Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՁԱՄԲ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ»

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"Սերժ Սարգսյանը երեկ հանդիպեց 52 քաղաքական ուժի լիդերների հետ եւ քննարկեց հայ-թուրքական հարցերը

Շուրջ հինգ ժամ հանրապետությունում գրանցված 52 կուսակցությունների լիդերներ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասնակցությամբ քննարկում էին հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը: Հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար, իսկ հանդիպումից հետո նախագահը հեռացավ առանց լրագրողներին մոտենալու: Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանն ասել էր. «Այս օրերին ինձ բազմաթիվ մարդիկ հարցեր են տալիս, եւ հարցը հետեւյալ կերպ է հնչում` ո՞րն է ձեր նվազագույն կամ առավելագույն ծրագիրը: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նվազագույն ծրագիր եւ ոչ էլ առավելագույն ծրագիր: Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական: Ո՞ւր ենք գնում մենք. անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու: Եթե որեւէ խնդրի լուծման համար մենք որեւէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացույց անել: Եկեք միասին հասկանանք այս խնդիրները»:

ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերից որեւէ կուսակցություն չէր ընդունել հրավերը, ներկա չէր նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը: Արմեն Մարտիրոսյանը «Ա1+»-ին ասել էր, թե մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության քննարկումը (նույն ժամին խորհրդարանում քննարկվում էր այդ հարցը) շատ ավելի կարեւոր է: Հանդիպմանը մասնակցածների տրամադրությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ չբավարարված-դժգոհներ (ՀՅԴ), երկու ձեռքով կողմեր (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան եւ հայտնի ու անհայտ կուսակցությունների մի երկար ցուցակ) եւ կիսադժգոհներ (ՆԺԿ, ԺԿ եւ էլի մի քանիսը):

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը բացատրեց, թե ինչու էր գնացել այդ հանդիպմանը. «Մենք եկել էինք այստեղ ոչ թե քաղաքական «շահատակությունների» միջոցով անբարո դիվիդենդներ, նշխարքներ կորզելու, այլ հայկական դիվանագիտությանը ապավինելու եւ զորավիգ կանգնելու համար՝ մեր թարմ քաղաքական-դիվանագիտական մտքով: Այնպես որ, մեր իշխանության ղեկավարները ուշադիր լսեցին մեզ, եւ, կարծում եմ, արձագանքները կլինեն դրական»: Տիգրան Կարապետյանը կիսախռոված դեմքով հայտնեց հետեւյալը. «Հանրապետության նախագահը համարեց իմ դիրքորոշումը տարօրինակ»: Իսկ դիրքորոշումը հետեւյալն է. «Ես ասացի, որ մենք այսօր գտնվում ենք այն փուլում, երբ Հայաստանում կատարվում է ռեգիոնալ գլոբալիզացիա, որը գլխավորելու է Թուրքիան՝ որպես տարածաշրջանի լիդեր»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ընդհանրական կարծիքն այսպես ձեւակերպեց. «Ռուսերեն լավ է ստացվում՝ վսեօբշի ադաբրյամս նե պոլուչիլոս»: Ըստ պարոն Կարապետյանի՝ «Սերժ Սարգսյանի սկզբի խոսակցությունը եւ վերջին խոսակցությունը լուրջ տարբերություններ էին իր մեջ ներառում: Սկզբից ինքը ավելի խրոխտ էր, որ ամեն ինչ որոշված է, պիտի անենք: Վերջում ասաց, որ շատ-շատ մեծ դժվարություններ կան, մենք պիտի հաղթահարենք»: Արձանագրությունների հետագա հնարավոր փոփոխությունը, ինչպես հասկացել է Արամ Կարապետյանը, դժվար գործընթաց է: Նրա կարծիքով, շատ ավելի ծանրակշիռ էին այն «մարդկանց փաստարկները, ովքեր մտահոգություններ ունեն՝ կապված ցեղասպանության հարցի հետ, Արցախի հարցի հետ»: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ «Սա նոր քաղաքականության մի սկիզբ է: Բոլոր մտահոգությունները շատ ավելի լայն են, մեծ մասը միմյանց ըմբռնումով են վերաբերվում, բոլորը ընկալում են, որ այդ մտահոգությունները միշտ չէ, որ անհիմն են, բայց, այդուհանդերձ, կա մի խնդիր՝ քաղաքական այս բարդույթը պետք է կարգավորվի: Այստեղ կարծեք թե որեւէ տարակարծություն մենք չունենք: Ուղղակի ինչ ճանապարհով, ինչ քայլերով՝ ժամանակը ցույց կտա, ընդամենը սկիզբն է այս ամենի»:

ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գոհ չէր եւ հայտարարեց. «Ինչո՞ւ այդ արձանագրություններում թվարկվում են միջազգային նորմի միայն այն սկզբունքները, որոնք Թուրքիային են ձեռնտու, իսկ, օրինակ, ինքնորոշման իրավունքն այդտեղ գոյություն չունի»: Արմեն Ռուստամյանի համար հանդիպումից հետո պարզ է դարձել հետեւյալը. «Հիմնական փոփոխությունների փուլը նախատեսվում է վավերացման փուլում, սա նշանակում է, որ եթե կան տեսակետներ, որոնք կարեւոր եւ լուրջ են, դա նկատի պետք է առնվի, բանակցող կողմը իր հայեցողությամբ կորոշի՝ կամ դրանք բավարար են, կամ ոչ: Սա մեզ համար անընդունելի է: Ես հասկացա, որ հարցը դրված է այսպես՝ կամ ստորագրում եք այն, ինչ որ կա, կամ՝ չեք ստորագրում: Սա մեզ համար ուղղակի անընդունելի է: Ես կարծում եմ, որ քննարկման արդյունքում որոշակի փոփոխություններ՝ մտահոգությունների իմաստով, արձանագրվեցին նախագահի մոտ, հուսով եմ, որովհետեւ, մեզնից բացի, փառք Աստծո, էլի կային ուժեր, որոնք այս մտահոգություններն ունեին եւ այս կամ այն կերպ արտահայտում էին»:

ԱԺՄ եւ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին «Առավոտը» հարցրեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս ընթացքը որքանո՞վ է համընկնում այն ժամանակներին, երբ կար «Ղարաբաղ» կոմիտեն, եւ ինքը կիսո՞ւմ է այն կարծիքը, որ այն, ինչ չկարողացավ անել Լեւոն Տեր-Պետրոսյանը, անում է Սերժ Սարգսյանը: Ի պատասխան՝ պարոն Մանուկյանն ասաց. «Ղարաբաղ» կոմիտեում ես եմ քննարկման մտցրել այն թեզը, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է փոխել եւ նոր քաղաքականություն վարել: «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դժվարությամբ էին դա ընդունում, այդ թվում նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ասում էր՝ Վազգեն, 300 տարվա քաղաքականությունը ո՞նց ես առաջարկում փոխել: Բայց ինձ մոտ այդ համոզվածությունը գալիս էր հենց առաջին հանրապետության ղեկավարների վերլուծություններից, որոնցում ներկայացնում էին, թե ինչ պետք է անել: Ես կարծում եմ, դա ճիշտ քաղաքականություն է»: Վազգեն Մանուկյանին խնդրեցինք ազնվորեն խոստովանել՝ իրո՞ք իրեն բավարարում են այս արձանագրությունները: Անկեղծ էլ պատասխանեց. «Ես կարող եմ բազմաթիվ թերություններ նշել, բայց ինձ համար դա չէ կարեւորը: Ինձ համար կարեւորն այն է, որ նոր քաղաքականություն է սկսվում Թուրքիայի հետ, նոր քաղաքականություն է սկսվում տարածաշրջանում, առանց որի Հայաստանը խեղդվելու էր այս վիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել