Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԳՆ-ՈՒՄ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է panorama. am-ը՝ երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում անցկացվեց «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2003-ից սկսած կազմակերպում են այս մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով՝ մարզային եւ հանրապետական: Մարզային փուլը կազմակերպվում է տեղերում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովների կողմից: Մրցույթին մասնակցում են նաեւ Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչները: Հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստանում մարզում յուրաքանչյուր առարկայից հաղթող ճանաչված մեկ ուսուցիչ: 2003 թվականից մինչ օրս այս մրցույթի շրջանակներում ավելի քան երկու հարյուր ուսուցիչ արժանացել է մրցանակների: Այս տարի մրցույթի հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել մարզային փուլում հաղթող ճանաչված 45 ուսուցիչ, որոնցից ներկա էր 41-ը: Մրցույթի հանրապետական փուլն ընդգրկում է. ուսուցչի ստեղծագործական եւ մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանք, «Կլոր սեղան» բանավեճ՝ գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ, առաջարկություններ՝ տվյալ առարկայի դասավանդման կատարելագործման ուղղությամբ: Յուրաքանչյուր առարկայից սահմանված է 1՝ առաջին, 2՝ երկրորդ եւ 3՝ երրորդ կարգի մրցանակ: Կտրվեն նաեւ մրցանակներ մասնակցության համար: Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել