Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաշթառակի դեռ չգրված այցեքարտը

Սեպտեմբեր 18,2009 00:00

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները ընթերցասեր մարդիկ են: Թոշակառուից մինչեւ դպրոցական՝ օգտվում են գյուղի գրադարանից: Սա ըստ գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի: Բայց Խաշթառակի դեպքում գրադարան ասվածը հարաբերական է, որովհետեւ գիրք կա, բայց գրադարանի մշտական շենք՝ հասցե չկա:

Երբ բնական տարերքը 2005 թվականին վերջնական փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց գյուղի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր նաեւ գրադարանն իր գրապահոցներով, քարտադարանով ու ընթերցասրահով, մեծապես տուժեց հենց գրադարանը: Մշակույթի ավերված տնից 14 000 կտոր գիրք տարհանելուց ու այլ հասցե տեղափոխելուց հետո, թե գրադարանի ղեկավարությունը, թե՛ ընթերցողները հասկացան, որ դրանով սկիզբ է դրվում գրքերի ամենամյա «շրջագայության»:

Գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի ասելով՝ երկու տարի առաջ, երբ հերթական անգամ հանգրվանելիս են եղել գյուղամեջի մի ինչ-որ շենքում, որը, ըստ տնօրենի՝ նախատեսված է որպես ապագա գրադարանի շենք, «Հայաստան» համահայկական հիմնադրամից նրանց փոխանցել են, որ գրքերը այլ հասցե տեղափոխեն՝ երկու ամիս հետո շինարարությունը սկսելու համար: «Երկու տարի է՝ այդ երկու ամիսը չի գալիս: Էսքան գիրք մեծ դժվարությամբ, առանց կորուստների տեղափոխեցինք էստեղ ու… ոչ մի արդյունք: Բայց հույսներս դեռ չենք կտրում, սպասում ենք, որ մի օր էլ այստեղ է շինարարություն լինելու»,- ասաց տիկին Անիկը:

Այսօր Խաշթառակի գրադարանի հերթական հանգրվանը ավերակ գյուղապետարանի մի կիսավեր սենյակ է՝ արեւի լույսից գրեթե զուրկ, ճոճվող հատակով ու մաշված պատերով: Չնայած բազում ճամփորդություններից հետո գրքերն անկորուստ ու անվնաս են, սակայն իր գործն անում է խոնավությունը: «Թե գեղարվեստական, թե՛ մասնագիտական հարուստ գրականություն ունենք, բայց խունանում, փչանում է»,- մտահոգությունը կիսեց տնօրենը:

Տնօրենի պատկերացումներում գրադարանը այլ դրսեւորումներ ունի: Եթե վերջապես եւ վերջնականապես բախտ վիճակվի գրադարանի մշտական ու նորոգված շենք ունենալ, ապա դա սոսկ գրադարան չի լինի. «Լինելու է թանգարան-գրադարան, որտեղ ներկայացնելու ենք մշակութային հարուստ կենսագրություն ունեցող մեր գյուղի մասին պատմող վավերագությունները, գրականության, գիտության ու արվեստի խաշթառակցի նշանավորների կյանքն ու գործերը: Մեր պատմությունն ենք ներկայացնելու, գյուղի հետաքրքիր ու շարքային մարդու կյանքն ու աշխատանքը: Մտահղացումներս շատ են, անհամբեր եմ՝ թե երբ եմ այդ ամենն իրականացնելու»,- ասաց Անիկ Կլեկչյանը՝ համոզմունք հայտնելով, որ Աստծո կամոք կառուցվելիք գրադարանը Խաշթառակի այցեքարտն է լինելու:

Այցեքարտին արժանի շատ դրվագներ կան Խաշթառակում: Օրինակ, խորհրդային տարիներին հենց այս գյուղում են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան» ֆիլմերը: Վերջին կինոնկարի մասսայական տեսարանները մարմնավորել են գյուղի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել