Կամ Քաջարանի էկոլոգիական աղետների մասին՝ դպրոցականների համար
Օրերս լույս է տեսել «Քաջարան. բնությունը եւ էկոլոգիան» ուսումնական ձեռնարկը, որ կազմել են Վարդան Գեւորգյանը, Գարեգին Գաբրիելյանը, Սերգեյ Արեւշատյանը եւ Սպարտակ Ստեփանյանը: Ձեռնարկը հրատարակության է երաշխավորված ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի գիտամեթոդական խորհրդի եւ Քաջարանի քաղաքապետարանի կողմից: Գիրքը Քաջարան համայնքի դպրոցների 8-րդ դասարանների աշակերտների համար է: Այն ներառում է տեղեկատվություն Քաջարանի պատմության, զարգացման եւ ներկայիս վիճակի մասին, շեշտն էլ դրված է բնության եւ էկոլոգիայի հարցերի վրա: Նման ձեռնարկ առաջին անգամ է հրատարակվում եւ նախաձեռնությունը հրաշալի օրինակ կարող է ծառայել մյուս համայնքների համար: «Քաջարան. բնությունը եւ էկոլոգիան» ունի դաստիարակչական եւ ճանաչողական նշանակություն, սեր է արթնացնում հարազատ համայնքի հանդեպ ու բարձրաձայնում վերջինի առջեւ ծառացած էկոլոգիական վտանգների մասին: Գրքում գործնական առաջադրանքներ կան աշակերտներին, օրինակ՝ դասարանում կազմակերպել երկրաբանական, օգտակար հանածոների քարտեզների վերլուծություն, դաշտային էքսկուրսիաներ եւ երկրաբանի օգնությամբ հանքավայրում տարածված օգտակար հանածոների նմուշների հավաքում: Կամ, ասենք, այցելություն Թթուջուր տարածք՝ կենցաղային աղբից մաքրելու նպատակով, որի ընթացքում ուսուցիչը պետք է աշակերտին հանձնարարի նկարագրել հավաքված աղբի տեսակները եւ դրանց վնասը շրջակա միջավայրի վրա:
Ձեռնարկում խոսվում է Քաջարանում բնակչության աճի ցածր մակարդակի մասին, ինչը բացատրվում է տեղի ծնելիության ցածր եւ մահացության բարձր գործակիցներով: Գանձասար լեռան շրջանում տեղակայված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի վրա կառուցված պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ լեռնահանքային արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Մոլիբդեն ստանալիս մթնոլորտ է արտանետվում աղտոտիչ նյութերի փունջ, որոնք իրենց ազդեցությունն էին ունենում: Փաստվում է, որ դրա ցայտուն արտահայտությունն էին Գանձասար լեռան հյուսիսային լանջերի կաղնու անտառների այրվածքներն ու հողածածկույթի թթվայնությունը:
Ներկայումս այդ ակտիվ թթվային աղտոտումը բացակայում է Քաջարանում, սակայն տարածքում կան ծծմբի միացությունների բնածին «պասիվ աղբյուրներ»՝ հանքը, պոչամբարները, հողածածկույթը: Աշակերտը տեղեկանում է, որ Քաջարանի ընդհանուր կանաչ տարածքները զբաղեցնում են 12 հա, իսկ մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքը նորմայից 6 անգամ պակաս է:
Մի ուրիշ խնդիր էլ կա. ամեն ինչ չէ, որ այստեղ կարող է աճել. միայն կաղնին, հացենին ու բարդին են համեմատաբար կայուն տեխնածին համալիր աղտոտման նկատմամբ: Քաջարանում տեխնածին եւ մարդածին աղտոտման գործընթացները համակցված են բնական աղտոտման հետ: Լավ է, որ մեր օրերում Քաջարանի քաղաքապետարանի կողմից սկսել են կազմակերպվել քաղաքի եւ հարակից տարածքների էկոհամակարգի հիմնական բաղադրիչների աղտոտվածության համալիր էկոլոգիական գնահատման միջոցառումներ: Մոլիբդենը քաղաքի տարածքի աղտոտվածության գերակշռող տարրն է: Պղնձի կոնցենտրացիաների բաշխումը փաստում է այդ տարրով քաղաքի տեղային աղտոտման վտանգի մասին: Քաջարանում աճեցվող գյուղմթերքում կուտակվում է ծանր մետաղների լայն սպեկտր: Բոլոր տարրերի, ընդհուպ գերթունավոր սնդիկի առավել բարձր կոնցենտրացիաներ կուտակում է հատկապես սամիթը, այդ բույսն այստեղ արգելված է օգտագործման համար: Նմանատիպ իրավիճակ է գրանցված հատկապես պոչամբարների տարածքում: Այստեղ աճեցվող գյուղմթերքն ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար, որովհետեւ պարունակում է Mo-ի, Cu-ի եւ V-ի բարձր կոնցենտրացիա: Բացառված է նաեւ կարտոֆիլի օգտագործումը, այդ բանջարեղենում պարունակվող Hg-ի պատճառով: Կաթնամթերքը եւս զերծ չէ նման թունավոր նյութերից: Քաջարան համայնքին առաջարկվել է ցանկապատել պոչամբարները եւ այստեղ ժամանակավորապես արգելել զբաղվել գյուղատնտեսությամբ: Ձեռնարկում նշված է, որ Քաջարանի որոշ հատվածներում հաճախ են հանդիպում արյան եւ արյունաստեղծ օրգանների հիվանդություններ: