարդերը ավելի պինդ են լինելու»: ՀԱԿ համակարգողի ասելով, ընդդիմության նյարդերն ավելի պինդ են, բայց նա ունի եւս մեկ առավելություն՝ «մեր թիկունքում կանգնած է հայ ժողովուրդը, ուստի՝ այս բախտորոշ ճակատամարտում հաղթելու ենք հենց մե՛նք»:

Երեկվա հանրահավաքում իր ելույթը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը սկսեց խոստովանությամբ. նա կարոտել էր հավաքվածներին, այն էներգիային, որ հնարավոր է ստանալ նրանց լուսավոր դեմքերից: «Ու եթե կուզեք իմանալ, քաղաքական շփումները անում են ոչ թե մարզահամերգային համալիրի դահլիճներում, այլ այսպես՝ ժողովրդի հետ խոսելով, սեփական տեսակետը ժողովրդին ասելով եւ նրա տեսակետը լսելով կամ անգամ ժողովրդին համոզելով»,- ասաց Ա. Սարգսյանը: Անդրադառնալով նյարդերի պայքարի մասին Լ. Զուրաբյանի դիտարկմանը՝ «Հանրապետության» նախագահն ասաց, թե իր նյարդերն արդեն տեղի են տալիս, իր համբերության բաժակն արդեն լցվել է, ու ինքն արդեն չի դիմանում, որովհետեւ հասկացել է, որ «պահը եկել է, որ էս ժողովուրդը էլ սպասելու տեղ ու համբերելու ժամանակ չունի, որ էս իշխանությունների հեռանալու իսկական ժամանակն է, որովհետեւ հակառակ դեպքում մենք կորցնում ենք երկիրը»:

Հավաքված բազմությունն այստեղ էլի հիշեց «Հիմա» կարգախոսը, որի ազդեցությունը «զանգվածների» վրա լինգվիստիկ փորձաքննությամբ դեռ պարզաբանված չէ: Ա. Սարգսյանը հավաստիացրեց, թե հեռու չեն այն ժամանակները, երբ ընդդիմության հանրահավաքները կդառնան շուրջօրյա, եւ երբ ժողովուրդն այս իշխանություններին կհեռացնի: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու բաց սահմանների մասին՝ նա հիշեցրեց նաեւ, որ երբ ընդդիմությունը տարիներ առաջ խոսում էր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ, բաց սահմաններ ունենալու, իսկ Քոչարյանը՝ «գենետիկ անհամատեղելիության» մասին, այն ուժերը, որոնք հիմա գովերգում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, բերանները ջուր էին առել եւ պաշտպանում էին Քոչարյանի տեսակետը: «Այո, 21-րդ դարին բնորոշ չէ փակ սահմաններով ապրելը, բայց նաեւ բնորոշ չէ քաղբանտարկյալներ ունենալը, 21-րդ դարին նույնչափ բնորոշ չէ ադրբեջանցու, թուրքի հետ լեզու գտնելը, իսկ սեփական երկրում սեփական ժողովրդի հետ լեզու չգտնելը»,- եզրափակեց նա՝ հավելելով, թե գործող իշխանությունը դատապարտված է պարտության:

Խոսեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններին: Սկզբունքորեն ողջունելով հարաբերությունների հաստատման հնարավորությունը՝ ՀԺԿ առաջնորդը միաժամանակ մատնանշեց այն մտահոգիչ դրույթները, որոնք կան հիշյալ արձանագրություններում. «Անընդունելի է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հիմա, իբր, որպես ձեռքբերում նշվում է այն, որ խոսքը ոչ թե հանձնաժողովի, այլ ենթահանձնաժողովի մասին է: Սակայն ո՞րն է դրանց տարբերությունը: Մի կողմից՝ ստեղծվում է այդ հանձնաժողովը, մյուս կողմից՝ ամրագրվում է, որ կողմերը պետք է զերծ մնան բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց: Այսինքն՝ անգամ Ցեղասպանության հիշատակումը Թուրքիայի կողմից կարող է դիտարկվել որպես բարիդրացիականության ոգուն չհամապատասխանող քաղաքականություն: Եվ ընդհանրապես, ակնհայտ է, որ սա կասեցնելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ու հայտնի է, որ հարցը «թաղելու» համար պետք է ստեղծել հանձնաժողով»,- ասաց Ստ. Դեմիրճյանը ու սահուն անցում կատարեց ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովին: Նրա դիտարկմամբ, այդ հանձնաժողովն այդպես էլ չպատասխանեց հիմնական հարցին՝ ովքե՞ր են պատասխանատու կոնկրետ մարդկանց սպանությունների համար: Հավաքվածներն իրենք պատասխանեցին՝ Քոչարյանը, իսկ Ստ. Դեմիրճյանը շարունակեց, թե՝ «հանձնաժողովը, ըստ էության, կոծկեց այդ հանցագործությունը եւ չփակեց «Մարտի 1»-ի էջը եւ չի էլ կարող փակել, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել դրա իրական մեղավորները»: Նա նաեւ անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման համատեքստում զարգացման հեռանկարների մասին կանխատեսումներին ու նկատեց, որ «դա քննարկման նյութ էլ չէ. իհարկե, սահմանը պետք է բացվի: Սակայն ակնհայտ է եւս մեկ բան. մեր երկիրը զարգացման հեռանկար չի ունենա թե՛ բաց, թե՛ փակ սահմանների դեպքում, քանի դեռ երկրում գործում է այս կրիմինալ, օլիգարխիկ համակարգը: Ուրեմն, մեր առաջնային խնդիրը մնում է նույնը՝ ձերբազատվել այդ համակարգից»:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթն ամբողջությամբ կարդացեք էջ 15, 16, 17: Իսկ հանրահավաքին հաջորդեց երթը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց- Սախարովի հրապարակ-Թումանյան փողոց երթուղիով: Ի դեպ, Հանրապետության հրապարակ հասնելով, որտեղ նստացույց ու հացադուլ էին անում դաշնակցականները, երթի մանակիցները սկսեցին վանկարկել՝ «Միացում» եւ «Լեւոն, նախագահ» կարգախոսները: Երթն անցավ առանց միջադեպերի եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել