Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 18,2009 00:00

«Ես մարդ եմ» կինոփառատոնն արդեն երրորդ տարին ներկայացնում է փաստագրական ֆիլմեր՝ նվիրված հանդուրժողականությանը, մարդու իրավունքներին եւ կոնֆլիկտների հաղթահարմանը: 2006 թվականին փառատոնի նախաձեռնությամբ հանդես եկան «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամը եւ Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակը: Վերջին երկու տարում փառատոնը «այցելել» է Հարավային Կովկասի 51 բնակավայր: Ամեն տարի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում են 10-12 բարձրորակ վավերագրական ֆիլմեր, որոնք նախօրոք ընտրվում են Պրահայում կայացող «Մեկ աշխարհ» կինոփառատոնում: Այս տարի փառատոնի աշխարհագրության 26 քաղաքների մեջ Հայաստանից ընդգրկված են Եղեգնաձորը, Նոյեմբերյանը, Վանաձորը, Կապանը, Երեւանը, Լեռնային Ղարաբաղից՝ Ստեփանակերտը եւ Հադրութը: Սեպտեմբերի 14-16-ը այս ծրագիրը հանգրվանել էր Նոյեմբերյանում: Երեք օր քաղաքի մշակույթի տանը ցուցադրվում էին խաղաղության եւ մարդու իրավունքների մասին ֆիլմեր, որոնց հաջորդում էին քննարկումներ: Նոյեմբերյանում փառատոնի եզրափակիչ օրը կայացավ Սամվել Բեգլարյանի հեղինակած, Նոյեմբերյանում փառատոնի կազմակերպիչ Մխիթար Գիշյանի բեմադրած «Աղճատված ճակատագրեր» պիեսի բեմադրությունը: Վրաստանից հյուր, «Դեմ առ դեմ» հ/կ-ի նախագահ Ռուսիդան Մարշիանին ասաց, որ ազգամիջյան հակամարտությունների ժամանակ ամենից շատ տուժում են խառն ամուսնությամբ ընտանիքները, որոնց անդամների համար ծանր երկընտրանք է առաջանում՝ ընտրել «փո՞քր», թե՞ «մեծ» հայրենիքը: Ազգությամբ աբխազ Ռուսիդանն ընտրել է «փոքր» հայրենիքը՝ ընտանիքը եւ ազգությամբ վրացի ամուսնուն եւ տեղափոխվել է Թբիլիսի:

Փառատոնը Նոյեմբերյանում հավուր պատշաճի էր կազմակերպվել: Բայց խորհելու տեղիք տվող, ծանր ապրումներ պատճառող, շուրջ մեկ ժամ տեւողությամբ փաստագրական ֆիլմերի դիտմանը հիմնականում ներկա էին ոչ թե չափահաս, որոշակի կրթվածություն ունեցող անձինք, այլ՝ Նոյեմբերյանի ցածր դասարանների աշակերտները, որոնք կինոդիտումների ժամանակ երբեմն անհարկի աղմկում էին:

Իսկ սեպտեմբերի 22-24-ը «Ես մարդ եմ» փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Կապանի «Արծվատուն» դահլիճում: Կապանում կազմակերպիչը «Երկյակ» երիտասարդական հ/կ-ն է: Ըստ հ/կ-ի նախագահ Արմենակ Դավթյանի՝ փառատոնի երեք օրերի ընթացքում անվճար ցուցադրվելու է 6 ֆիլմ, ցուցադրությունից հետո՝ քննարկում սուրճի սեղանների շուրջ: Իրականացվող ծրագրի շրջանակներում Կապանի դպրոցներում հայտարարված է նաեւ «Ես մարդ եմ» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ: Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական պարգեւների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել