Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ Է ՏԱԼԻՍ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ինչի դիմաց հնարավորություն է ունենում հողատարածքներ տնօրինելու

\"\"ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմնակի եկամուտներն այնքան են ավելացել, որ նրանք արդեն սկսել են այս կամ այն նպատակներով գումարային փոխառություններ տրամադրել: Միանգամից նշենք, որ խոսքը ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի մասին է: Իր շրջապատում համեստ հագուկապով ու «չոր» աշխատավարձով ապրող պաշտոնյայի համբավ ձեռք բերած այս փոխնախարարը, մեզ հասած տեղեկություններով, իրականում մեծ կարողությունների տեր է: Չնայած պետական այս պաշտոնյայի աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ, սակայն Գ. Մալխասյանը 2006 թվականին «Արիների ձոր» փակ բաժնետիրական ընկերությանը, որի բաժնետեր է հանդիսանում նաեւ ինքը, 22 միլիոն 500 հազար դրամ փոխառություն է տրամադրել՝ շինարարություն իրականացնելու նպատակով: Գումարի դիմաց, որպես գրավ, արդարադատության փոխնախարարը վերցրել է ընկերությանը պատկանող Հրազդան գետի ափին տեղակայված «Փոքր Մհեր» կրթահամալիրին հարող 4.4 հա հողատարածքը: Ու չնայած այն բանին, որ գրավոր պայմանավորվածության համաձայն՝ գումարի վերադարձման ժամկետը լրանում է 2011 թվականին, փոխնախարարը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պատճառաբանելով, որ շինարարությունն իր սրտով չէ, ընկերության մյուս բաժնետերերից պահանջում է վերադարձնել փոխառությունը գումարի արժեզրկման տոկոսներով՝ հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի բռնագանձել գրավի առարկան: Ուշագրավ է, որ արդարադատության փոխնախարարն այդ փոխառությունը ձեւակերպել է հենց իր անունով՝ որպես անհատ, այդ մասին տեղեկանում ենք «Առավոտի» խմբագրությունում առկա փաստաթղթերից: Թե պետական պաշտոնյային որտեղի՞ց այդքան գումար, թերեւս համապատասխան մարմինների պարզելու գործն է: Նշենք նաեւ, որ վերջերս էլ «Փոքր Մհեր» ռազմահայրենասիրական կրթահամալիրի շուրջ ստեղծված պատմությունները փոխնախարարի անվան հետ կապվեցին: Կրթահամալիրի ստեղծման ակունքներում կանգնած «Հայ Արիներ» Հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորում (ՀԱՍԿՍՄ) հ/կ-ի ատենապետ Լեւոն Մխիթարյանի ներկայացմամբ, որը նաեւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն է, ամեն բան սկսվել է նրանից, երբ 2001-ին կրթահամալիրի համար պետպատվեր ստանալու նպատակով անհրաժեշտ է եղել, որպեսզի ստեղծվի հիմնադրամ: Նրանց է դիմել Գ. Մալխասյանը՝ ցանկություն հայտնելով օգտակար լինել, քանի որ, իր ձեւակերպմամբ՝ կրթահամալիրի հիմնադրի գաղափարները, մտքերն իրեն էլ են հետաքրքրել: Այդպիսով պարոն Մալխասյանը դարձել է հիմնադրամի խորհրդի նախագահ: 3 տարի անց՝ 2004-ին, ՀՀ կառավարության թիվ 1602-Ն որոշմամբ կրթահամալիրը դառնում է պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), եւ անկախ այն հանգամանքից, որ այդ ՊՈԱԿ-ը հիմնադրամի իրավահաջորդը չէր, այսինքն՝ ստեղծվել էր մի նոր կառույց, այս անգամ էլ պարոն Մալխասյանը ընտրվում է ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Լ. Մխիթարյանի խոսքերով, Գ. Մալխասյանը իր յուրահատուկ դերակատարումն է ունեցել կառավարության վերոնշյալ որոշումը պատրաստելու գործում: Մասնավորապես, նա առանց «Հայ Արիներ» ՀԱՍԿՍՄ-ի համաձայնությունը ստանալու, որոշման մեջ մի կետ է մտցրել, ըստ որի՝ միությունը պետք է զրկվեր իրեն պատկանող 1 հեկտար հողատարածքից եւ սեփական միջոցներով կառուցված «Փոքր Մհեր»-ի կողմից ժամանակավորապես օգտագործվող ուսումնական շենքից: Մինչդեռ մեզ հետ զրույցում Լ. Մխիթարյանը հաստատեց, որ իրենք երբեւէ նման համաձայնություն չեն տվել. «Դա աբսուրդ է: Կառավարությունը առանց մեր համաձայնության չի կարող հետ վերցնել որեւէ սեփականությամբ մեզ պատկանող գույք եւ դրա դիմաց փոխհատուցում չտալ: Մենք համոզված ենք, որ մեր կազմակերպության վարչության կամ խորհրդի կողմից համաձայնություն գրավոր կերպով երբեք տրված չի եղել, եւ ստացվում է, որ կառավարության որոշումն իրավական հիմքերից զուրկ է՝ օդում է»:

Նկատենք, որ թե՛ վերոնշյալ եւ թե՛ կառավարության մեկ այլ՝ 2008-ի թիվ 680-Ն որոշումներով, ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ-փոխնախարար Գ. Մալխասյանին լայնածավալ լիազորություններ են տրվել՝ փոխարենը կրճատվել են կրթահամալիրի տնօրենի լիազորությունները: Լ. Մխիթարյանի խոսքերով, հարաբերությունների հետագա սրումը բերեց նրան, որ Հայկազունների ազգային միությունը եւ «Փոքր Մհեր» ՊՈԱԿ-ը դադարեցրին համագործակցությունը, ինչից հետո, կրթահամալիրի նախկին տնօրենի խոսքերով, Գ. Մալխասյանն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ամեն բան արել է, որպեսզի Լ. Մխիթարյանին եւ «Հայ Արիներ» ՀԱՍԿՍՄ հ/կ-ին խաղից դուրս թողնի. «Նա բազմաթիվ դիմում-բողոքներ է գրել եւ գրում է տարբեր գերատեսչություններ՝ մեր դեմ մտացածին մեղադրանքներ ներկայացնելով՝ այդ դիմումները գրվում են նախարարության պաշտոնական բլանկի վրա, եւ ինքը՝ Մալխասյանը, ստորագրելով որպես «Փոքր Մհերի» խորհրդի նախագահ, դրանք առանց նախարարության ընդհանուր բաժնում գրանցելու ուղարկել է դատախազություն եւ այլ մարմիններ: Բացի այդ, 2008-ին մեր վրա ճնշում գործադրելու արդյունքում Հայկազունների ազգային միության եւ «Փոքր Մհեր»-ի միջեւ ստորագրվեց մի պայմանագիր, ըստ որի՝ մեզ պատկանող որոշակի գույք պետք է անցներ կրթահամալիրին: Բայց քանի որ «Փոքր Մհերը» ՊՈԱԿ է եւ իրավունք չուներ հ/կ-ից գույք ստանալու, դա եւս մեկ անգամ ապացուցում էր, որ 2004-ին Մալխասյանի կողմից նախաձեռնված գույքի փոխանցման մասին կառավարության որոշումը կազմված էր օրենքի խախտումով, ուստի 2008-ին արդեն վերախմբագրված որոշումում նշված էր, որ մենք նվիրատվություն ենք անում, այս դեպքում նվիրատվությունը պետք է ստանար կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը: Առաջին իսկ օրից, երբ վարչությունը դիմեց մեզ, մենք սկսեցինք գույքի հանձնումը»:

Լ. Մխիթարյանը համոզված է, որ Գ. Մալխասյանին առանձնապես չեն հետաքրքրում երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը, եւ որ իրականում փոխնախարարը մեծ հավակնություններ ունի կրթահամալիրի եւ Հայկազունների կազմակերպությանը պատկանող հողատարածքների նկատմամբ, որոնք, ի դեպ, գտնվում են մի շատ գայթակղիչ վայրում՝ Հրազդանի կիրճում (տե՛ս լուսանկարը):

«Գեւորգ Մալխասյանը հետաքրքրություն է ցուցաբերել այդ հողատարածքների նկատմամբ, դեռ մի քանի տարի առաջ էլ մի այլ պատրվակով՝ միության եւ ՊՈԱԿ-ի գործերից «հեռու մնալու» ու չխառնվելու, նա մեզանից կորզեց հողատարածքներ 99 տարի վարձակալությամբ: Այդ հողերի հետ կապված պայմանագրերում նշված է, որ իբր նա մեզ մատուցել է ծառայություններ: Իհարկե, պարզ է, որ պետական պաշտոնյա հանդիսացող Մալխասյանը չէր կարող մեզ որեւէ ծառայություն մատուցել: Նման ձեւակերպումները նա անձամբ էր մտցրել իր կողմից կազմված պայմանագրերի մեջ»,- ասաց Լ. Մխիթարյանը:

Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար «Առավոտը» դիմեց Գ. Մալխասյանին: Մենք փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե 22 միլիոն 500 հազար դրամ գումարը նա ի՞նչ միջոցներից է հատկացրել եւ արդյոք որպես պետական պաշտոնյա նա այդ գումարները հայտարարագրե՞լ է:

«Դա անտոկոս փոխառություն է: Ես, որպես պետական պաշտոնյա, իրավունք ունեմ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, փոխառություն տալու ինչ-որ մի կազմակերպության: Բացի այդ, որեւէ իրավական ակտ այսօր ինձ չի արգելում, որպեսզի ես լինեմ որեւէ ընկերության բաժնետեր: Ես քաղծառայող չեմ, հայեցողական ծառայող եմ, ոչ պատգամավոր եմ, ոչ էլ նախարար:

Այդ գումարը ես ստացել եմ «Իրտեկ» իրավական տեղեկատվական համակարգի համահեղինակ լինելու համար՝ որպես հոնորար: Տվել եմ այդ ընկերությանը փոխառություն, որպեսզի զարգանա: Սակայն այդ գումարը չի մուտքագրվել «Արիների ձոր» ընկերության հաշվեկշռին: Պարոն Մխիթարյանն այդ փողը դրել է գրպանը եւ չգիտես ինչ նպատակներով՝ ծախսել է: Երբ նրան հարցնում ենք՝ այդ փողն ի՞նչ է արել, ասում է՝ այս եմ արել, այն եմ արել, բայց ծախսերի հետ կապված փաստաթուղթ ցույց չի տալիս: Օրենքը եւ պայմանագիրը նախատեսում են, որ ինքը ինձ հաշվետվություն պետք է տա ծախսերի վերաբերյալ, որպեսզի տեսնեմ՝ ինքը այդ գումարները նպատակայի՞ն է ծախսում, թե՞ ոչ: Ես դիմել եմ դատարան. եթե դատարանը ապացուցի, որ ինքը գրպանել է այդ գումարը եւ չի օգտագործել ընկերության նպատակների համար, պատասխանատվություն կկրի»:

Ինչ վերաբերում է կառավարության 2004թ.-ի այն որոշմանը, որ կազմակերպության հողատարածքը կրթահամալիրին է հանձնվել առանց ՀԱՍԿՍՄ-ի վարչության համաձայնության, ապա փոխնախարարն ասաց. «Քանի որ օրենքը արգելում էր հիմնադրամներին պետբյուջեից ֆինանսավորել, պետք է ստեղծվեր ՊՈԱԿ: Ես Մխիթարյան Լեւոնին ասացի՝ համաձա՞յն է, որ 1 հեկտար հող տանք պետությանը, որպեսզի պետությունը գումարներ տրամադրի ՊՈԱԿ-ին: Եվ եթե նա այդ ժամանակ դժգոհություն ուներ, թող դիմեր դատարան, բայց չի դիմել: Նա իր համաձայնությունը տվել է, առանց դրա կառավարությունը չէր անի»:

Գ. Մալխասյանի ներկայացմամբ, համոզված լինելով, որ Լ. Մխիթարյանը չարաշահումներ է անում, ինքը ստուգող մարմինների է ուղարկել կրթահամալիր, ինչի արդյունքում պարզվել է, որ՝ «200 միլիոն դրամ պետական սեփականության գույք է հափշտակվել: Բացի սրանից, ինքը նաեւ ուներ 3 միլիոնի կանխիկ հափշտակում. կա դատախազի որոշումը: Իր կնոջից սկսած՝ գրանցված են եղել, բայց չեն աշխատել, նրանք եկան, ցուցմունք տվեցին, որ իրենք չեն աշխատել, բայց աշխատավարձը Լ. Մխիթարյանը դրել է իր գրպանը: Գումարը ինքը վերականգնեց կրթահամալիրի բյուջե, կրթահամալիրը այդ գումարը տվեց որպես աշխատավարձ եւ աշխատողներին պարգեւատրում»: Նշենք, որ 200 միլիոն դրամի հափշտակման մասին պարոն Մալխասյանը որեւէ կոնկրետ փաստաթուղթ ցույց չտվեց:

Ինչ վերաբերում է 99 տարով վարձակալած հողատարածքներին, պարոն Մալխասյանն ասաց. «Ես այդ վարձակալության իրավունքը ունեմ: Դա նույնպես հայտարարագրված է: Ես ոչ մեկից չեմ թաքցնում: Այն ինձ հատկացվել է ներդրում ունենալու համար: Օգնել եմ իրենց, որ գրանցվեն, վերագրանցվեն, օգնել եմ, որ իրենց խնդիրները լուծեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել