ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանհինգերորդ
ԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՉԳՐՈՂՆԵՐ
Եվ Դերոն ժպտալով ասաց՝ «որ ընկերության կենացի գծով աշխարհի չեմպիոնատ ըլներ, հայերը մեկից մեկ աշխարհի չեմպիոն կդառնային», եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «էդ վատ ա՞», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «լավն ու վատը չգիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես փաստն եմ ասում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «փաստն էն ա, որ խանգարում եք», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ենք խանգարում», եւ Գեւորն ասաց՝ «չեք թողում Արմենը մեր ընկերության կենացի վրա մի էրկու քաղցր բան ասի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Արմոն իրա ասելիքն արդեն ասեց», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էրկու քաղցր խոսք» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «երկարամյա ու ամուր», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մի քանի բան էլ ասա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ասեմ», եւ Սաքոն Գեւորին հարցրեց՝ «ի՞նչ ասի», եւ Գեւորն ասաց՝ «ինչ ուզում ա՝ թող ասի, մենակ թե՝ մի խանգարեք», եւ Սաքոն ասաց՝ «չենք խանգարում, ասա՛, Արմո ջան», եւ ես սրտնեղած ասացի՝ «ի՞նչ որ ասելու էի՝ արդեն ասել եմ», եւ Գեւորը դժգոհ ասաց՝ «ընդամենը էրկու բառ ես ասել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «բայց սովորական բառեր չէին», եւ Սաքոն փռթկացրեց՝ «երկարամյա ու ամուր», եւ Գեւորն ինձ խնդրեց՝ «մի էրկու բան էլ ասա, Արմեն ջան», եւ Դերոն Գեւորին ասաց՝ «չգիտե՞ս, որ Արմոն ուրբաթախոս ա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինքը մենակ շաբաթ օրերն ա շատ խոսում, էն էլ՝ «Առավոտ» թերթի մեջ», եւ Գեւորն ինձ ասաց՝ «էդ վեպդ էդքան երկար գրում ես, բայց մեր ընկերության մասին չես կարում էրկու բան ասես», եւ Սաքոն ասաց՝ «էդ վեպն էդքան գրել ա, բայց էդ գրածի մեջ էլ մեր ընկերության մասին բան չկա», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չկա», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «Սաքոն Արմոյի էդ գրածները ծերից ծեր կարդում ա», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «երբվանի՞ց ես գիրք կարդացող դառել», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էն օրվանից՝ ինչ Արմոն սկսել ա գիրք գրել», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «հետաքրքիր ա՞», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Գագոն արհամարհական ասաց՝ «կարդալը», եւ Սաքոն ինձ նայելով՝ ժպտաց ու ասաց՝ «առայժմ էնքան էլ հետաքրքիր չի, բայց հույս ունեմ, որ հետագայում կհետաքրքրանա», եւ Գագոն հարցրեց՝ «խի՞ պիտի հետաքրքրանա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «հենց որ Արմոն սկսի մեր մասին գրել, հաստատ կհետաքրքրանա», եւ Գագոն անհանգստացած հարցրեց՝ «մեր մասին ի՞նչ պիտի գրի», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մեր երկարամյա ու ամուր ընկերության մասին ա գրելու», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Սաքոն ինձ ասաց՝ «ո՞նց չգիտես. խոստացել ես, որ գրելու ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ եմ գրելու», եւ Սաքոն ասաց՝ «մեր ընկերության մասին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ընկերության մասին չգիտեմ, բայց էսօրվա մասին որ ուզենամ էլ՝ չեմ կարա չգրեմ», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «էսօրվա մասին ի՞նչ ես գրելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինչ որ էղել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ոչ մի բան էլ չի էղել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կգրեմ, որ ոչ մի բան չի էղել», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Արմոն չէղած տեղից էլ ա բստրում ու գրում», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես. կարող ա՞ դու էլ ես գիրք կարդում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մեկումեջ կարդում եմ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ես կարդում», եւ Դերոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմոյի էդ գրածները» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Նվերի մոմենտները համարյա լրիվ կարդացել եմ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ Նվեր», եւ Դերոն պատասխանեց ու ասաց՝ «Կրիվոյի», եւ Սաքոն ավելացրեց՝ «որ Փարիզում բիզնես ա կպցրել», եւ ես ժպտալով ասացի՝ «Մարսելում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Նվերն ամեն ինչ մարսել ու թռել ա Մարսել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ինձ ասաց՝ «պիտի երջանիկ ըլնես, որ ըսենց ուժեղ ընթերցողներ ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «երջանիկ եմ», եւ Դերոն ասաց՝ «ես դեպքից դեպք եմ կարդում, բայց Սաքոն ամեն շաբաթ պարտադիր կարդում ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «սրանից հետո չեմ կարդալու», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չես կարդալու», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մինչեւ մեր մասին չգրի՝ չեմ կարդա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սաղ աշխարհի մասին գրել ա, բայց մեր երկարամյա ու ամուր ընկերության մասին ոչ մի բառ չի գրել», եւ Գեւորը դժգոհելով ասաց՝ «ինքը նույնիսկ բանավոր չի ուզում էրկու բառ մեր ընկերության մասին ասի», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօրվա մասին հաստատ կգրեմ», եւ Գագոն զարմացած ասաց՝ «ախր ի՞նչ ես գրելու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր ոչ մի հետաքրքիր բան չի էղել», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրեմ, որ ոչ մի հետաքրքիր բան չի էղել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «գրի՝ թող սաղ աշխարհն իմանա, որ հայերը մարդավարի ուրախանալ ու քեֆ անել չգիտեն», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ՝ ինչ կգրեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ գրածներիդ համար փող էլ ե՞ս ստանում», եւ Սաքոն իմ փոխարեն ասաց՝ «Արմոն հո հարիֆ չի, որ առանց փողի գրի», եւ Գագոն Սաքոյին ասաց՝ «քե՛զ չեմ հարցնում» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ գրածներիդ համար շատ փող ե՞ն տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «չափավոր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր մասին որ գրելու ըլնես, ընենց բաներ չգրես, որ խայտառակ ըլնենք», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ պիտի խայտառակ ըլնեք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էսօրվա մեր սաղ խոսակցությունները նույնությամբ գրես, աշխարհով մեկ խայտառակ կըլնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարդացողները կմտածեն, որ հազար տարվա ընկերներն իրար չեն հարգում», եւ ես ժպտալով ասացի՝ «ընենց կգրեմ, որ հակառակը կմտածեն», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «որ Արմենը մեր մասին գրի, պատմության մեջ կմնանք», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «աչքիս Գագոն չի ուզում պատմության մեջ մնա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «կարեւորը պատմության մեջ մնալը չի», եւ Սաքոն հարցրեց՝ «բա ի՞նչն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն էն ա, թե ինչ ձեւով ես պատմության մեջ մնում», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «ոնց էլ մնանք՝ քյար ա», եւ Գեւորը ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ վեպիդ մեջ ինքնաքննադատական բաներ չես գրո՞ւմ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեծ մասն ինքնաքննադատական ա», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «այսինքն, ճիշտ ու իրական բաներ ե՞ս գրում», եւ Սաքոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հա. մեծ մասամբ ճիշտ բաներ ա գրում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօրվա մասին դժվար թե ճիշտը գրի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չպիտի ճիշտը գրեմ», եւ Գեւորը ծիծաղելով ինձ հարցրեց՝ «կարող ա՞ գրես, որ մեր ընկերության կենացն էսքան ջանջալացրիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կգրեմ, որ խանգարում էիք», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ենք խանգարել», եւ ես ժպտալով ասացի՝ «չթողեցիք ասելիքս ասեմ», եւ Գեւորը զարմացած նայեց տղերքին ու ասաց՝ «էս գրողները լրիվ շառ են», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «էս թերթերի գրողներից պիտի հեռու մնաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետդ ըսենց ժամերով անմեղ հրեշտակի պես կխոսան, բայց մյուս օրը թերթի մեջ ընենց բաներ կգրեն, որ մազերդ բիզ-բիզ կկայնեն», եւ ես ծիծաղելով Գագոյին ասացի՝ «քո ասածը ժուռնալիստներն են», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «խի դու ժուռնալիստ չե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ժուռնալիստ չես՝ ո՞նց ես թերթի մեջ գրում», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «Արմոն գրող ա», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ տարբերություն», եւ Սաքոն ասաց՝ «ժուռնալիստը հոդված ա գրում, գրողը՝ գիրք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «հիմի որ մեր մասին գրես, գրքի մեջ ե՞ս տպելու», եւ Սաքոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «սկզբում թերթի մեջ կտպի, հետո՝ գրքի մեջ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «որ ժուռնալիստ չի՝ ո՞նց ա թերթի մեջ տպելու», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «Արմոն սովորական գրող չի. իրա գրածները թերթի մեջ էլ են տպում», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «ահագին բան գիտես» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «իզուր էլ գրող չես դառել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «որ շատ նեղն ընկնեմ՝ կարող ա դառնամ», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «երեւի մոռացել ես, որ մեջներիցս Սաքոն էր ամենից լավ շարադրություն գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «Սաքոն պիտի գրող դառած ըլներ», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «դզողփչողն էլ վատ գործ չի», եւ Գեւորը ծիծաղելով Սաքոյին ասաց՝ «կարաս ցերեկները դզեսփչես, գիշերներն էլ գիրք գրես», եւ Սաքոն ասաց՝ «ես ո՞նց կարամ գրեմ. տառերի կեսը մոռացել եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «որ տառերի կեսը մոռացել ես՝ ո՞նց ես Արմենի գրածները կարդում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես Սաքոյի չմոռացած տառերով եմ գրում», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «որ իմանամ մեր մասին կգրես՝ նորից սաղ տառերը կսովորեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ չուզենաք էլ՝ էսօրվա մասին գրելու եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ախր էսօր բան չի էղել. ի՞նչն ես գրելու», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինքը չեղած բաների մասին ավելի լավ ա գրում», եւ Գեւորն ասաց՝ «թող գրի՝ ոնց ընկերության կենացը թթվացրեց ու ջանջալացրեց», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թողելո՞ւ եք մեր ընկերության կենացի վրա մի էրկու խոսք ասեմ», եւ Գեւորը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «որ ասում եմ՝ էս գրողները շառ են, չեք հավատում», եւ Գագոն ասաց՝ «ո՞վ չի հավատում. շատ լավ էլ հավատում ենք», եւ Սաքոն ծիծաղելով Գեւորին ասաց՝ «հիմի չեք թողելո՞ւ Արմոն ընկերության կենացի վրա էրկու խոսք ասի», եւ Գեւորն ապշահար նայեց Սաքոյին ու ասաց՝ «էս Սաքոն էլ ա շառ», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «բախտներս բերել ա, որ տառերի կեսը մոռացել ա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «որ պետք ըլնի՝ մի քանի օրում կսովորեմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս Սաքոն որ գրի, սաղ գրողներից էլ ուժեղ կգրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա գրածը բեկման ենթակա չի ըլնի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն ուրիշ բաներ ես խոսում, Գեւոր» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «Սաքոն իրա օրում չի կարա գրող ըլնի», եւ Գեւորը Սաքոյին հարցրեց՝ «գրող ըլնելն էդքան վիրավորական բան ա՞, որ նեղանում ես», եւ ես ծիծաղելով Սաքոյին ասացի՝ «ինձ էդքան գրող եք ասում, բայց չեմ նեղանում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գեւորն էդ բառը բացասական իմաստով ասեց» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «էնքան ա սուտի գողականների հետ շփվել, որ ինքն էլ ա մուտիլովչիկ դառել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «հիմի արդեն դու ես ուրիշ բաներ խոսում», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «էնքան ես էդ սուտի գողականների հետ շփվել, որ խասյաթով իրանց նման ես դառել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «խի իրանց խասյաթը ո՞նց ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ինձնից լավ գիտես», եւ Գեւորն ասաց՝ «ասա, որ ավելի լավ իմանամ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա՛նք են մարդկանց պիտնո կպցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նստածհելածներն աջուձախ թուլ մարդ են ման գալի, որ վրեն պիտնո կպցնեն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «դու է՛լ նստածհելածների հետ պակաս չես շփվում», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հետ եմ շփվել», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ Դերոն քիչ ա նստել», եւ Դերոն նեղսրտելով ասաց՝ «փոխանակ ձեր էդ անդուր խոսակցությունը փակեք, ինձ էլ ե՞ք էդ խոսակցությանը խառնում», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «Դերոյին էդ մյուսների հետ մի խառնի», եւ Գեւորը Սաքոյին հարցրեց՝ «կարող ա՞ Դերոյին էլ ինձանից պաշտպանես», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «զգուշ խոսացեք. Արմոն կարող ա ձեր էս սաղ խոսակցությունը գրի», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ գրի», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «խի՞ չես գրի. լավ էլ հետաքրքիր խոսակցություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ գրելն ամոթ բան ա», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն ճիշտ ա ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գեւորն ասաց՝ «էս անդուր խոսակցությունը փակենք», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «էս անդուր խոսակցությունը դու բացեցիր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «թող քո ասածն ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես բացել եմ՝ ես էլ փակում եմ», եւ Գագոն ասաց՝ «ի՞նչ տարբերություն. մի անդուր խոսակցություն փակում ենք, մի ուրիշն ենք բացում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «էդ նրանից ա, որ մարդավարի քեֆ անել չգիտենք», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նրանից ա, որ չեք թողում՝ մեր ընկերության կենացի վրա էրկու բառ ասեմ», եւ Գեւորն ինձ թարս նայելով ասաց՝ «հիմի որ գրողներին կպնեմ՝ Սաքոն էլի նեղանալու ա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «փոխանակ Արմոն նեղանա, Սաքոն ա նեղանում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սաքոն իրա ախպերներից կյանքում նեղացած չկա», եւ Գեւորը Սաքոյին հարցրեց՝ «մի քիչ առաջ չնեղացա՞ր», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ նեղացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի ուզում եմ, որ քու իսկական ընկերներին սուտի ընկերներիցդ տարբերես», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իսկական ընկեր ըլնեինք՝ Արմենը մեր կենացի վրա էսքան չէր մզմզա», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «թողում ե՞ք, որ Արմոն խոսա. մի գլուխ իրան կպնում եք», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա իրան կպել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «որ գրողներին կպնում ես՝ կարող ա՞ Արմոյին չի վերաբերվում», եւ ես ժպտալով ասացի՝ «ո՞ւր ա սրանց էդքան շնորհք, որ գրողներին կպնեն» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հազիվ իրար են կպնում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «իզուր ալիք մի խառնի. ըստեղ իրար կպնող չի էղել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ըստեղ մենակ քեզ ենք կպել, էն էլ՝ ընկերության կենացը փչացնելու համար», եւ ես ժպտալով Գեւորին ասացի՝ «Սաքոն ճիշտ ա ասում», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «թուլ մարդ ես ման գալի, որ կպնես», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «Սաքոն մի հատ սխալ բան ասեց, դու էլ կրկնում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած հարցրեց՝ «ինձ ըտենց ե՞ք ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «հանաք եմ անում, Գեւոր ջան», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հանաքի համար էդքան հարմար օբյեկտ ե՞մ», եւ ես մի քիչ մտածեցի ու Գեւորին ասացի՝ «մենակ դու չէիր նեղանում, դու էլ սկսեցիր նեղանալ», եւ Գեւորը նայեց Սաքոյին ու ասաց՝ «ես մենակ է՛ն վախտ եմ նեղանում, երբ որ ինձնից են նեղանում», եւ Սաքոն ասաց՝ «անցած ըլնի, Գեւոր ջան», եւ Գեւորն ասաց՝ «ես մենակ է՛ն վախտ եմ նեղանում, երբ որ ինձ սխալ են հասկանում», եւ Սաքոն ասաց՝ «անցած ըլնի», եւ Գեւորն ասաց՝ «ես մենակ է՛ն վախտ եմ նեղանում, երբ որ հանաքով ասածս լուրջ են ընդունում», եւ ես Գեւորին ասացի՝ «դու էլ ի՛մ հանաքը լուրջ ընդունեցիր», եւ Գեւորն ինձ թարս նայելով ասաց՝ «թե մեր ընկերության համար էրկու խոսք չես ասելու՝ ե՛ս կասեմ», եւ ես ասացի՝ «չեք թողում ասեմ», եւ Գեւորն ասաց՝ «թողում ենք. ասա՛», եւ երբ նորից տեղիցս վեր կացա ու բաժակս բարձրացրի, Գեւորն ինձ ասաց՝ «կարաս նստած խոսաս», եւ Դերոն Գեւորին ասաց՝ «էլի խանգարում ես. կայնած ա ուզում՝ թող կայնած խոսա», եւ Գեւորն ասաց՝ «նստած իրան ավելի ազատ կզգա» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «գրողները նստած չե՞ն գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «նայած գրող», եւ Դերոն զարմացած ինձ հարցրեց՝ «կայնած գրող էլ կա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում են՝ Գոգոլը կայնած ա գրել», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ռեւիզորը», եւ Գեւորը նեղսրտած ասաց՝ «էլի շեղվանք. կարող ա՞ հիմի էլ Գոգոլի կենացն առաջարկես», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր ընկերության կենացն ենք խմում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «դե նստի, կենտրոնացի ու սկսի», եւ ես նստեցի, կենտրոնացա, բաժակս բարձրացրի ու սկսեցի՝ «մեր ընկերությունը, որ ճիշտն ուզում եք իմանաք, շատ սովորական ընկերություն ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ որ ասեմ՝ մեր ընկերությունը վաբշե գոյություն չի ունեցել. մեր ընկերությունը նոր-նոր պիտի սկսվի», եւ Գագոն քամահրանքով ինձ հարցրեց՝ «յանի կսկսվի՞», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «հիմի էլ դու ես խանգարում», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «մի խանգարի, Գագ ջան. մարդը շատ անկեղծ ա սկսել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ձեզ միայն անկեղծ խոստովանությունը կփրկի, քաղաքացի Շեկոյան», եւ Դերոն Գեւորին ասաց՝ «հիմի թողելո՞ւ եք էս մարդը խոսա», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «չես թողում՝ ժիվոյ գրողի խոսք լսենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժիվոյ գրողի ժիվոյ խոսք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ինձ հարցրեց՝ «ֆանագրամա չի, չէ՞», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «շարունակի, ժիվոյ ջան», եւ ես շարունակեցի ու ասացի՝ «մեր ընկերությունը, փաստորեն, նոր-նոր ա սկսվում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հաստատ սկսվելու ա, որովհետեւ դրա պահանջը զգում ենք», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞վ ա զգում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «առաջինը՝ դու» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «դրա համար էլ մեզ էսօր ըսենց իրար գլխի ես հավաքել», եւ Գեւորն ասաց՝ «Գագոյի շնորհիվ», եւ Դերոն Գեւորին ասաց՝ «էլի ես խանգարում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «շարունակի, Արմեն ջան», եւ ես շարունակեցի ու ասացի՝ «սաղս էլ ընկերոջ կարիք ենք զգում, որովհետեւ էս ընթացքում սաղս էլ ընկեր ենք կորցրել», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞նց ենք կորցրել», եւ ես ասացի՝ «որոշ ընկերներ մեռել են, որոշներն էլ Հայաստանից գնացել են», եւ Գեւորն ասաց՝ «որոշներն էլ Հայաստանում են ու սաղ են», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «որոշներն էլ սաղ են, բայց մեռած են», եւ ես ժպտալով ասացի՝ «որոշների համար էլ մենք ենք մեռած», եւ Գեւորը դժգոհելով ասաց՝ «էս արդեն ոչ թե կենաց ա, այլ՝ մահախոսական», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «շարունակի, Արմո ջան» եւ ժպտալով ավելացրեց՝ «Գեւորի ասածների վրա ուշադրություն մի դարձրու», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ մենք էլ ենք մեռած», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մենք նո՛ր պիտի ծնվենք», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ պիտի անենք, որ ծնվենք», եւ Սաքոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ընկերություն պիտի անենք», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «քե՛զ չեմ հարցնում» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ընկերությո՞ւն պիտի անենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն, որոշում ենք էսօրվանից ընկերություն անենք», եւ Դերոն ասաց՝ «ընկերությունը որոշելով չի», եւ ես ասացի՝ «ընկերությունն ինքնիրան ա ստացվում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կամ ստացվում ա, կամ էլ չի ստացվում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ո՞նց պիտի անենք, որ ստացվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «դրա մասնագետը չեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որպես ընկեր՝ առանձնապես չեմ փայլել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «կարա՞ս բացատրես՝ իսկական ընկերությունը որն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ էդքանն իմանայի՝ լավ ընկեր կըլնեի», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞ւմ համար լավ ընկեր կըլնեիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ընկերներիս համար», եւ Գեւորն ինձ ասաց՝ «բայց քո ընկերներն, ասում ես, մեռել են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կարող ա ե՛ս եմ մեռել», եւ Գեւորը նեղսրտելով ասաց՝ «էս մարդը փոխանակ կենաց ասի, մահախոսական ա ասում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինքնամահախոսական», եւ Դերոն ասաց՝ «որովհետեւ չենք թողում իրա ասելիքն ասի. մի գլուխ խանգարում ենք», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «բա չիմանա՞նք՝ ընկերությունն ինչ բան ա» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «քո կարծիքով՝ լավ ընկերը ո՞նց պիտի ըլնի», եւ Սաքոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «լավ ընկերն էն ա, որ իրա ընկերոջը լավություն ա անում», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «քեզ չեմ հարցնում», եւ ես ասացի՝ «լավ ընկերն էն ա, որ իրա ընկերոջը վատություն չի անում», եւ Գեւորը զարմացած ինձ հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ ես հարցրի՝ «քիչ ա՞», եւ Գագոն՝ որ բավական ժամանակ լուռ էր, ասաց՝ «լավ ընկերն էն ա, որ ամենանեղ մոմենտին քեզ հասնում ա», եւ Դերոն Գագոյին հարցրեց՝ «քանի՞ հատ ըտենց ընկեր ունես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ չեն, բայց կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էլ ի՞նչ ընկեր, որ նեղ մոմենտիդ չհասնի», եւ Դերոն Գագոյին հարցրեց՝ «քանի՞ հոգու ես նեղ մոմենտին հասել», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու ասաց՝ «չհասկացա. կարող ա՞ քննություն ես ընդունում», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «նեղանալու ի՞նչ կա. մարդն ուզում ա իմանա՝ քանի՞ հոգու ես նեղ մոմենտին հասել», եւ Գագոն տհաճությամբ ասաց՝ «չեմ հաշվել», եւ Գեւորը հարցրեց՝ «էդքան շատ ե՞ն», եւ Գագոն թարս նայեց Գեւորին ու ասաց՝ «որ քիչ ըլնեին՝ հաշիվը կորցրած չէի ըլնի», եւ Դերոն Գագոյին հարցրեց՝ «բայց քո նեղ մոմենտին հասնող էղե՞լ ա», եւ մինչ Գագոն կմտածեր, Գեւորը Դերոյին ասաց՝ «կարող ա Գագոն նեղ մոմենտներ չի ունեցել»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ