Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայ անվանի երեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կարեւորագույն մենամարտեր ունեն անցկացնելու ռինգում:

«Առավոտը» կապվեց նրանցից երկուսի՝ Վիկ Դարչինյանի եւ Սյուզի Կենտիկյանի հետ:

Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը անցած ամիս հրաժարվեց IBF-ի իր գոտուց: Պատճառն այն էր, որ IBF-ը նրան Ագբեկոյի հետ մենամարտից հետո պարտադրում էր կարճ ժամանակում գոտու պաշպանության մարտ անցկացնել վարկանիշային դասակարգման 1-ին համար, հարավաֆրիկացի Սիմֆիվ Նոնգայի հետ, ինչը, անգամ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չէր, քանի որ Վիկը չէր հասցնի ապաքինել Ագբեկոյի՝ գլխի երկու հարվածներից ստացած հոնքերի խորը վնասվածքները: Դրա փոխարեն, «Կատաղի ցուլը» պատրաստվում է դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ում WBA/WBC վարկածներով տիտղոսային հանդիպում ունենալ մեքսիկացի Ռոխասի հետ: Վախթանգն այդ մասին տեղեկացավ, երբ Երեւանում էր ու բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում մեկնեց Ավստրալիա՝ մարզումներն սկսելու: Հիմա ամեն բան ընթանում է ըստ պլանի: Վիկը բարձրացնում է իր ֆունկցիոնալ եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Նա կլիմայափոխման համար Միացյալ Նահանգներ է մեկնելու նոյեմբերի կեսերին եւ այդ ժամանակաընթացքում էլ սկսելու է մարզումային մենամարտերը: Նախնական պայմանավորվածության համաձայն, նախապատրաստության վերջին փուլում նրան, ինչպես միշտ, օգնելու է անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը:

Մինչեւ 50,802 կգ քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», որն անցկացրած բոլոր 25 մարտերն էլ ավարտել է հաղթանակով, ընդ որում, 16-ը՝ ժամանակից շուտ, հոկտեմբերի 10-ին Ռոստոկի (Գերմանիա) «Շտադտ Հալլե» մարզասրահում հանդիպելու է ծագումով թուրք, բայց նույնպես Գերմանիան ներկայացնող Յուլիա Սահինի հետ: Դա լինելու է Սյուզիի՝ գոտիների պաշտպանության հերթական մենամարտը:

«Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում Սյուզին ասաց, որ ամենայն լրջությամբ է նախապատրաստվում: Նա չի կասկածում, որ հաջողությունն իր կողմն է լինելու: Ավելին, ցանկանում է այդ օրը տոնել նոկաուտով իր 17-րդ հաղթանակը:

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, նույն ինքը՝ «Արթուր արքան», վաղուց էր հայտարարել, որ մտադիր է փոխել քաշը: Դրա համար նա ամռանը վերադարձրեց IBF-ի չեմպիոնական գոտին արդեն գերմիջին՝ 76,203 կիլոգրամ քաշային կարգում նոր գոտիներ նվաճելու հույսով:

Արթուրն իր նորամուտն այստեղ նշելու է հոկտեմբերի 17-ին: Այդ օրը նա Բեռլինում հանդիպելու է աշխարհի նախկին չեմպիոն՝ ամերիկացի Ժերմեն Թեյլորի հետ: Նրանց հանդիպումը խոստանում է անչափ հետաքրքիր լինել: Թեյլորը, որն իր վերջին մենամարտերում պարտություններ է կրել ու զրկվել չեմպիոնական գոտուց, լի է հեղինակությունը վերականգելու վճռականությամբ: Իսկ Աբրահամը լուրջ մտադրություններ ունի ապացուցելու, որ ինքը աշխարհում լավագույն միջին քաշային բռնցքամարտիկն է:

Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով ապագա մենամարտի եւ մրցակցի մասին, Աբրահամը հարգանքով է արտահայտվել Թեյլորի հասցեին՝ նշելով, որ նա, իրոք, լուրջ եւ մեծ բռնցքամարտիկ է: Բայց նաեւ ավելացրել է, որ ինքը մանրամասն ուսումնասիրում է նրա ուժեղ եւ թույլ կողմերը եւ իր մարզչի հետ մշակելու է մարտավարման տակտիկան:

Իսկ ահա Ժերմեն Թեյլորը, որ չի կարողացել ներկա գտնվել ասուլիսին, ուղարկել է իր հայտարարության ձայնագրությունը, որում վստահեցնում է, թե իր համար նշանակություն չունի, որ մարտը կայանալու է Արթուրի հարազատ Բեռլինում եւ ինքը մրցակցին յուրաքանչյուր ռաունդում պարտադրելու է իր կամքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել