Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՇԱՀՈՒՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ…

Սեպտեմբեր 18,2009 00:00

Հայաստանի անկախացումից ի վեր չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեր  տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» հանդիսացող ստվերային տնտեսության չափաբաժինը չի կրճատվում, եւ դա էապես խոչընդոտում է հարկային հավաքագրումներին: Եվ մտավախություններ կային, որ ճգնաժամի պայմաններում այդ գործընթացը կարող է ավելի խորանալ եւ ծանր կացության մեջ դնել հարկային մարմնին:

Արդեն 12 տարի Հայաստանում ընթանում է ՀԴՄ-ների՝ տնտեսությունում լիարժեք գործածության մեջ դնելու գործընթացը: Նախկինում մի քանի անգամ փորձեր եղան դա իրականացնելու, սակայն այլեւայլ հանգամանքների բերումով դա տեղի չունեցավ՝ հիմնական պատճառաբանությունն այն էր, որ ՀԴՄ-ների տեղադրման պարագայում բիզնեսի վարումն ընդհանրապես անիմաստ է դառնում եւ դա կարող է խոչընդոտել նրա հետագա զարգացմանն ու ծավալմանը:

Սակայն, անցյալ տարվանից եւ հատկապես 2009թ. բոլոր  առեւտրային վայրերում ՀԴՄ-ների տեղադրումից  հետո պարզ դարձավ, որ դա այն ներկայացվող «հրեշը» չի, որ խոչընդոտում է բիզնեսի վարմանը, այլ ժամանակի պահանջ է եւ բոլոր տնտեսվարողները եկան այն եզրահանգման, որ ՀԴՄ-ներով աշխատելու պարագայում որեւէ արտառոց բան չի կատարվում: Պարզապես այդ դեպքում գնում ես քաղաքակիրթ աշխարհին համընթաց:

Համենայնդեպս, ինչպես փաստում են տվյալները, 2009թ. առաջին յոթ ամիսներին, հարկային մարմիններում հաշվառված եւ գործող ՀԴՄ-ների քանակը՝ 35729, գերազանցում է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8878 հատով կամ 33 տոկոսով: Ակնհայտ է, որ շահագործվող ՀԴՄ-ների քանակն ավելացել է եւ դա այն դեպքում, երբ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, 2008թ. նշված ժամանակահատվածում առեւտրի իրականացման վայրերում ՀԴՄ-ներ չեն տեղադրվել եւ նույնիսկ առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղեր են կրճատվել:

Հարկային  վիճակագրությունը նաեւ փաստում է, որ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ՀԴՄ-ների կիրառմամբ ապրանքաշրջանառության աճ է գրանցվել՝ 40,3 մլրդ դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ իր հրատարակած տվյալներում նշում է, որ անցյալ տարվա յոթ ամիսների համեմատությամբ այս տարի գրանցվել է մանրածախ  առեւտրաշրջանառության 0,1 տոկոս աճ: Սակայն, պարզ է, որ ճգնաժամի պայմաններում մանրածախ առեւտրի իրական ծավալները զգալիորեն կրճատվել են: Դրա մասին է խոսում այն իրողությունը, որ 2009թ. յոթ ամիսներին ներմուծումը նվազել է 29,5 տոկոսով, ինչը փաստում է պահանջարկի զգալի անկման մասին: Սակայն, իրողությունն այն է, որ գրանցվել է ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության  ծավալների մեծացում, թեեւ սա իրական աճ չէ. պարզապես այս տարվա ութ ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման, նույն կտրոնների հիման վրա բոնուսների տրամադրման եւ վերահսկողության բարձրացման հետեւանքով, առեւտրի ոլորտում տեղի է ունեցել ստվերի կրճատում եւ նաեւ դրա արդյունքում ակնկալվում են շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: Քանի որ ՀԴՄ-ների կիրառման գործընթացի շնորհիվ լրացուցիչ մոտ 9000 սուբյեկտ սկսեց հարկային հաշվետվություններ ներկայացնել, արդյունքը եղավ այն, որ բացի ապրանքաշրջանառության աճից, ավելացավ նաեւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող եկամտահարկի եւ սոցվճարի ցուցանիշը: Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա այստեղ ակնկալվող աճը տեսանելի կլինի 2010թ.-ին:

Բնականաբար, բացի զուտ բացատրական կամ քարոզչական ներգործման մեխանիզմներից, իր արդյունքներն է տվել նաեւ վարչարարության որոշակի  խստացումը եւ հետեւողականությունը: Այսպես, 2009թ. յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 5811 դեպք, որը գերազանցում է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1859 դեպքով կամ 47 տոկոսով: Աճ է գրանցվել նաեւ խախտմամբ արձանագրված գումարների ցուցանիշում՝ այն կազմել է 194,3 մլն դրամ կամ 69 տոկոս: Աճել է նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների 2-րդ եւ ավելի անգամ խախտման հետեւանքով կասեցված տնտեսվարողների քանակը: Եթե  2008թ. հունվար-հուլիսին արձանագրվել է 59 տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցում 5 կամ 10 օրով, ապա 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է գործունեության կասեցման 534 դեպք, իսկ արդեն սեպտեմբերի տվյալներով այդ ցուցանիշը հասել է 700-ի:

Պարզ  է, որ ՀԴՄ-ների լայն կիրառման համար որոշիչ դերակատարում ունեցավ ՀՀ կառավարության  ընդունած ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացումը: Թեեւ սկզբնական շրջանում շատերը թերահավատ էին եւ խոսակցություններն այն մասին, որ սա հայերի համար չէ, գնալով իր տեղը զիջեց գրանցված իրական արդյունքներին:  Ի դեպ, այստեղ տեղին է նկատել, որ, չգիտես ինչու, երբ հայերն արտերկրում են գտնվում (անգամ կարճ ժամանակով), նրանք ընդգծված օրինապաշտ են եւ, ասենք, նույն ՀԴՄ-ների կտրոններին վերաբերվում են ինչպես դրական մի բանի: Բայց հենց այդ նույն մարդիկ եւ մասնավորապես մեր փառապանծ պատգամավորները վերադառնում են հայրենիք, նրանք հանկարծ անմիջապես կերպարանափոխվում են ու սկսում են բացեիբաց «քլնգել» նույն երեւույթները, որոնցով հիանում էին քաղաքակիրթ երկրներում:

Ինչ խոսք, առաջին ամիսներին իրականացվող վիճակահանություններով դրամային շահում ունեցող մարդկանց թիվը զգալիորեն զիջում էր նախօրոք հայտարարված ցուցանիշին, սակայն ամսեամիս այդ թիվն աճեց, թեեւ դեռ չի գրանցվել ամենաբարձր շահումը՝ 5 մլն դրամ: Սակայն, ՀԴՄ-ներով ապրանքաշրջանառության ներկա  տեմպերի պահպանման եւ աճի համար իրական խթան հանդիսացավ ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար տրամադրվող գնումների գումարի որոշակի տոկոսը կամ բոնուսը փոխհատուցվելու է: Այս տարբերակը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, շատ երկրներում է կիրառվել: Եվ արդեն իսկ ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիների բոնուսների տրամադրման գումարը սեպտեմբերի 3-ի դրությամբ հասել է 790 մլն 191 հազար դրամի՝ մոտ 50 հազար միջնորդագիր եւ այդ ցուցանիշը գնալով աճում է: Այս հանգամանքը, թերեւս, բնակչությանն ապացուցում է, որ սա իրական գործող միջոցառում է եւ կարող է ավելի մեծացնել նրանց շահագրգռությունը:

Թեեւ հարկային մարմիններում բոնուսների ընդունման եւ միջնորդագրերի տրամադրման գործընթացը հարթ չի ընթանում՝ բնակիչները բողոքում են հերթերից եւ դանդաղ սպասարկումից, սակայն այդ հարցը կարգավորելու համար, ինչպես օրերս պարզվեց, ՊԵԿ-ը դիմել է ՀՀ կառավարությանը, առանձին սպասարկման կենտրոններ ձեւավորելու առաջարկով, որի արդյունքում ակնկալվում է բնակչության ՀԴՄ կտրոնների բոնուսների սպասարկման բարձրացում, եւ առկա տեխնիկական թերությունները այդ իմաստով կվերանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել