Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ ԵՆ»

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի մեկնաբանությունները

– Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հիմնավորված ազգային ուժերի դժգոհություններն ու մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների շուրջ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ փաստաթղթերում ուղղակիորեն հիշատակված չէ ոչ Կարսի պայմանագիրը, ոչ էլ ղարաբաղյան հակամարտությունը:

– Ես լիովին համամիտ եմ, որ այդ Արձանագրությունում «Կարսի պայմանագիր» բառերը բացակայում են: Կարծում եմ, որ մեր դիվանագետների դժվարագույն ջանքերի արդյունքում թուրքական կողմը համաձայնել է Կարսի պայմանագիր բառերը հանել, տեղը մտցնել «գոյություն ունեցող սահմանների ամրագրում» ձեւակերպումը, որի տակ ստորագրելու դեպքում մենք, արդեն դե յուրե՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ, ամրագրում ենք Ախուրյան-Արաքսը որպես հայ-թուրքական սահման: Իսկ ես ի սկզբանե մերժում եմ հայ-թուրքական սահման հասկացությունը, քանի որ ներկայիս սահմանը մեզ պարտադրվել է անօրինական կերպով՝ երկու չճանաչված, ապստամբական ռեժիմների՝ Քեմալական Թուրքիայի եւ Բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից՝ վերջին անգամ 1921թ. հոկտեմբերի 13-ին, տխրահռչակ Կարսի պայմանագրով: Կրկնում եմ, այդ պայմանագիրը միջազգային նորմերի տեսանկյունից անօրինական է, քանի որ ընդունվել է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կողմերի միջեւ: Եվ երբ այսօր խոսում ենք հայ-թուրքական սահմանի մասին, դե ֆակտո ընդունում ենք, որ քեմալաբոլշեւիկյան փշալարը համարվում է հայ-թուրքական սահման: Ընդ որում, չգիտես ինչու՝ մենք պարտավորվում ենք երկուստեք բացել սահմանը: Հետաքրքիր է՝ նրանք փակել են, բայց մենք հիմա երկուսով բացում ենք, այսինքն՝ նրանց կողմից սահմանը փակելու մեղքի բաժինը հավասարապես վերցնում ենք նաեւ մեզ վրա: Մինչդեռ այդ գործընթացի՝ մեզ համար ընդունելի դիվանագիտական ձեւակերպումը կլիներ «ճանապարհների ապաշրջափակում» արտահայտությունը:

– Այնուամենայնիվ, եթե առաջիկա քննարկումների ընթացքում սահմանների մասով ձեւակերպումները մնան անփոփոխ, ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները:

– Շատ վտանգավոր: Տեսեք, Արեւմտյան Հայաստանն իր դեմոգրաֆիկ կազմով միանշանակ Թուրքիա չէ, այն Քրդստան է, եւ ցանկացած քրդական քարտեզում որպես մայրաքաղաք նշվում է կամ Վանը, կամ Էրզրումը, կամ էլ համեստագույն տարբերակով՝ Դիարբեքիրը: Իսկ առավել լկտի տարբերակով՝ Արագածի շրջանն էլ՝ եզդիներով հանդերձ, այդ Քրդստանի կազմում: Այն ժամանակ, երբ պատմական օբյեկտիվ զարգացման արդյունքում, ուզես թե չուզես, քրդական պետություն ստեղծվի, իսկ պատմաբանի իմ իմացությունը դա է հուշում, ահա այդ ժամանակ արդեն Ախուրյան-Արաքսից այն կողմ մեզ քրդերը կասեն՝ դուք շատ հեզ ու հնազանդ կերպով ձեր հողերն արդեն զիջել եք թուրքերին, իսկ մենք էլ թուրքերի ձեռքից դրանք վերցրել ենք:

Ընդ որում, թուրքերը դա շատ լավ հաշվարկել են, ու հենց դա է պատճառը, որ այդ նախաստորագրված փաստաթղթի առաջին կետը սահմանների անխախտելիության ընդունումն է:

Բացի այդ, սահմանը բացելու դեպքում մեծ թվով քրդեր ուղղակի կհեղեղեն մեր երկիրը, ինչից հետո մեր երկրի ժողովրդագրական պատկերը կարող է արագորեն փոխվել, կարող են թուրք գործարարերը մեծ ներդրումներ կատարել այստեղ՝ գնելով բազմաթիվ գործարաններ, անշարժ գույք եւ այլն, եւ այդպիսով լուրջ դերակատարում ստանձնել մեր տնտեսության մեջ: Եվ նկատի առեք, որ եթե մեր պետությունը փորձի նրանց մուտքը դեպի մեր տնտեսություն արգելել՝ ելնելով ազգային պատկանելությունից, դա կարող է շատ լուրջ միջազգային սկանդալ առաջացնել, քանի որ Հայաստանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ է, եւ համաձայն ստանձնած պարտավորությունների՝ իրավունք չունի ազգային խտրականություն կիրառել: Հարց՝ ո՞վ եւ ինչպե՞ս է այդ հեղեղի դեմն առնելու:

– Կիսե՞լ եք, արդյոք, Ձեր մտահոգությունները իշխանությունների հետ, մի՞թե նրանք այդ վտանգները հաշվի չեն առել:

– Իմ մտահոգություններին ի պատասխան, իշխանությունները կարող են ասել, որ իրենք ժողովրդին կերակրելու, դեպի արտաքին աշխարհ այլընտրանքային ճանապարհների ապահովման խնդիր ունեն: Քանի որ, եթե Աստված մի արասցե, Վրաստանում կրկին պատերազմ ծագի, Իրանով էլ չենք կարող բավարարվել, ապա այդ դեպքում ո՞վ պետք է կերակրի այս ժողովրդին: Կարծում եմ, իշխանությունները այս խնդիրների առաջնահերթությամբ են առաջնորդվում, ինչը մարտավարական առումով գուցե թե ճիշտ է, սակայն ռազմավարական առումով միանգամայն սխալ է: Մենք 20 տարի դիմացել ենք, վատ-լավ ապրել ենք, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կհամաձայնի առաջիկայում էլ ապրել այս պայմաններում, եթե համոզվի, որ սահմանը բացելով՝ մենք կկորցնենք մեր հայրենիքի նկատմամբ իրավունքների իրավական հենքը:

– Այսինքն, ըստ Ձեզ, հնարավոր է, որ Արձանագրությունները չվավերացվե՞ն Ազգային ժողովի կողմից:

– Ցավոք՝ ոչ: Ես կարծում եմ, որ պատգամավորների վրա ուժեղ ճնշման դեպքում ՀՀ ԱԺ-ն կվավերացնի այս Արձանագրությունները:

– Ո՞ւմ կողմից՝ ճնշման:

– Աշխարհի, գործադիր իշխանության:

– Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞վ պայմանավորված կլինի գործադիր իշխանության կողմից ճնշումը ԱԺ-ի վրա:

– Աշխարհի համար հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկվում է իբրեւ շրջադարձ, որովհետեւ օտարի աչքերով նայելիս թվում է, թե երկաթբետոնե պատը փլվում է, մինչդեռ իրականում հայ ժողովուրդն իր այդ մեծահոգի քայլի արդյունքում վերջնականապես կորցնում է իր հայրենիքի նկատմամբ իրավունքը:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ ՀՀ նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի օրը հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային որեւէ իրադարձություն տեղի ունենա:

– Չեմ կարող ասել, սակայն ենթադրում եմ, որ եթե այս ներկայացումն այսքան մանրամասնորեն բեմադրվել է թուրքերի կողմից, ապա նրանք բոլոր փուլերն արդեն նախօրոք պլանավորել են: Արդյո՞ք պատահականություն էր, որ ֆուտբոլային խաղը նախատեսվեց հոկտեմբերի 14-ին: Չի բացառվում, որ այդ վեցշաբաթյա քննարկումների ժամկետը լրանալուն պես՝ հոկտեմբերի 13-ին էլ սահմանը բացվի: Եվ ես խորը վիրավորանք կապրեմ, եթե սահմանը հենց հոկտեմբերի 13-ին բացվի, որովհետեւ դա Կարսի չարաբաստիկ պայմանագրի կնքման օրն է: Եթե նման բան տեղի ունենա, դա կնշանակի, որ թուրքերը բերեցին այդ օրը պարտադրեցին մեզ, որպեսզի տեքստից հանված Կարսի պայմանագիր բառերի փոխարեն նրանք իրագործեն դրա ավելի լկտի եւ մեզ ստորացնող տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել