Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"Դինքի եղբայրների ՍՊԸ-ն պաշտպանում է մտավոր սեփականության իրավունքը

Օքսֆորդի համալսարանի հրատարակչության անգլերենի ուսուցման բաժինը 2007թ. հոկտեմբերին լիազորում է «Գրափունջ» ՍՊԸ-ին (պատասխանատուները՝ Հրանտ Դինքի եղբայրներն են՝ Խոսրովն ու Երվանդը)՝ լինել իր բացառիկ դիստրիբյուտորը: «Գրափունջին» հրատարակչությունը լիազորում է օգտագործել նաեւ իր ապրանքանիշերը, oxFord-անվանում՝ գրառումը: Դա նշանակում էր, որ «Գրափունջից» բացի, որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ իրավունք չուներ Հայաստանում օգտագործել Օքսֆորդի հրատարակումները՝ անգլերեն բառարանները, գեղարվեստական գրքերը, ձայնասկավառակները: Սակայն գրավաճառների, անհատների կողմից վաճառքի հանվեցին Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ապրանքանիշերով ոչ բնօրինակ տարբերակները: Դրանք, մասնավորապես, Հայաստան էին ներմուծվում Իրանից՝ ՀՀ մաքսային սահմանով: Ըստ օքսֆորդցիների, խախտվել էր իրենց մտավոր սեփականությունը, դրանց նկատմամբ «իրենց իրավունքի տիրապետումը»:

2008թ. մարտի 12-ին «Գրափունջը» դիմում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ավետիսյանին՝ «մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու» խնդրանքով: Մաքսայինը, ըստ իրենց օրենսգրքի 228 հոդվածի 3-րդ մասի, պետք է 5-օրյա ժամկետում քննարկեր կասեցման դիմումը եւ այդ մասին գրավոր տեղեկացներ դիմումատուին: 2009թ. հունվարի 23-ին, երբ «Գրափունջը» դիմել էր վարչական դատարան, մաքսայինը դիմումատուին դեռ չէր պատասխանել:

«Գրափունջը» մինչ վարչական դատարան դիմելը մեկ անգամ եւս դիմեց մաքսայինին՝ այս անգամ վարչական բողոքով: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 46 հոդվածի համաձայն, պատասխանելու համար սահմանված էր 30-օրյա ժամկետ: Մաքսայինի անգործությունը պատճառ դարձավ, որպեսզի նրա դեմ հայց ներկայացվի դատարան:

Վարչական դատարանը բավարարեց «Գրափունջ» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ Մաքսային պետական կոմիտեի՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու հարցով ներկայացված կասեցման դիմումը բավարարող որոշում կայացնելու պարտավորեցման պահանջի մասին: Վճիռն ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում այն կկատարվեր ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով: Սակայն մինչ օրս չի կատարվել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դիմում է Վճռաբեկ դատարան: Վերջինս վերադարձնում է բողոքը՝ գտնելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածներին: Ի դեպ, մաքսային-ՊԵԿ-ի հակափաստարկն այն էր, որ «Գրափունջը» չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ այն մասին, որ Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը լիազորություն չի տվել որեւէ երկրի մեկ այլ կազմակերպության, որի ներքին շուկայում դրանք դրվել են օրինական շրջանառության մեջ եւ հետագայում ներկրվել Հայաստան:

«Գրափունջի» ներկայացուցիչ, փաստաբան Տաթեւ Ղուկասյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռ 1994թ. փետրվարի 9-ին ստորագրվել է «ՀՀ կառավարության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի 7-րդ հոդվածը վերաբերում է հեղինակային իրավունքի փոխադարձ պաշտպանությանը: Այսինքն, հրատարակչությունը Միացյալ Թագավորությունում գրանցված կազմակերպություն է, որի հրատարակումները հեղինակային իրավունքի օբյեկտներ են եւ միջազգային պայմանագրի ուժով պաշտպանվում են մեր երկրում: Այս կապակցությամբ էլ ՊԵԿ-ը առարկում է, թե «Գրափունջի» կողմից չի ներկայացվել ապրանքանիշերի պետական լիազոր մարմնի կողմից տրված «իրավական պահպանության փաստը հաստատող որեւէ ապացույց», որով հիմնավորվեր, թե այն ենթակա է իրավական պաշտպանության: ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի չկատարի վարչական դատարանի որոշումը: Սա այն դեպքում, երբ ԴԱՀԿ-ում մայիսի 29-ից հարուցվել է դրա կատարման համար կատարողական վարույթ: Այն 2 ամսվա ընթացքում պիտի կատարվեր: Օրեր առաջ «Գրափունջը» դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հ. Հովսեփյանին, ԴԱՀԿԾ պետ Մ. Պողոսյանին. «Ընկերությունը բացարձակապես անընդունելի է համարում գործադիր իշխանության մարմնի ցուցաբերած կամայական վարքագիծը եւ այն բացահայտ արհամարհանքը, որը նրա առանձին պաշտոնյաների կողմից դրսեւորվում է ՀՀ օրենսդրության եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հանդեպ: Նման գործելակերպի արդյունքում խախտվում են ոչ միայն ՀՀ-ում օտարերկրյա ներդրողի իրավունքներն ու օրինական շահերը, այլեւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել