Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախորդ տարիներին ավելի հետաքրքիր էր»

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ռ. Գեւորգյանցը «Ես եմ» կինոփառատոնի ֆիլմերի մասին այս կարծիքին է

Սեպտեմբերի 26-ից կմեկնարկի «Ես եմ» 5-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Փառատոնի բացումն ու փակումը նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ դիտումները կլինեն Կինոյի տան մեծ դահլիճում: Երեկ Կինոյի տանը լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի ժյուրիի անդամները: Կազմակերպիչները վստահեցրին, որ տնտեսական ճգնաժամը չի ազդել փառատոնի ֆինանսավորման վրա: Ներկայացված 224 ֆիլմերից ժյուրին ընտրել է 136-ը, հիմնականում՝ հայկական: Մոտ 20 ֆիլմ է ներկայացվել ԱՄՆ-ից, հետաքրքիր աշխատանքներ կան Սլովակիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսրայելից, Լատվիայից, Լիտվայից, Չեխիայից, Իտալիայից եւ այլ երկրներից:

Կինոփառատոնի ժյուրիի անդամներն են կինոռեժիսորներ Միքայել Դովլաթյանը, Գեորգի Կեւորկովը, Գրիգոր Հարությունյանը, Արփինե Սիմոնյանը եւ այլք: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը հավաստիացրեց. «Շատ խիստ ժյուրի է ընտրված, կինոյին վերաբերող հաճախակի վեճեր են լինում: Մեզ համար նշանակություն չի ունենալու՝ ով ում զավակն է, քույրը կամ ուսանողը»: Սահմանված են մրցանակներ՝ հետեւյալ անվանակարգերում. գրան պրի, լավագույն արտասահմանյան, ուսանողական, վավերագրական, խաղարկային, օպերատորական աշխատանք: Հնարավոր է նաեւ հատուկ մրցանակ շնորհվի ժյուրիի կողմից:

Հետաքրքրվեցինք՝ ընտրության ժամանակ ո՞ր ֆիլմերին է նախապատվություն տրվել, ժյուրիի անդամ Միքայել Դովլաթյանն ասաց. «Յուրաքանչյուր ֆիլմ կարող է ընդգրկվել, եթե նկարահանող խումբը երիտասարդ է… հայկական ֆիլմերը հիմնականում Թատերական ինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի ուսանողների աշխատանքներն են: Կան երիտասարդներ, որոնց առաջին ֆիլմն է կամ դիպլոմային աշխատանքը»: Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ միտումներ են տեսնում այսօրվա կինոյում, ռեժիսոր Գեորգի Կեւորկովը պատասխանեց. «Փառատոնը հետաքրքիր է այն առումով, որ ֆիլմեր են ուղարկվում բազմաթիվ երկրներից, մեր աչքի առաջ ամբողջ պանորաման է, թե կինոյի ասպարեզում ինչ է կատարվում երիտասարդների հետ, ինչ տրամադրություն կա: Իսկ միտումները հիմնականում պեսիմիստական են»: Ժյուրիի անդամ Հրանտ Մովսիսյանը, կարեւորելով փառատոնի անցկացումը, նշեց. «Նոր տեխնոլոգիաներ կան կինոյում: Երիտասարդները կշփվեն իրար հետ, կհասկանան՝ ինչ է կատարվում կինոաշխարհում: Հայաստանում վավերագրական եւ անիմացիոն կինոն մեծ քայլերով առաջ է գնում, խաղարկայինը կաղում է: Ե՛վ ռեժիսուրայում, ե՛ւ սցենարային մտածելակերպի մեջ կան ինչ-որ ստերեոտիպեր, որ տալիս է հեռուստատեսությունը, երիտասարդները չեն հասկանում, որ պետք է գրքեր կարդալ, գրել բարի մարդկանց մասին: Սկսել են խեղդել կրիմինալ ֆիլմերով»: Ռ. Գեւորգյանցի կարծիքով՝ նախորդ տարիների փառատոներին հայկական ֆիլմերն ավելի հետաքրքիր են եղել, քան այս տարի. «Այն ժամանակ երիտասարդներն ավելի խիզախ էին եւ՛ ձեւի, եւ՛ ասելիքի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել