Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ԱՄՆ-ում սկսում են A/H1N1 գրիպի դեմ մասսայական պատվաստումները, քանի որ այդ երկրի դեղերի վերահսկման դաշնային գործակալությունը թույլատրել է գրիպի դեմ պատվաստանյութի օգտագործումը: ԱՄՆ կառավարության պատվիրած 195 միլիոն չափաքանակ պատվաստանյութը, ինչպես կարծում են ամերիկացի բժիշկները, կբավականացնի չեզոքացնել իրենց երկրում խոզի գրիպի տարածումը եւ այդ իսկ պատճառով առաջին 45 միլիոն չափաքանակ պատվաստանյութը տրամադրվելու է հիվանդանոցներին ու դպրոցներին: Սակայն ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը, քանի որ, ըստ նրա, իրենք ունեն բոլոր տվյալները, որոնց համաձայն, դեռ ոչ մի երկրում պատվաստումներ չեն արվում: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ մեր երկիրը ձեռք բերելո՞ւ է պատվաստանյութ եւ ո՞ր երկրի արտադրածը՝ ամերիկյանը, թե ռուսականը: Հիշեցնենք, որ Ռուսաստանում «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութն արդեն կլինիկական փորձարկումներ է անցնում: Պարոն Դարբինյանը պատասխանեց. «Մենք նամակով դիմել էինք Ռուսաստանին եւ խնդրել Սանկտ-Պետերբուրգում արտադրվող պատվաստանյութից մեզ որոշակի քանակություն անվճար հատկացնել, սակայն դեռ պատասխան չունենք: Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան պատվաստանյութին, ապա նշեմ, որ այն բավականին էժան է՝ մոտ մեկ դոլար, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստակամություն է հայտնել A/H1N1 գրիպի դեմ պատվաստանյութն անվճար հատկացնել երկրներին: Կախված այն բանից, թե որ երկրում ինչքան տարածվածություն ունի այդ վիրուսը, այդպես էլ, ամենայն հավանականությամբ, կորոշվի, թե որ երկրին որքան չափաքանակ է հատկացվելու»:
Նշենք, որ ԱՀԿ-ի հրապարակած տեղեկատվությամբ, աշխարհում այս վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սեպտեմբերի 11-ի դրությամբ մարդկանց շրջանում A/H1N1 վիրուսով հարուցված գրիպի 277607-ից ավելի դեպք է հայտնաբերվել, որոնց թվում 3205-ն արդեն մահացել է: Վիրուսի տարածումից զգուշանալու համար Եգիպտոսի բոլոր համալսարանները եւ դպրոցները փակվել են մինչեւ հոկտեմբեր: Այս երկրում շուրջ 900 բնակիչ վարակված է «խոզի գրիպով», իսկ վիրուսով վարակված երկու մարդ մահացել է: