Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 18,2009 00:00

«Ալֆոնսներ» եւ «Դոն-Ժուաններ»՝ ինտերներտով

Համացանցում շատ են ծանոթության կայքերը, որտեղ ամպագոռգոռ հայտարարությունների միջոցով հայ տղաներն իրենց «անշառ» ծառայություններն են առաջարկում ամուսնացած, բայց դժբախտ կանանց, որոնց պատրաստվում են մխիթարել, կամ փնտրում են աղջիկների, որոնց հետ ուզում են պարզապես սեքսով զբաղվել, կամ միայն համբուրվել ու լավ ժամանակ անցկացնել: Հետաքրքիր է այն, որ այդ կայք-էջերում տեղադրված աղջիկների հայտարարություններն էապես տարբերվում են տղաների հայտարարություններից: Եթե տղաները մեծապես հետաքրքրվում են, թե ինչպես սիրուհի գտնել, ապա աղջիկները հիմնականում լուրջ հարաբերություններ են նախընտրում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց ինտերնետային «գովազդներում» հատկապես շեշտում են այն, որ լուրջ հարաբերությունների կողմնակից են եւ հայտարարություններ են տարածել միմիայն ամուսին գտնելու նպատակով: Սա երեւում է List.am բազմաբնույթ հայտարարություններով ողողված կայքից, որտեղ, ի դեպ, հայտարարություններն անվճար են տեղադրվում: List.am-ի «Ծանոթություններ» խորագրի տակ եղած բոլոր ենթավերնագրերում նույն բնույթի հայտարարություններ են՝ տղաներին պետք է ժամանց, իսկ աղջիկներին՝ հավատարիմ ընկեր: Նշենք, որ պարզապես ժամանց փնտրողների բոլոր հայտարարություններում շեշտվում էր այն, որ իրենց կողմից գաղտնիությունը երաշխավորվում է: Սակայն, դրանց շարքում բավականին ուշագրավներն էլ կան: Օրինակ՝ տղան փնտրում է հորը կամ ինչ-որ մեկը փնտրում է պրոդյուսերի՝ հաջողակ կարիերա անելու համար, կամ էլ նկարչուհուն անհրաժեշտ են բնորդներ՝ առանց տարիքային սահմանափակումների: Կային նաեւ հայտարարություններ, որոնց միջոցով ուսանողները հովանավոր էին փնտրում՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Մի աղջիկ էլ գրել էր, որ տղաները պետք է հայտարարությունների բնույթը փոխեն եւ հետաքրքիր բաներ գրեն կայքում, որպեսզի գեղեցիկ սեռի մեջ նրանց հետ ծանոթանալու ցանկություն առաջանա:

Չգիտես ինչ ակնկալիքներով, 18-ամյա մի տղա գրել էր, որ իր մայրը 40 տարեկան է եւ շատ լավը ու սահմանափակվել այդքանով: Սակայն այդ տարաբնույթ հայտարարությունների փնջի մեջ առանձնանում էր հատկապես սա. «Ամուսին՝ մեկ ժամով»: Այս «գայթակղիչ» հայտարարության մեջ գրված է. «Եթե վնասվել է ձեր վարդակը, կամ պետք է առաստաղից ջահ կախել, կամ էլ քիվ, եթե ձեր ծորակից անընդհատ ջուր է հոսում, ես ամեն ինչ կանեմ արագ…»: Գնալով այս հայտարարության հետքերով՝ փորձեցինք կապ հաստատել վերջինիս տիրոջ հետ եւ տեղեկանալ, թե ինչ արժեն նրա «ծառայությունները», սակայն մեր նամակին նա այդպես էլ չպատասխանեց: Հավանաբար այն պատճառով, որ նրա ռուսերեն գրվածին հայերեն էինք արձագանքել:

Գաղթակղիչ էին մերսման մասին հայտարարությունները եւս, սակայն դրանց տերն էլ հարկ չհամարեց մեզ հետ կապ հաստատել՝ մեծ քանակությամբ հաճախորդ ունենալու պատճառով: Իսկ այն տղաները, որոնք պատրաստվում էին միայնակ կանանց կամ աղջիկներին մխիթարել, միանգամից արձագանքեցին մեր նամակներին: Մենք Գարիկ ներկայացած 29-ամյա երիտասարդից հետաքրքրվեցինք, թե վճարովի՞ են նրա ծառայությունները եւ ինչպե՞ս է նա մեզ կտրելու առօրյա հոգսերից: Նշեմ, որ երիտասարդին ներկայացել էինք իբրեւ պաշտոնյայի տիկին, որը ամուսնու գերզբաղվածության պատճառով պատշաճ ուշադրության չի արժանանում եւ քնքշանք է փնտրում դրսում: Հավանաբար մեր գրածից ոգեւորված, Գարիկը բազմանշանակ պատասխան տվեց՝ ասելով, թե այդ նպատակով պատրաստած հատուկ դեղամիջոց ունի: Իսկ նրա ծառայությունները սկզբում անվճար էին, քանի որ ինքը բավականին մեծ գումարներ է վաստակում՝ աշխատելով պետական համակարգում եւ բազմաթիվ բիզնեսներ ունենալով: Այնուամենայնիվ, գերապահովված լինելով հանդերձ, Գարիկը նշեց, որ եթե շատ ցանկանանք, ապա կարող ենք իրեն նվերներ անել կամ գումար տալ, որովհետեւ «գումարը երբեք շատ չի լինում»: Իսկ այն հարցին, թե չի՞ կարողանում այլ կերպ ծանոթություններ հաստատել աղջիկների կամ կանանց հետ, որ ընտրել է ինտերնետային տարբերակը, նա պատասխանեց, որ այսպես հետաքրքիր է եւ ավելի ռիսկային: Կողմնակի մարդկանց ուշադրությունից խուսափելու համար Գարիկը որպես ժամադրավայր նշում էր «կորած-մոլորած» մի բար, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում՝ Թատերական ինստիտուտի հարեւանությամբ: Նա անգամ առանձին հեռախոսահամար ուներ իր ծառայություններից օգտվողների համար, որը ոչ միշտ էր միացրած պահում: Այս ամենով հանդերձ, «համեստության տիպար» Գարիկը հավաստիացնում էր, թե նմանատիպ ծանոթությունների սիրահար չէ, եւ List.am-ի միջոցով մինչ այժմ ոչ ոքի հետ չի ծանոթացել:

Համբուրվելու սիրահար 21-ամյա Արմենն էլ հպարտանում էր իր առավելություններով, որոնցից մեկը, ըստ նրա, իր շուրթերն էին: Արմենը, սակայն, նշում էր, որ եթե իր հայտարարություններին արձագանքած աղջիկները չցանկանան իր հետ համբուրվել, ապա նա ոչ ոքի չի ստիպի եւ աղջիկների հետ պարզապես կշփվի: Մեր հարցին, թե քանի՞ հոգու հետ է ծանոթացել այս կայքի միջոցով եւ հանդիպե՞լ է նրանց հետ, թե՝ ոչ, 21-ամյա երիտասարդն իրեն գովազդող պատասխան տվեց. «Հանդիպել եմ 3-ի հետ եւ բոլորի հետ էլ համբուրվել»:

Ի տարբերություն Գարիկի, նա չէր խուսափում ավելորդ ուշադրությունից եւ պատրաստ էր ժամադրվել այնտեղ, որտեղ մեզ հարմար կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել