Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսը հայտարարում է

Սեպտեմբեր 18,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցին: Այդ առնչությամբ Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե՝ հիշյալ հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվել էր ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը, որից էլ ակնհայտ էր, որ այն նախատեսված է կատարելու «Մարտի 1»-ի իրողությունները կոծկելու, պարտակելու հանցավոր հրահանգ։ Իսկ հանձնաժողովի վերջնական զեկույցի վերաբերյալ ՀԱԿ-ի գնահատականն այս է.

«ա) Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները։

բ) Միտումնավոր տապալելով իր առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն ԱԺ հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն։

գ) Զեկույցը իրականում կազմվել է նախագահական ապարատի, Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության խոհանոցում եւ մատուցվել ԱԺ հանձնաժողովին, իսկ վերջինս այն ընդունել է իր գործունեության կանոնակարգի կոպիտ խախտումներով։

դ) Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը։

ե) Զեկույցն ըստ էության նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայն ու միայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով։ Միայն այդ դեպքում է բացատրելի դառնում ԱԺ հանձնաժողովին փաստերը կոծկելու նրա տված հրահանգը, ինչպես նաեւ իրականության բացահայտման դեմ հարուցած խոչընդոտներն ու փաստացի արգելանքը։

զ) Մարտի 1-ի սպանդի եւ այլ իրադարձությունների բացահայտման խնդիրը, որպես հասարակությունը բարոյապես քայքայող գործոն, նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, եւ Հայ ազգային կոնգրեսը հետեւողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու ու հանրությանը ներկայացնելու իր գործը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել