«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանում բենզինի ներկրումը ավելի քան 10%-ով էժան կլինի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել «Միկա Լիմիթիդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով՝ «Սահմանի բացումը թույլ կտա Հունաստանից եւ Իտալիայից Հայաստան բենզին ներկրել ցամաքային ուղիղ ճանապարհով: Ներկայումս մենք բենզին ներկրելիս մի շարք խնդիրներ ենք ունենում. խմբաքանակն անցկացնում ենք Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով, Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներում բեռն ընդունում են, իսկ դա հավելյալ ծախսեր է առաջացնում, բացի այդ, ժամանակի կորուստ ենք ունենում»: Գործարարը համոզված է, որ սահմանի բացումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային, որովհետեւ մեր երկրի ներկրողները ավելի արագ եւ մատչելի ճանապարհով կսկսեն ապրանքներ ձեռք բերել, իսկ Թուրքիայի համար էլ Հայաստանը կդառնա ապրանքների իրացման նոր շուկա:
«Արմինֆոյի» տեղեկացմամբ, «Միկացեմենտ» ընկերության սեփականատերը նաեւ խոսել է ցեմենտի արտադրության ծավալներից՝ փաստելով, որ ընթացիկ տարում 54%-ով ավելի քիչ ցեմենտ են արտադրել, ինչը կապված է շինարարության պասիվության եւ ճգնաժամի հետ: Ըստ Մ. Բաղդասարովի՝ «Այս պայմաններում շինարարություն անում են միայն այն ընկերությունները, որոնք ունեն կիսակառույց օբյեկտներ, դժվար թե ինչ-որ մեկը հիմա սկսի նոր շինարարություն անել»: Եթե հայ-թուրքական սահմանն էլ բացվի, գործարարը համոզված չէ, որ դրանից հետո ցեմենտի բիզնեսը կբարելավվի, որովհետեւ Թուրքիան ինքն էլ ցեմենտ արտահանող է: