Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը սպառնո՞ւմ է մարդկանց կյանքին եւ սեփականությանը

 Արդեն երկար ժամանակ է, որ Կապանի Շահումյան բանավանի բնակիչները օրը լուսացնում են վա«խը սրտներում եւ այլ ելք չունենալով՝ շարունակում ապրել բնակության համար խիստ վտանգավոր ու վթարային դարձած տներում: Այս համայնքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ կողմից շահագործվող հանքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում բանավանում պարբերաբար տեղի ունեցող փլուզումներից ու սողքերից՝ էլ ավելի վտանգավոր է դարձել այստեղ բնակվելը: Բարեբախտաբար՝ մարդկային զոհեր չեն եղել, բայց ներկայիս պայմաններում դա չի բացառվում: Ի հավելումն՝ բնակիչներին շարունակ սարսափի մեջ են պահում հանքերում իրականացվող մշտական պայթեցումները: «Ամեն անգամ պայթյուններից վեր ենք թռչում, մենք էլ պատերազմ տեսած մարդ ենք, էդ ձեներից պատերազմի սարսափելի օրերն են աչքներիս առաջ գալիս: Դե պատկերացրեք, մարդ ամեն օր էս սարսափի մեջ ապրի: Էլ չենք ասում՝ ինչ պայմաններում ենք ապրում, տների պատերն իրարից առանձնացված են, մեր կյանքը վտանգելով ենք ապրում էս տներում»,- վրդովված պատմում են Շահումյան բանավանի բնակիչները:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն 2008 թվականին այս բանավանի 8 բնակչի փոխհատուցում է տրամադրել՝ մեկ այլ անվտանգ վայրում բնակություն հաստատելու համար: Որից հետո գործընթացը կասեցվեց, եւ մնացած 140-ից ավելի սեփականատերերին փոխհատուցումներ չտրամադրվեցին: «Բազմիցս ենք բողոքել կոմբինատին, իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ պայմաններում ենք ապրում, բայց մինչ օրս փոխհատուցում չենք ստացել, ասում են՝ ճգնաժամ է, ֆինանսական խնդիրներ կան, հենց բարելավվի՝ կփոխհատուցենք»,- բողոքում են շահումյանցիները եւ ավելացնում, որ «համայնքում ընկերության կողմից բնակիչների անվտանգության ապահովման համար ոչ մի միջոցառում չի իրականացվում»:

Շահումյան բանավանի հիմնախնդրով սկսել է զբաղվել Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն, որն 2006 թվականից՝ գործունեության առաջին իսկ օրվանից, համագործակցում է տեղական եւ հանրապետական մի շարք կառույցների հետ ու նպատակ է հետապնդում վերհանել տարածաշրջանում առկա էկոլոգիական եւ ժողովրդավարական խնդիրները եւ գտնել դրանց լուծումները:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը Շահումյան բանավանի տարածքը բաց հանք շահագործելու համար է անհրաժեշտ, որտեղ հետախուզական աշխատանքներ էին իրականացվում: Այդ ընթացքում ընկերությունը բնակիչներին փոխհատուցում տրամադրելու գործընթաց էր սկսել: Սակայն որոշ ժամանակ անց գործընթացը դադարեցվեց: Իհարկե, ընկերությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ է պայմանավորում գործընթացի կասեցումները, բայց ամբողջ հարցն այն է, որ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Շահումյան բանավանում հանքի շահագործումն այնքան էլ շահավետ չէր լինի ձեռնարկության համար: Ուստի եւ նրանք հարկ չհամարեցին մեծ գումարներ ծախսել եւ շահումյանցիների տեղահանման համար փոխհատուցման պրոցեսը շարունակել»,- պարզաբանում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Խնդրին ծանոթանալուց, անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելուց եւ մասնագիտական եզրակացություններ ունենալուց հետո հ/կ-ն ընկերությանը գրություն է ուղարկել՝ այս խնդրի վերաբերյալ ընկերության կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ի վերջո, բնակիչների կյանքին, առողջությանն ու սեփականությանը սպառնացող վտանգը մեծ է: Սակայն ընկերությունը պատասխան գրությամբ հանդես չի եկել:

Մեզ այդպես էլ չհաջողվեց «Դինո Գոլդ Մայնինգից» հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ կամ՝ ընկերության հանրության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հետ կապվել չստացվեց. մեր հեռախոսազանգերին պատասխանող այդպես էլ չեղավ:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն փորձում է շահումյանցիների շահերը պաշտպանել դատական կարգով եւ մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու համար «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի դեմ հայց ներկայացնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել