Հայ-թուրքական սահմանի բացումը, պարզվում է, ամենաշատը ձեռնտու է մեր բժիշկներին
Ըստ Ռ. Խաչատրյանի, մեր բժշկությունը Եվրոպայից հետ է,
Ղարսից՝ առաջ:
Հայ-թուրքական սահմանի բացման մասին վերջերս հաճախակի են կարծիքներ հնչում, որ եթե նույնիսկ դրա արդյունքում մյուս ոլորտներում առաջընթաց չնկատվի, ապա հայկական բժշկությունը, որպես բիզնես, միանշանակ կծառայի թուրքերին: Որպես փաստարկ վկայակոչում են այն, որ թուրքական քիչ թե շատ «մակարդակով» հիվանդանոցները կենտրոնացված են Ստամբուլում, Անկարայում, իսկ Ղարսի շրջանի ազգաբնակչությանը շատ ավելի մոտ ու ձեռնտու է Գյումրի կամ Երեւան հասնելն ու հայ բժիշկների ծառայություններից օգտվելը:
Պարզելու համար՝ իսկապե՞ս Թուրքիայի բժշկությունն այնքան թերզարգացած է, որ սեփական երկրի բյուջեն լցնելու փոխարեն, թուրքերը կգերադասեն հարստացնել հայ բժիշկներին՝ զրուցեցինք ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Նրա խոսքերով՝ «Թող դիվանագետները որոշեն՝ բացե՞լ հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ, թող քննարկեն ու կողմնորոշվեն, բայց եթե բացվի եւ կնքվեն միջպետական պայմանագրեր, հատկապես առողջապահության բնագավառում, ես կասեմ, որ հայկական մանկաբուժությունը միանշանակ եկամուտ կբերի մեր երկրին: Չմոռանանք, որ բժշկությունը եւս սահմաններ չունի, եւ իմ տեղեկություններով, հարակից նահանգերում՝ Ղարսում, Հարդվինում, Էրզրումում մանկական մահացությունը բավականին բարձր է: Նրանց խնդրանքով կանցկացվի մոնիտորինգ, ու մեր բժիշկները Շիրակի մարզի եւ Հայաստանի առողջապահության համակարգի ուժերով կգործուղվեն ու տեղում՝ հենց Ղարսի նահանգում, կկազմակերպեն բուժօգնության ծրագիր, դա բիզնես է: Մենք ինչո՞վ ենք հզոր՝ ունենք ընտանեկան բժշկություն, որը թուրքերի մոտ դեռ չկա, ունենք ակնաբուժական, դիագնոստիկ հզոր ծառայություններ, էնդոսկոպիկ վիրաբուժություն, որոնք թուրքերի մոտ դարձյալ չկան, ունենք սրտային վիրաբուժություն, որի մասին ոչ միայն թուրքերը կերազեին, այլեւ տարածաշրջանի բոլոր հարեւանները»: Ռ. Խաչատրյանի համոզմամբ, ի տարբերություն որոշ հայ արտադրողների, հայ բժիշկը բոլոր հնարավորություններն ունի թուրքական շուկան նվաճելու. «Եթե հայ գործարարները վախենում են, որ էնտեղի կոշիկը կարող են բերել էստեղ վաճառել, մերը մնա, բժիշկը վախենալու ոչինչ չունի, մենք այս բնագավառում կորուստներ չենք ունենա, ընդհակառակը՝ մեր բժիշկները կգնան, տեղում ծրագրեր կանեն, ե՛ւ թուրք ազգաբնակչության համար լավ կլինի, ե՛ւ մեր բիզնեսը կլավանա: Իսկ թուրք բժիշկները չեն կարող հայկական շուկա թափանցել, այսպիսի մտադրություն ունենալուց առաջ նրանք լավ կանեն մտածեն իրենց շրջանում բժշկական ծրագրեր իրագործելու մասին, եթե ասում եմ, ուրեմն տեղյակ եմ, որ Ղարսում հիվանդացության ցուցանիշը շատ բարձր է՝ կապված սանհիգիենիկ ռեժիմի, կանխարգելիչ ծրագրերի բացակության հետ»: Հայաստանի առողջապահական համակարգի հետ կապված՝ մեր քաղաքացիները լուրջ դժգոհություններ ունեն հատկապես որոշ բժիշկների կաշառակերության, տեղի-անտեղի գումարներ պահանջելու վերաբերյալ: Մեր հարցին՝ եթե մեր բժիշկները թուրք հիվանդներին էլ ալան-թալան անեն, բիզնեսն ինչպե՞ս կզարգանա՝ Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե Թուրքիայից գան մեզ մոտ բուժվեն, մեր բժիշկները բարձր աշխատավարձ կստանան, եւ վճարովի ծառայության հետ կապված ոչ մի քաշքշուկ այլեւս չի լինի: Բացի այդ, միջպետական պայմանագիր պիտի աշխատի եւ վերահսկողությունը խիստ կլինի: Խոսքը Հայաստանի, այսպես կոչված, պետպատվերի ծրագրի մասին չէ: Այդ ծրագիրը դեռ լիարժեք չէ, որովհետեւ հիվանդության բուժման համար պետության վճարած գումարը շուկայական գնից դեռ ցածր է, դրա համար էլ դիսբալանս է ստացվում ու ձեր ասած կոռուպցիան խորանում է»:
Այս խնդրի հետ կապված՝ ազատամարտիկ Ժորա Աթոյանը «Առավոտին» դժգոհել էր. «Եթե հայկական բժշկությունն այդքան հզոր է, ինչո՞ւ են մեր իշխանավորները սրտի վիրահատությունները, աչքի տարբեր հիվանդությունները բուժելու եւ պրոթեզավորվելու համար արտասահման գնում: Ինչո՞ւ մեր բժիշկների ծառայություններից չեն օգտվում, որովհետեւ մեր բուժծառայության մակարդակը կարող է բավարարել միայն մեր չունեւոր խավին, որն էլ չի կարող օգտվել դրանից՝ բուժծառայությունների թանկության պատճառով»: Ի պատասխան ազատամարտիկի բողոքի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի տնօրենն ասաց. «Ես չեմ ասում Հայաստանի առողջապահությունը եվրոպական առողջապահությանն արդեն հասել է, բայց Թուրքիայի առողջապահությունն էլ դեռ մեզ չի հասել, ես համեմատության մեջ եմ խոսում, մի բան հաստատ է՝ մենք Եվրոպայից հետ ենք, բայց Ղարսից՝ շատ առաջ»: