ՀԺԱՄ-ը կարծում է, որ «Թուրքիան նույն Թուրքիան է, ինչ նախկինում էր»
«Պետությունն իր հարեւանների հետ պետք է ունենա նորմալ զարգացող բարիդրացիական հարաբերություններ, ուստի այս տեսակետից կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն եւ սահմանն էլ վերաբացվի, առավել եւս, որ սահմանն էլ մենք չենք փակել». սա Հայաստանի ժողովրդավարական ազատական միության (ՀԺԱՄ) դիրքորոշումն է, որը երեկ «Առավոտի» հետ զրույցում բարձրաձայնեց կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանը: Կուսակցությունում կողմ են երկու երկրների հարաբերությունների բարելավմանը՝ առանց նախապայմանների: Մինչդեռ նախաստորագրված Արձանագրությունների տողատակերում ՀԺԱՄ-ում Թուրքիայի կողմից առաջադրված առնվազն երեք նախապայման են նկատել: Առաջինը վերաբերում է Կարսի պայմանագրի անուղղակի վերավավերացմանը. «Հարեւանի հետ կարելի էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ սահմանների ճշգրտման հարցը թողնելով համապետական հանձնաժողովներին»,- ասում է Վահրամ Մկրտչյանը՝ վկայակոչելով համանման միջազգային պրակտիկան: Մյուս երկու նախապայմանները վերաբերում են ցեղասպանության հարցին եւ ԼՂՀ խնդրի կարգավորմանը. «Արձանագրության մեջ թվարկվում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, հղումներ են արվում նոր Եվրոպայի խարտիային եւ այլն, թվարկվում են տարբեր սկզբունքներ, այդ թվում՝ նաեւ տարածքային ամբողջականության, բայց ինքնորոշման սկզբունքը չի մատնանշվում: Իհարկե, մենք այսօր չենք ակնկալում, որ Թուրքիայի տարածքում գտնվող հողերի վրա պետք է հայկական էթնոսն ինքնորոշվի, բայց եթե մյուս սկզբունքները թվարկվում են, թող դա էլ լիներ: Հետեւաբար, անուղղակի կերպով սահմանի բացումը կապվում է ԼՂՀ հարցի կարգավորման հետ: Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ 1993-ից ի վեր փակելով սահմանը, Թուրքիան պայման էր դնում, որ ԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերման դեպքում կբացի սահմանը: Առ այսօր այդ պայմանը չեղյալ չի հայտարարվել»: Հետաքրքրվեցինք՝ նախագահի մոտ հանդիպումից եւ քննարկումներից հետո՞ էլ այդ բոլոր մտավախություններն օրակարգում են: «Իմ տպավորությամբ՝ կար բոլոր վտանգների եւ մարտահրավերների խորը գիտակցում, բայց նաեւ վճռականություն եւ կամք, որ այս ամենում հայ անկախ պետականության շահերը չեն վտանգվի: Ես հասկացա, որ կան նաեւ խոշոր պետությունների երաշխիքային հավաստումները»,- ասաց պարոն Մկրտչյանը:
Ի դեպ, սահմանի բացման արդյունքում անընդհատ խոսվող տնտեսական օգուտները մանր ու միջին բիզնեսի շահերի ջատագով կուսակցության լիդերը չի տեսնում: Ավելին. «Թուրքիան նույն Թուրքիան է, ինչ նախկինում էր. նա չի ձերբազատվել իր պանթուրքիստական նկրտումներից եւ սահմանի բացումից հետո անպայման փորձելու է Հայաստանը, որպես սեպ իր երկու ժողովուրդների միջեւ, եթե չվերացնել, ապա անպայման այդ տարածքն իր տնտեսական ազդեցության տակ վերցնել: Ես համոզված եմ, որ անպայման տնտեսական էքսպանսիա է անելու, հավանաբար, գյուղատնտեսական ոլորտում, որտեղ մեծ թվով մարդիկ են զբաղված: Այսինքն՝ սահմանի բացումը վնաս է տալու մեր գյուղատնտեսությանը: Հետեւաբար, մինչ այդ մենք պետք է օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ընդունենք, որ պաշտպանենք տեղական արտադրողին: Այս առումով փոքր եւ միջին բիզնեսի շահը վնասվելու է»: Ինչ վերաբերում է ապրանք ներկրող մանր ու միջին գործարարներին, ապա, մեր զրուցակցի կարծիքով, ներկրումն էլ չի ավելանալու: «Հիմնականում ներկրվում է շինանյութ, հագուստեղեն, կոշկեղեն, որն արդեն իր սպառողին գտել է մեր շուկայում: Գների մի փոքր էժանացման հետ կապված՝ գուցե սպառողների քանակը մի փոքր ավելանա, բայց դա չի կարող անվերջ եւ ծավալուն պրոցես լինել: Իմ կարծիքով, սահմանի բացման դեպքում ավելի շահեկան վիճակում կհայտնվեն խոշոր գործարարները, հատկապես արտահանման դաշտում: Հայաստանից կաշվի հումք էր արտահանվում եւ բացառապես ստվերային ճանապարհով, Վրաստանի ճանապարհով: Հիմա դա կօրինականացվի եւ ինչ-որ մի խոշոր գործարար մեծ եկամուտներ կունենա»,- ասում է ՀԺԱՄ նախագահը:
Կարեւոր մտահոգություններից մեկը, որ ունեն կուսակցությունում, թուրքական էթնոսի՝ Հայաստանի տարածքում բնակվելու հարցն է եւ, որպես դրա հետեւանք՝ խառնամուսնությունները. «Այսօր Իրանի 7500 քաղաքացի՝ ազգությամբ ազերի, ամուսնացած է հայ կանանց հետ: Տվյալները պաշտոնական են, վերցված Իրանի դեսպանատնից: Վաղը նրանցից ծնված երեխաները կլինեն ՀՀ քաղաքացի եւ արդեն հնարավոր կլինի նրանց անունով հող ձեռք բերել Հայաստանում: Նույն բանը կկատարվի թուրքերի հետ խառնամուսնությունների արդյունքում: Սա չեմ ասում, որ սուգ կապենք, այլ՝ որ այսօրվանից իսկ նախաձեռնենք օրենսդրական փոփոխություններ՝ այս հնարավոր վտանգները չեզոքացնելու համար»: