Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածի դուստրը հայտնվել է փողոցում

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ո՞ւմ համար են սահմանված արտոնությունները

\"\"\"\"
1937թ. գնդակահարված Ստեփան Խաչատրյանը եւ դուստրը:

Լենա Խաչատրյանը բռնադատվածի աղջիկ է: Նրա հորը՝ Ստեփան Խաչատրյանին ՀՍՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարների նախկին եռյակի կողմից 1937թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ դատապարտել են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ: Ստեփան Խաչատրյանը, ըստ արխիվային գործի նյութերի, «լինելով դաշնակցական ընդհատակյա անդամ, գովաբանել է ֆաշիզմը եւ վարկաբեկիչ արտահայտություններ է ուղղել սովետական պետության եւ Կոմունիստական կուսակցության ղեկավարների հասցեին»:

1960թ. հունվարին ՀԽՍՀ գերագույն դատարանի որոշմամբ՝ Ս. Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ եւ նա հետմահու արդարացվում է: Ս. Խաչատրյանը համարվում է բռնադատված, նրա ընտանիքը ստանում է բռնադատվածի ընտանիքի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ:

Գնդակահարվածի միակ դուստրը՝ Լենա Խաչատրյանն այդ դժնդակ տարիներին 5 տարեկան էր…

«Նկարագրել իմ զրկանքներն ու տանջանքները՝ չեմ կարող: Երջանիկ չի եղել նաեւ երիտասարդությունս: Առանց հոր մեծացրել եմ միակ տղայիս, որի ընտանիքի հետ ապրել եմ մինչեւ 2000թ.-ը: Երբեւիցե չեմ մտածել, որ կյանքիս մայրամուտին կմնամ անօթեւան: Տղաս աշխատանք չունենալու եւ պարտքերի պատճառով $4000-ով վաճառեց մեր բնակարանը, որպեսզի երեք մանկահասակ երեխաներին ու իր ընտանիքը փրկի, դուրս տանի հանրապետությունից»,- ասում է Լ. Խաչատրյանը: Նաեւ ասում է, որ մինչեւ 2000թ. չի անհանգստացրել պետական մարմիններին, չի օգտվել բռնադատվածի ժառանգի իրավունքներից:

«Ես 1958թ.-ից եղել եմ ԽՍՀՄ վաստակավոր դոնոր: Փրկել եմ բազմաթիվ մարդկանց կյանքեր՝ ինչպես խաղաղ տարիներին, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Հիմա թակում եմ պետական մարմինների բոլոր դռները, բայց դրական պատասխան չեմ ստանում»,- ասում է Լենա մայրիկը:

Լենա Խաչատրյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ օրենքով հասանելի իր բնակարանը կամ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար: Դիմել է նաեւ Էրեբունու թաղապետարան, որտեղից պատասխանել են. «Թաղապետարանի արխիվում պահպանվող որոշումներում Լ. Խաչատրյանին օգնության կարգով հող հատկացնելու մասին նշումներ չկան» (30.09. 02թ. 24/18-260 գրություն):

Երեւանի քաղաքապետարանն էլ տեղեկացրել էր Լ. Խաչատրյանին, որ սեփականության իրավունքով հողամասերն անհատույց տրամադրվում էին մինչեւ 2007թ. հունիսի 30-ը: Այն դեպքում, երբ «Բռնադատվածների մասին» օրենքով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի 1757-Ն որոշմամբ, այդ կարգը չի տարածվում Երեւանի վրա:

«Վերջին 3 տարիներին Երեւանում մշտապես բնակվող ու մինչեւ 2003թ. հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված տարածքներում՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում»,- հիշեցնում է Երեանի քաղաքապետարանը:

«Բնակվում եմ միայնակ: Ապրուստիս միակ միջոցը թոշակս է: Չունեմ ոչ մի օգնող եւ մի անկյուն՝ գիշերելու համար: Ամեն օր մտածում եմ, ով ինձ մի անկյուն կտա, որ գիշերեմ: Դարձել եմ թափառաշրջիկ՝ այս ծեր հասակում: Ոչ մի պաշտոնյա չի հասկանում իմ անելանելի վիճակը»,- ասում է 77-ամյա Լենա Խաչատրյանը, որի կենսագրության եւ ընտանիքի կործանման համար պետությունը ներողություն չի խնդրել: Իսկ ներողությունը օրենքի պահանջը կատարելն էր, տարեց կնոջ իրավունքների պաշտպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել