Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրինա Բրուկը երբեմն իրեն հայուհի է զգում…

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"Նա ասում է, որ Շեքսպիրը հայ է եղել

Հանրահայտ բրիտանացի ռեժիսոր Իրինա Բրուկը՝ կինոյի եւ թատրոնի ռեժիսոր Փիթեր Բրուկի եւ դերասանուհի Նատաշա Պարիի դուստրը, Երեւանում է՝ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

Սեպտեմբերի 18-ին եւ 20-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Ի. Բրուկի ղեկավարած թատրոնը հայ հանդիսատեսի դատին կհանձնի «Երազին սպասելիս» եւ «Ինչ-որ տեղ Լամանչում» ներկայացումները:

Երեկ Ֆրանսիական դեսպանատանը տեղի ունեցավ Բրուկի հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին նա ներկայացավ ողջ թատերախմբով: Նրա դերասաններից երեքը հայ են՝ Ժիրայր Բաբազյան, Լորի Բաղդասարյան, Հովնաթան Ավետիքյան:

Նշենք, որ Իրինա Բրուկն իր թատերական կարիերան սկսել է որպես դերասանուհի: 18 տարեկանում նա դրամատիկական արվեստ ուսումնասիրելու նպատակով մեկնել է Նյու Յորք՝ Ստելա Ադլերի մոտ: Այստեղ խաղացել է մի շարք դերեր՝ Բրոդվեյի շոուներում: Մի քանի տարի անց Իրինան վերադարձել է Փարիզ՝ «Biuffes du Nord» թատրոնում իր հոր բեմադրած «Բալենու այգում» (ի դեպ, Բրուկը անտարբեր չէ Չեխովի գործերին եւ իր թատրոնի դերասաններից մեկը գաղտնաբար ասաց, որ նա սկսել է վերընթերցել Չեխովի «Ճայը» ու չի բացառվում, որ կբեմադրի), այնուհետեւ՝ Մոլիերի «Դոն Ժուանում» խաղալու համար: Հետագայում Բրուկը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ խաղացել է մի շարք ֆիլմերում եւ ներկայացումներում: Վերջին շրջանում նա սկսել է զբաղվել ռեժիսուրայով:

Բրուկը խոստովանում է, որ իրեն ռեժիսորի կարգավիճակում ավելի լավ է զգում: Եվ պատճառը ամենեւին էլ սեփական թատրոն ունենալը չէ:

Բրուկի ռեժիսորական առաջին դեբյուտը կայացավ 1990թ.: Լոնդոնի «Battersea» գեղագիտական կենտրոնում նա առաջիններից մեկն էր, ով բեմադրեց Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը, որտեղ արծարծվում է հայկական ցեղասպանության թեման: Ներկայացումը մեծ հաջողություն բերեց դեբյուտանտին: Նա արժանացավ Ֆրանսիայի թատերական «Մոլիեր» մրցանակին:

«Պետք է ասեմ, որ հայերը ինձ երջանկություն են բերել, անգամ ինքնաթիռում թռիչքի ժամանակ ոգեւորված էի այն մտքից, որ մասնակցում եմ Շեքսպիրյան փառատոնին. եկա այն մտքին, որ գուցե Շեքսպիրը հայ է եղել… Ես էլ երբեմն ինձ հայուհի եմ զգում»,- ժպիտը դեմքին խոստովանեց Ի. Բրուկը:

Թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայ հանդիսատեսից՝ Բրուկը դժվարացավ պատասխանել: «Ինձ համար կարեւորը հանդիսատեսը գա ու սրտով զգա ներկայացումը, ծիծաղի կամ լաց լինի հուզմունքից…»,- ասաց Ի. Բրուկը, այնուհետեւ լրագրողների խնդրանքով՝ մեկ առ մեկ ներկայացրեց իր թատերախմբի դերասաններին: Բրուկը ընդգծեց, որ թատրոնը իր տունն է, իսկ դերասանները՝ իր ընտանիքի անդամները: Դերասաններն էլ հետաքրքիր միջադեպերի մասին պատմեցին, օրինակ՝ այն մասին, որ թատրոնի դեկորատորը երբեմն զվարճալի հագուստներ է հագնում ու որեւէ դերասանի փոխարեն բեմ դուրս գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել