Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"
Նուբարաշենի չիրականացված երազանքը՝ Թամանյանի
նախագծած թատրոնի շենքը:

\"\"\"\"
Լուսին Չալգուշյանն ու Արարատ Հակոբյանը: Սամվել Պետոյանը:

Նուբարենց հարեւան բակի դարպասները փակ էին: Երկաթյա մի դուռ ետ հրեցի, ու բացվեց: Զարմանալի էր, ծիրանենու վրա դեռ բերք կար: 80-ն անց ամուսինները ատիճանների հարթակին նստած զրուցում էին: Կինը աշխուժորեն վեր կացավ, երիտասարդական ավյունով ցած իջավ աստիճաններով, սիրալիր դիմավորեց ինձ: Ծանոթացա մանկավարժներ Արարատ Հակոբյանի եւ Լուսին Չալգուշյանի հետ:

– Երկուսս միասին 120 տարի մանկավարժություն ենք արել: Արարատը Նուբարաշենի դպրոցի տնօրենն էր, ես՝ ֆրանսերենի ուսուցչուհի:

– Ինձ ասել էին, որ դուք ասեղնագործում եք, – ասացի ես, – կուզենայի տեսնել դրանք:

Մինչ տիկին Լուսինը իր ստեղծագործություններն էր պատրաստում ցուցադրելու համար, Արարատ Հակոբյանը պատմեց.

– Պապս՝ Տիգրան Սահակյանը, մինչեւ 1915 թվականը Էրզրումի քաղաքապետն էր: Թուրքերը ազդրերը կտրել էին, ձեռքերը մտցրել կտրվածքի մեջ: Կանգնեցրել էին Հարզոյի քարափի ժայռի վրա՝ ի տես բոլորի: Տատս հայ աղջիկներին՝ շուրջ հարյուր հոգու, հավաքում է գոմում: Ասկյարները գալիս են ու թաքցրած զենքեր պահանջում: Սանամ տատս ջղայնանում է, թոնրի խաչերկաթով ասկյարների վրա է հարձակվում: Հետո գնում է փաշայի մոտ, ասում. «Ամուսինս մեծ փաշա էր, բայց սպանեցիք»: Այլ ելք չկար, հայ աղջիկներին թուրք փաշայի տնօրինությանն է հանձնում:

80-ամյա Լուսինը սեղանին փռեց ասեղնագործ ժանյակները: 50-60 սմ տրամագծով նրբահյուս ժանեկներ են, յուրաքանչյուրի հետ վեց կամ տասներկու հատ 20 սմ տրամագծով նույնատիպ նախշազարդ ժանեկներ:

– Որտե՞ղ եք սովորել այսքան սիրուն գործել:

– Մայրս ճանաչված ասեղնագործուհի էր: Նրա գործերը ցուցադրվում են Ժողովրդական արվեստի թանգարանում: Մի անգամ մայրս ասաց, որ թանգարանում պահանջում են, որ ժանեկի վրա բառեր լինեն գրված: Մայրս ասաց. «Անհնար է դա»: Բայց ես ասացի, որ դա դժվար չէ: Մայրս ասաց. «Բայց դու չգիտես ասեղնագործել»: «Մայր, -ասացի, -այսքան տարի տեսնում եմ, մի՞թե չեմ կարող գործել»: Ու ասեղնագործեցի տառերը: Մի անգամ որդիս այս աշխատանքները տարավ ցույց տվեց Հենրիկ Իգիթյանին, նա էլ ասաց, որ այսպիսի թանկարժեք գործերը չի կարելի վաճառել:

Նրբահյուս ժանյակները լուսանկարելուց հետո ասացի.

– Տիկին Լուսին, հիմա պատմեք ձեր գերդաստանի պատմությունը:

– Մորս հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Անդրանիկի զորախմբում մասնակցել է 1910 թվականի բալկանյան պատերազմին: Նրա կնոջը՝ Լուսինին, թուրքերը սպանում են 1921 թվականին: Մահվանից առաջ դստերը՝ Հայկանուշին հասցնում է ասել՝ փախիր: Հայկանուշը տեսնում է, որ թուրք ասկյարը հրացանի փողը դեմ է տվել փոքրիկ եղբոր գլխին ու ուր-որ է՝ կկրակի: Հետագայում Բեյրութի որբանոցում է հայտնվում ու անսպասելիորեն հանդիպում է եղբորը: «Ինչպե՞ս փրկվեցիր, չէ՞ որ թուրք ասկյարը կրակեց»: «Հա, թուրքը մի քանի անգամ ձգեց ձգանը, բայց հրացանը փուստ տվեց, հետո ասկյարը «Ալլահ, ալլահ…» կանչելով թողեց ու հեռացավ»:

– Բեյրութի որբանոցո՞ւմ մայրդ ասեղնագործել սովորեց:

– Ասում եմ. «Մայր, ո՞վ սովրեցրեց ասեղնագործել»: Թե՝ Բըդըրը: Ասում եմ՝ մի՞թե դա անուն է: «Չէ, -ասում է, -ամեն անգամ «պետք է» ասելու փոխարեն ուրֆացի տիկինը ասում էր.«բըդըր ասանկ ընեք», անունն էլ «Բըդըր» կնքեցինք: Մենք ութ երեխա էինք: Մայրս ասում էր՝ ամեն հայ ընտանիք պետք է տասը երեխա ունենա, որ ծածկենք ցեղասպանության կորուստը: Բեյրութի դպրոցում օրական ինը ժամ դաս էինք անում: Իմ ուսուցիչներն էին Հայկաշեն Ուզունյանն ու Պարգեւ Շահբազը:

– «Պոբեդա» նավո՞վ եկաք,- հարցրի ես:

– Չէ, առաջինը «Տրանսիլվանիան» էր, որ 1946-ին Բաթում բերեց: Սկզբում Դսեղ բերեցին: Հաջորդ օրը մեր ողջ ունեցվածքը թալանեցին, հետո մեզ Նուբարաշեն բերեցին: Ավարտել եմ մանկավարժականի բանասիրականն ու Օտար լեզուների ֆրանսերենը:

Ճանապարհի եզրին ցեմենտե կիսապատին տախտակներ էին կպցրել ու նստելատեղ դարձրել: Դա այն տեղն է, որտեղ մարդիկ նստում են, անցնող ավտոմեքենաներին, անցորդներին նայում ու դեսից դենից զրուցում: Լիքը կազմվածքով տղամարդ եկավ ու հանդիմանեց «Լադա» ավտոմեքենայի տիրոջը, որ փողոցի վրա է կանգնել: Ավտոմեքենայի տերը, տեղեկանալով, թե ինչու եմ եկել, իսկույն նստեց իր «Լադա» ավտոմեքենան ու հեռացավ, իսկ նրա կողքի երիտասարդը հրաժարվեց ներկայանալ:

– Իսկ ես թաքցնելու բան չունեմ, -ասաց մեքենայի տիրոջը հանդիմանողը, – ԱԻՄ-ի անդամ Սամվել Պետոյան:

– Որեւէ տեղ աշխատո՞ւմ եք:

– Որտե՞ղ աշխատեմ: Հավ ու խոզ եմ պահում:

– Ֆերմա՞ է:

– Տո չէ, ինչ ֆերմա: Մի 20 հավ ունեմ, երեք խոզ:

– Մայր խոզ ունե՞ս:

– Չէ, ուղղակի երեք խոճկոր եմ գնում, պահում, մեծացնում, հետո գալիս տանում են: Բայց դա էլ ձեռնտու չի: Կերը մսից թանկ արժե:

Կրկին դիմեցի երիտասարդին.

– Դու ինչո՞վ ես զբաղվում:

– Ոչինչ էլ չեմ անում, – ասաց նա, -եղբայրս ԱՄՆ է գնացել, այնտեղից փող է ուղարկում՝ ապրում ենք:

– Ես մասնակցել եմ Ղարաբաղի պատերազմին,- ասաց Սամվելը:- Գնացեք տեսեք Նուբարաշենի թռչնանոցը: Պատերազմից այնքան ավեր չի եղել, ինչքան Նուբարաշենի ֆերմաներում ու ֆաբրիկաներում:

– Ո՞վ է մեղավոր:

– Ճիշտն ասե՞մ. Լեւոնին չեմ ուզում, քանի որ նա սեփականաշնորհման միջոցով այս համատարած ավերի հիմքը դրեց:

– Ամենը կարելի՞ է մի մարդու վրա բարդել:

– Նրա թիմն էր…

– Բայց չէ՞ որ ժողովուրդ կա:

– Ժողովուրդը խոտի նման է, քամին գալիս, ուր ուզում՝ թեքում է: Ասում են՝ Ղարաբաղը տանք: Ասում եմ՝ տալով չի: Ով տա՝ կկախվի: Ղարաբաղը տալով ոչ մի հարց չի լուծվի, ոչ ճանապարհ, ոչ այլ արտոնություն: Մի թիզ տվեցիր՝ երկուսը, երեքը կուզի: Վազգեն Սարգսյանն ասում էր՝ մենք մեր երկիրն ազատագրենք՝ թող ագրեսոր ասեն:

– Ոչ, -ասացի ես, – ազատագրելուն զուգահեռ՝ համապատասխան քարոզչություն է պետք, հասարակական կարծիքի ձեւավորում: Դրանք հավասարազոր, իրար հետ ընդհանրություն կազմող միջոցներ են: Քարոզչությունում թերացար՝ պատերազմում նվաճածը կկորցնես:

– Չգիտեմ, գուցե եւ…

Երկհարկանի տանիքին ՀՀ դրոշ էր ծածանվում: Մուտքի մոտ գրված էր. «Երեւանի քաղաքապետարանի Նուբարաշենի թաղապետարան»: Թաղապետը տեղում չէր: Ինձ հետ զրուցելու պատրաստակամություն հայտնեց աշխատակազմի քարտուղար Վարսենիկ Հովակիմյանը:

– Վարչական փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, – հարցրի ես:

– Հիմա Վարչական շրջանի ղեկավարություն է կոչվում: Թաղապետարանը ավագանի ուներ, որի միջոցով բնակիչների հարցերն էինք լուծում, ու քաղաքապետարանին դիմելու խնդիր չէր լինում: 1996թ. սկսած, երբ ստեղծվեց կառավարման մեխանիզմը, բնակչությունը սովորեց, հարմարվեց: Հիմա նոր կառույց է ստեղծվել: Վարչակազմը ենթարկվում է քաղաքապետարանին, ու քաղաքացիների հարցերը պետք է լուծվեն համայնքային ավագանու խորհրդում: Կարծում եմ, որ դա դժվարություններ կստեղծի:

Հիշեցի 80-ական թվականներին կենցաղի մինիստրության ստեղծած բնակչության սպասարկման ծառայությունների կենտրոնացման փորձը: Կենցաղային սարքերը նորոգվում էր մի կետում: Ողջ քաղաքից լվացքը միայն մի կետում էին ընդունում: Հեռուստահաղորդում պատրաստեցի «Կենտրոնացում՝ հանուն կենտրոնացման», որի արդյունքում նախարարին ազատեցին աշխատանքից:

– Նուբարաշենի այգիներում մի ընտանիքի հանդիպեցի, որը 20 տարի վագոն-տնակում է ապրում, -ասացի ես:

– Սվետա Ավագյանի ընտանի՞քը նկատի ունեք,- արձագանքեց վարչակազմի անձնակազմի քարտուղարը, -ուզում ենք մի բարերար գտնել, որը չորս պանել նվիրի այս ընտանիքին՝ տանիքը ծածկելու համար: Դիմեցինք «ՎիվաՍելի» տնօրենին, սակայն մերժում ստացանք:

– Նա բարեգործական բավականին ծավալուն հոգսեր ունի, ու չպետք է մոռանանք, որ երկրում ոչ պակաս հարուստ գործարարներ կան, որոնք միայն ձեւացնում են, թե բարեգործություն են անում, իսկ իրականում միայն իրենց սեփական կարիքներից, բավականություններից այն կողմ ոչինչ չեն ուզում տեսնել:

– Դե, նրանք էլ անհասանելի են:

Վարսենիկ Հովակիմյանը մի թղթապանակ հանեց պահարանից եւ ցույց տվեց մի քանի փաստաթղթեր՝ կապված Նուբարաշենի հիմնադրման հետ:

Թերթելով փաստաթղթերը, մտովի Նուբարաշեն ավանի տարիների կծիկը ետ եմ տալիս, հասնում 1930 թվականը, ասես տեսնում եմ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ժողովի անդամներին: Նրանք հունվարյան այդ օրը որոշեցին Լոնդոնում 200 հազար դոլար գումարի հանգանակություն կազմակերպել, այն տրամադրել Երեւանի մոտ հայրենադարձների համար ավան կառուցելուն: ՀԲԸՄ հիմնադիր նախագահ, ազգային բարերար Պողոս Նուբարը տրամադրում է գումարի կեսը: Այս որոշումից մի քանի ամիս հետո մահանում է բարերարը, ու ՀԲԸՄ ժողովը որոշում է կառուցվող ավանը կոչել բարերարի անունով՝ Նուբարաշեն: Հայտնի է, որ շուշեցի նշանավոր առեւտրական Մկրտիչ Նուբարի Մելիքյանը, 1797 թվականին, նեղվելով Շուշի բերդաքաղաքը գրավելու եկած պարսից շահ Աղա-Մուհամադ խանի հալածանքներից, իր ընտանիքով գաղթում է Կոստանդնուպոլիս: Նուբարյաններից առավել նշանավոր էին Նուբար Փաշան (1825-1899) ու նրա որդին՝ Պողոս Նուբարը (1851-1930): Նուբարաշեն ավանի պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ 1938 թ. խորհրդային իշխանությունները անվանափոխել են Սովետաշենի, սակայն 1989 թ. վերանվանել են Պողոս Նուբարի անունով:

Ինձ առավել հետաքրքրեցին ճարտարապետ Թամանյանի՝ Նուբարաշենի թատրոնի շենքի նախագիծը, հիվանդանոցի շենքը, մայրուղին անցնող կամուրջները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Պակաս հետաքրքիր չէր եւ Նուբարաշենի հատակագիծը: Այն առաջին հայացքից բարեկեցիկ բնակավայրի տպավորություն է թողնում: Բայց այդ նախագիծը պետք է շունչ առներ հայրենադարձության, 1937-ի ստալինյան ռեժիմի, առաջին համաշխարհային պատերազմի, հետպատերազմյան սովի ու ծայրահեղ աղքատության պայմաններում: Այս կենսագրությունն էլ իր կնիքն է դրոշմել ամեն ինչի վրա:

Ի՞նչ ճիգեր պետք է գործադրվեն, որ Նուբարաշենը կարողանա դուրս գալ աղքատության, անգործության ճիրաններից:

Ինձ հետաքրքրեց, թե ինչ ճակատագիր է սպասում 90-ականների սկզբին փակված ձեռնարկություններին: Պարզվում է, որ երբեմն առաջարկություններ են լինում, սակայն դրանք մարում են, քանի որ ներդրողների առաջ արհեստական խոչընդոտներ են դրվում: Նուբարաշենի նախկին բնակիչ Սարգիս Ուլիկյանը, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում, ձեռնարկել է հայրենի բնակավայրում տրիկոտաժի ֆաբրիկան՝ ոսկերչական իրերի արտադրության վերակառուցման գործը: Սակայն պետական մի այր, նրա առաջ, ըստ երեւույթին, անհատական շահերից բխող պայմաններ է դրել, որից հետո գործարարը թողել-հեռացել է: Ներդրողների առաջ արգելքներ դնելը պետք է քրեորեն դատապարտվի ու երբեք ոչ մի անհատի, ով էլ լինի, թույլ չտալ, որ արգելքներ դրվեն նման ձեռնարկումների առջեւ:

Ինձ հետաքրքրեց խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Այդ պահին հայտնվեց կոմունալ բաժնի պետ Արայիկ Մուրադյանը:

– Նուբարաշենի բնակիչները ամայի ձորերը կենդանացրել են, սանդղավանդներ կառուցել, լցրել բերք ու բարիքով, սակայն քանի տարի է՝ ոռոգման ջուր չունեն, -ասացի ես:

– Այդ թեքությունները սահանքի ենթակա են, իսկ ոռոգման ջրերը նպաստում են սահանքին: Դիտավորյալ ոռոգման ջուր չենք տալիս, որ սողանքի դեպքեր չլինեն:

– Սողանքի դեպքեր եղե՞լ են:

– Մասնագետներն են հաստատում դա:

– Նուբարաշենի բնակիչները այգիները ոռոգում են խմելու ջրով, դա բացարձակ անտնտեսվարություն է, -ասացի ես:

– Երկու տարի մարդիկ օգտվեցին ոռոգման ջրից, բայց հրաժարվեցին վարձ մուծել: Հիմա թաղապետարանը պարտք է պետությանը:

– Ինչքա՞ն է կազմում վարձը:

– Ամսական հազար դրամ: Բայց վճարունակ չեն մարդիկ:

– Ոռոգման ցանցը գոյությո՞ւն ունի:

– Այո,- պատասխանեց կոմունալ ծառայության պատասխանատուն:

Սակայն բնակիչներն ասում էին, որ ոռոգման ցանցի խողովակները ձմռանը ցրտից պայթել են, դուրս եկել շարքից ու հիմա միջոց չկա նորոգելու, լրացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել