Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աճել են՝ չեզոք, նվազել՝ դրական հրապարակումները

Սեպտեմբեր 18,2009 00:00

Կամ ինչ են բացահայտել ԶԼՄ-ների շրջանում ԵՊՀ-ի կատարած ուսումնասիրությունները

Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մայր բուհի մասին հայկական ԶԼՄ-ների հրապարակած եւ հեռարձակած նյութերի վերլուծության ամփոփումը: Այն կատարվում է արդեն 3-րդ անգամ: Բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցները 2008-ի սեպտեմբերից մինչեւ 2009-ի հուլիսը հետեւել են, թե հայկական ԶԼՄ-ները ինչ են «խոսում» բուհի մասին: Մինչ արդյունքների հրապարակումը եւ պատվոգրերի հանձնումը, վարչության պետ Կարեն Գրիգորյանը մի քանի դիտարկումներ արեց. «Կան կրթական այնպիսի հիմնախնդիրներ, որոնք գոյություն ունեն ոչ միայն համալսարանում, այլեւ մյուս բուհերում: Սակայն լրագրողների մեծամասնությունը ցանկանում է անպայման համալսարանի մասին գրել, հասարակությունն էլ ամեն ինչ տեսնում է համալսարանի միջոցով: Մեր հեռուստաեթերում երբեմն կարող է նյութ լինել ընդհանրապես կրթական ոլորտի հիմնախնդիրների, կաշառակերության մասին, բայց դրվում են համալսարանի կադրեր: Իհարկե, դրա համար մենք շնորհակալ ենք, քանի որ դա այս կամ այն կերպ ազդում է մեր դրական հեղինակության վրա»: Մամուլի հրապարակումները արխիվացվել են առանձին գրքի միջոցով: Կ. Գրիգորյանը առաձին-առանձին ներկայացրեց, թե տպագիր լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները, էլեկտրոնային պարբերականներն ու լրատվական գործակալություններն ինչպես են անդրադարձել ԵՊՀ-ին: Օրինակ՝ հեռուստաընկերություններից ամենից շատը Մայր բուհին անդրադարձել է «Կենտրոնը», հետո՝ «Հ1»-ը, տպագիր լրատվամիջոցներից՝ «Առավոտ» օրաթերթը, հետո՝ «Հայաստանի Հանրապետությունը», ռադիոծրագրերից առաջին տեղում է «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթին», հետո՝ «Հանրային ռադիոյի» «Լյունսեն», էլեկտրոնային պարբերականներից՝ «Panorama.am»-ը, լրատվական գործակալություններից՝ «Արմենպրեսը»: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաեւ, որ հիմնականում նյութերը չեզոք բնույթի են: Կ. Գրիգորյանը նշեց. «Այս տարի համալսարանի մասին չեզոք բնույթի նյութերի թիվն աճել է նախորդ տարվա համեմատ, նվազել են դրական հրապարակումները, աճել՝ քննադատական բնույթի հրապարակումները»:

Վարչությունն ուսումնասիրել է նաեւ, թե հիմնականում ԵՊՀ-ին անդրադառնալիս ինչ ժանրով են նյութեր հրապարակվել, ինչ տեսանկյունից են եղել հրապարակումները՝ կրթական, քաղաքական, հասարակական եւ այլն: Այս «մասով» վարչության պետն ասաց. «Մամուլում ԵՊՀ-ի մասին նյութերի թեմատիկ ուղղվածության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքականը 2-րդ տեղում է, ինչը՝ մի կողմից բնական է»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դա բնական, մանավանդ, երբ ԵՊՀ-ն կրթական հաստատություն է եւ պիտի որ դրա մասին հրապարակումները քաղաքականության հետ քիչ կապեր ունենային: Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Շատ լրագրողներ ԵՊՀ-ին անդրադառնում են նախընտրական շրջանում, կամ երբեմն խոսելով հայտնի քաղաքական գործչի մասին, նշվում է նրա՝ համալսարանի շրջանավարտ լինելը; Այդ տիպի նյութերը անվանել ենք քաղաքական բնույթի հրապարակումներ»:

Ինչպես վարչության աշխատակիցները նշեցին, լրագրողները ԵՊՀ-ին երբեմն ընկալում են որպես «տեղի պարագա», երբ ԵՊՀ-ում՝ տվյալ գործչի հրավիրված լինելը օգտագործում են իրենց հուզող հարցերը տալու համար եւ չեն անդրադառնում այն իրադարձությանը, որը տեղի էր ունենում բուհում:

«Առավոտը» նաեւ խնդրեց Կ. Գրիգորյանին մեկնաբանել այն փաստը, որ լինելով Հանրային հեռուստաընկերություն, «Հ1»-ը ԵՊՀ-ին անդրադարձերի տեսանկյունից զիջում է մասնավոր որոշ հեռուստաընկերությունների: Նա պատասխանեց. «Կուզեի Հանրայինը մեկնաբաներ այդ փաստը: Իհարկե, նախորդ տարիների համեմատ աճ կա, բայց եթե նայում ենք տոկոսային հարաբերակցությանը տարբեր մասնավոր հեռուստաընկերությունների հետ, տարբերությունը զգալի է: «Հ1»-ից մեկնաբանում են, որ դա տեխնիկական խնդիր է. լրահոսն այնքան շատ է, որ իրենք ֆիզիկապես չեն հասցնում լուսաբանել բոլոր նյութերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել